09.02.2018 06:37 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ընդդեմ սեփական բլթոցների

Դավայ ըլեք ստուց, նիստ ենք անում

Քաղաքական շրջանակներին խիստ վրդովվեցրել է այն փաստը, որ ապրիլից հետո կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով։ Մինչդեռ Սերժ Սարգսյանին հասկանալ կարելի է. նրա ինքնապաշտպանական բնազդը միշտ էլ լավ է աշխատել։

Հիշո՞ւմ եք խորհրդային տարիների ամենահայտնի անեկդոտներից մեկը (Սերժ Սարգսյանը հաստատ կհիշի). ինչ-որ մեկը Բրեժնեւին անվանում է «ցնդած ծերուկ», ու նրան դատում են, բայց՝ ոչ թե առաջնորդին վիրավորելու, այլ պետական գաղտնիք հրապարակելու համար։ Ըստ երեւույթին ՀՀԿ առաջնորդը երկար է մտածել Հայաստանում իշխանությունների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքի պատճառների մասին եւ ի վերջո հանգել է միանգամայն տրամաբանական եզրակացության՝ հիմնական պատճառն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը հրապարակային է։ Վերցնենք թեկուզ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները։ Սկզբում հասարակությունը նրա նկատմամբ լավ էր տրամադրված, բայց շատ արագ «թափանցիկ գործելաոճը» ամեն ինչ փչացրեց։ Ժամանակ առ ժամանակ ստիպված էր խոսել տեսախցիկների առջեւ, եւ խնդրեմ՝ «մասանդրա», «կլիզմա», «վիզկապ», «մեջքից ներքեւ փափուկ տեղեր», «ես գիրք կարդացող չեմ»... Կարող էր, չէ՞, ընդհանրապես չխոսել։ Կարող էր ոչ թե տեսախցիկների առջեւ տուռնիկից կախվել, այլ փակ մարզադահլիճում, կարող էր ոչ թե սրճարանում ջազ լսել ու այցելուներին «անզգույշ քաշքշել», այլ փակ դռների հետեւում, եւ հնարավոր է՝ հասարակության վերաբերմունքը բոլորովին այլ լիներ։ Սերժ Սարգսյանն ինքն էլ է կրկնել այդ սխալները։ Լրատվամիջոցները չլինեին՝ հասարակությունը չէր իմանա նրա «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞» կամ «հո կրակը չե՞մ ընկել, որ ձեր նախագահն եմ» արտահայտությունների մասին, ծիծաղից չէր գալարվի՝ լսելով, թե ինչպես է նա կոչ անում կոռումպացվածներին «գլխից բռնել» կամ խոսում հարազատ եղբոր «բիզնես-ջիղի» մասին, եւ այլն։

Բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության թափանցիկությունն իսկապես բացասաբար է անդրադառնում այդ պաշտոնյաների իմիջի վրա։ Բրեժնեւն, օրինակ, թանկարժեք մեքենաների հսկայական հավաքածու ուներ, նրա դուստրը՝ ադամանդների շքեղ հավաքածու, Քադդաֆին հարյուրավոր սիրուհիներ ուներ, Հյուսիսային Կորեայի առաջնորդներն ապրում էին արեւմտյան միլիարդատերերի կյանքով, բայց այդ ամենը՝ փակ դռների հետեւում։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խնդրեմ. մի 30 տարի առաջ ինչ-որ տիկնոջ «մեջքից ներքեւ փափուկ տեղին» սովորականից երկար է նայել, ու տեսեք, թե լրատվամիջոցներն ինչ օրն են գցում։ Այսինքն՝ անընդհատ լրատվամիջոցների ուշադրության թիրախում գտնվելը շատ վտանգավոր է։ Բայց մյուս կողմից էլ՝ թվային տեխնոլոգիաների դար է, լրատվամիջոցների գործունեությունն արգելելն անիմաստ է։ Մնում է միայն մի ճանապարհ՝ ոչ թե լրատվամիջոցներին արգելել լուսաբանել պաշտոնյաների գործունեությունը, այլ պաշտոնյաներին արգելել «լուսաբանվել»։

Իրականում Սերժ Սարգսյանը երկու ճանապարհ ուներ։ Ընտրել այնպիսի կառավարություն, որի անդամները հասարակությունից թաքցնելու բան չէին ունենա եւ տեսախցիկների առջեւ որեւէ բան չէին «բլթացնի» (իսկ անհրաժեշտության դեպքում, եթե քննարկվում են պետական գաղտնիք պարունակող հարցեր, նիստերն անցկացնել դռնփակ ռեժիմով), կամ ընտրել այնպիսի կառավարություն, որի անդամների հետ ցանկացած հարց քննարկվում է «սխոդկայի» ռեժիմով, եւ ըստ այդմ էլ՝ ի սկզբանե սահմանել, որ բոլոր նիստերը լինելու են դռնփակ։ Սերժ Սարգսյանն ընտրեց երկրորդ ճանապարհը, եւ դա հասկանալի է։ Ո՞վ է տեսել, որ «սխոդկաները» դռնբաց լինեն։  Առավել եւս՝ «ֆրայերների» ու «լոխերի» համար։ Հետո՞ ինչ, որ կառավարությունը հարկատուների գրպանից է աշխատավարձ ստանում։ «Սխոդկաների» մասնակիցներն էլ «ֆրայերների» ու «լոխերի» հաշվին են ապրում։

Իսկ այնպիսի ականջահաճո արտահայտությունները, ինչպիսիք են «միջազգային փորձը», «անկաշկանդ գործունեությունը», «հասարակության առջեւ հաշվետու լինելու այլ մեխանիզմների կիրառումը» եւ այլն, պետք է պարզապես մի կողմ դնել։ Սերժ Սարգսյանը պարզապես գտնում է, որ այս ժողովրդին հրապարակայնություն «չի հասնում», եւ վերջ։ Մեծերն ինչպե՞ս են երեխաներին «ցրում»՝ հարյուր դրամ տալով եւ ուղարկելով պաղպաղակ ուտելու։ Տասը հազարական դրամները բաժանված են, ժողովուրդը թող հինգ տարի «պաղպաղակ ուտի»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30