21.06.2012 01:47 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Լեգենդարները

Սըր Փոլ Մաքարթնին դարձավ 70 տարեկան. շնորհավո՛ր

Սըր Փոլ Մաքարթնին դարձավ 70 տարեկան. շնորհավո՛ր

Նրա երաժշտությունը սիրում ու լսում են ավելի քան կես դար, սակայն նրա ստեղծագործական գործունեությունը երեւի թե այսպիսի հիացմունք երբեք չէր առաջացրել, ինչպես երեկ, երբ լեգենդար ռոք-երաժիշտը դարձավ 70 տարեկան։

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կառավարման ադամանդե հոբելյանի առթիվ, որը մեծ հանդիսությամբ տոնվեց այս ամսվա սկզբին, Մաքարթնիի կարիերայի ընթացքում, գուցե, ամենահաջող ելույթը չէր, բայցեւայնպես, այն եւս մեկ անգամ վկայեց երաժշտի յուրօրինակ տաղանդի ու ազգային մշակույթի ոլորտում բարձր կարգավիճակին արժանի լինելու մասին։ Ըստ երեւույթին, նույնը կասեն նաեւ հաջորդ ամիս Օլիմպիական խաղերի բացման արարողության մասին, որտեղ Փոլ Մաքարթնին գլխավոր դերակատարումն է ունենալու` բոլորին հայտնի պատճառներով, գրում է Guardian-ը։

Այդ պատճառը նրա երգերն են։ Նա տասնյակ, նույնիսկ հարյուրավոր երգեր է գրել` ինչպես անկախ, այնպես էլ մյուս` ոչ պակաս լեգենդար բիթլ Ջոն Լենոնի հետ համատեղ։ Իհարկե, անհաջող երգեր նույնպես եղել են, սակայն ընդհանուր առմամբ,  դատելով Մաքարթնիի ստեղծագործական գործունեությունից, նա ամենաականավոր ռոք-երաժիշտներից մեկն է։ Ինչի՞ց սկսենք, նրա` 1962-ին գրած «PS, I Love You» երգից, թե՞ հիշենք «All My Loving», «Can’t Buy Me Love», «I’ve Just Seen a Face» եւ տասնյակ այլ երգեր...

Բոլորն էլ շատ հայտնի են, այնպես որ, եթե յուրաքանչյուրս Մաքարթնիի երգերի սեփական ցանկը կազմենք, այն չափազանց երկար կլինի։ Երաժշտի տաղանդը զորանում էր օրեցօր` սվինգ երաժշտական ոճին զուգահեռ, որը մեծ ժողովրդականություն էր վայելում 1960-ականներին։ Նրա բեմական պատկերը անընդհատ փոխվում էր. նա կարող էր դուրս գալ կոստյում հագած եւ գզգզված մազերով երիտասարդի կերպարանքով եւ հանկարծ` վերածվել հիփիի։

Իր երգերով Մաքարթնին էապես մեծացրեց ռոք-ն-ռոլի սահմանները` ստեղծելով բազմաթիվ վառ ու մոնումենտալ ստեղծագործություններ, ինչպիսին է, օրինակ, «Sgt Pepper»-ը։

Եղել են ժամանակներ, երբ նա թմրամիջոց է օգտագործել կամ չի հեռացրել դեմքի մազածածկույթը, բայց նրա ստեղծագործական գործունեության մեջ, միեւնույնն է, զգացվում էր ավանդույթի նկատմամբ խորին հարգանքը։ Նրա երգերը միշտ առանձնացել են երաժշտության եւ խոսքերի ներդաշնակությամբ. այդ հարցում նա եզակի վարպետ էր. բավական է հիշել նրա «Penny Lane» ու «Blackbird» երգերը։ Ժամանակին Times  պարբերականի երաժշտական քննադատ Ուիլյամ Մանը Մաքարթնիին լավագույն երգահան-կոմպոզիտոր էր անվանել` Շուբերտի ժամանակներից ի վեր։ Եվ այս համարձակ պնդումն այսօր այդքան էլ անհավանական չի թվում. այսօր քչերը կարող են պարծենալ սկավառակների այնպիսի քանակությամբ, որն ունի Մաքարթնին։ Սակայն կարեւոր է ոչ միայն սկավառակների քանակը, այլ նաեւ այն ստեղծագործական հարստությունը, որը նա ժառանգել է հաջորդ սերունդներին։

Լեգենդար ռոք կոմպոզիտորը այնպիսի ժամակահատվածներ է ապրել, երբ նրա գործերը ոչ նորաձեւ էին համարվում, քանի որ նա միշտ համարվել է հյուսիսից աշխատավոր ընտանիքից սերված երիտասարդ, մինչդեռ երկրում թելադրող էին համարվում լոնդոնցի տղաները։ Կար ժամանակ, երբ մեծ ժողովրդականություն էին վայելում Rolling Stones խմբի երգերը, ինչպես նաեւ պանկ-ռոք եւ հիփ-հոփ երաժշտական ոճերը։ Այդուհանդերձ, Մաքարթնիի երգերը ավելի շատ են հիշվում։

Անշուշտ, կասեն, որ Լենոնը ավելի ծայրահեղական հայացքներ ուներ` կապված քաղաքականության հետ. նա իր բնույթով պայքարող տեսակ էր, բացի այդ` նա սպանվեց իր ծաղկուն տարիքում։ Դա այդպես է։ Բայցեւայնպես, Լենոնն ու Մաքարթնին երկուսով են գլխավորել այն ժամանակ տեղի ունեցող հեղափոխությունը, գրում է թերթը։ Մաքարթնին ապրել է Մեծ Բրիտանիայում, փրկել տեղական հասարակական հիվանդանոցը, իսկ նրա երեխաները հաճախել են պետական դպրոցներ։ Նա իրավունք ուներ ասելու. «ես շատ փող եմ աշխատում, այդ պատճառով ավելի շատ հարկեր եմ վճարում, քան ուրիշները», սակայն Google-ը, ցավոք, այդ մասին տեղեկություն չի տրամադրում։

Հոբելյանական համերգի ժամանակ նրա ելույթին հետեւելիս կարելի է վստահաբար պնդել, որ Մաքարթնին ազգային տրամաչափ ունեցող ֆիգուր է։ Եթե թագուհին մարմնավորում է Բրիտանիան, ապա Մաքարթնին մեկ այլ Բրիտանիա է արտացոլում` հանդես գալով էգալիտարիզմի կողմնակիցների եւ 60-ականների սոցիալ-դեմոկրատ լավատեսների դիրքերից։ Նրա բոլոր երգերը` սկսած «Love Me Do»-ից եւ վերջացրած «The End»-ով, նվիրված են սիրո եւ փիլիսոփայության թեմային, ինչը, ըստ էության, շատ բաներով առավել է այն ամենից, ինչ ավելի ուշ է ստեղծվել` եւ ոչ միայն երաժշտության բնագավառում։

«Ի՞նչը կարող է մարդուն ստիպել հպարտանալ բրիտանական քաղաքացիությամբ»,-հարցադրում է կատարում պարբերականը։ Օրինակ այն, որ Փոլ Մաքարթնին բրիտանացի է։ Այսօր նա առաջիններից է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30