01.06.2012 01:14 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Երբ քյարթը գնալու տեղ չունի

Ազգային արժեքների եռանկյունին

Ազգային արժեքների եռանկյունին

Հայաստանում այսօր բավականին լայն տարածում է գտել այն տեսակետը, որ քաղաքական կյանքն ըստ էության մեռած է, քաղաքական կուսակցությունները սպառված են, եւ միակ հույսն այն է, որ տարբեր հասարակական շարժումներն ու նախաձեռնություններն ի վերջո կկարողանան իրենց միջից նոր ուժ ծնել եւ երկիրը դուրս բերել այս վիճակից։

Սրանում, իհարկե, ճշմարտության հատիկ կա, ու երեւի հենց դա է պատճառը, որ իշխանությունները սկսել են շատ ավելի լրջորեն պայքարել հասարակական նախաձեռնությունների դեմ։ Ընդ որում` Սերժ Սարգսյանի մտահոգությունն այն չէ, թե մի օր էլ հանկարծ «Փրկենք Թեղուտը» կազմակերպությունը կվերցնի իշխանությունը, «Բանակն իրականումն» էլ կառավարություն կձեւավորի։ Ամենեւին։ Պարզապես այդ նախաձեռնությունները ժամանակ առ ժամանակ կարողանում են որեւէ կոնկրետ, թեկուզ` շատ փոքր հարց լուծել, իսկ իշխանությունները չեն կարող թույլ տալ, որ իրենցից բացի ուրիշներն էլ հարցեր լուծեն։

 Իսկ ինչպե՞ս են իշխանությունները պայքարում այս նոր ալիքի դեմ։ Բավականին հմտորեն։ Ընդամենը երկու լավ կազմակերպված գործողության արդյունքում ստացվեց, որ բոլոր այդ հասարակական նախաձեռնությունները «իրականում սեռական փոքրամասնությունների պաշտպաններ են»։ Կոպիտ ասած` ի հակակշիռ այդ շարժումների ակտիվացվեց երիտասարդության այն հատվածը, որի համար մեծագույն արժեքներ են քյաբաբը, ջիպը եւ Արարատ լեռան պատկերով թզբեհը, որի համար անգլերեն վարժ խոսող ցանկացած երիտասարդ պոտենցիալ «գալուբոյ» է, որի պատկերացմամբ` հայ կնոջ հիմնական զբաղմունքը պիտի լինի բուրդ «չփխելը» եւ այլն։ Իսկ հասարակական նախաձեռնությունների դեմ պայքարի երկրորդ «ֆրոնտում» հայտնվեցին արդեն տարեցները` նրանք, ում հետաքրքրում է բացառապես այսօրվա վիճակը, իսկ ապագայի վրա թքած ունեն։ Այդպես Մալաթիայում երիտասարդների վրա գոռգոռում էին, թե «փախեք ստուց, Սամվել Ալեքսանյանը մեզ լավ էլ նայում ա», «ռադ էղեք ստուց, նոր սուպերմարկետը մեզ համար նոր աշխատատեղեր կստեղծի», «լավ են անում, որ Թեղուտի անտառը կտրում են, զատո` գործ-մործ կունենանք» եւ այլն։

Փաստորեն` պրոբլեմը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ըստ էության` հասարակությունը երկու մասի է բաժանվել։ Մի կողմում նրանք են, ովքեր ցանկանում են ապրել ավելի լավ երկրում եւ նույնիսկ պայքարում են դրա համար, մյուս կողմում նրանք են, ովքեր «յոլա են գնում» եւ քյաբաբի, բլոտի ու Մասիս սարի միջակայքում հպարտանում իրենց ազգային ինքնությամբ։ Սա իսկապես տեսակների պայքար է, ու տեսակներից յուրաքանչյուրը ձգտում է դուրս մղել մյուսին։ Ընդ որում` մտածող երիտասարդությունը Հայաստանից հեռանալու պրոբլեմ չունի. նրանք, որպես կանոն, նորմալ կրթություն ունեն, նորմալ արժեքային համակարգ, տիրապետում են օտար լեզուների եւ հանգիստ կարող են ապրել աշխարհի ցանկացած երկրում, իսկ ահա հասարակության «քյարթ» հատվածը գնալու տեղ չունի։ Լավագույն դեպքում կարող է ինչ-որ տեղ Վորոնեժի մերձակայքում ասֆալտ փռել։ Ավելին` տեսակների այս բախումը, մեծ հաշվով, քաղաքական երանգավորում էլ չունի, որովհետեւ հասարակական նախաձեռնությունների անդամներն ամենատարբեր կուսակցությունների համակիրներ են կամ ընդհանրապես հեռու են կուսակցություններից (ընդ որում` «քյարթերը» նույնպես կարող են ամենատարբեր կուսակցությունների համակիրներ լինել)։

Իհարկե` սա չի նշանակում, թե քաղաքական կուսակցություններն այլեւս անելիք չունեն կամ չպետք է շարունակեն պայքարը։ Կուսակցությունն, ի վերջո, քաղաքական պայքարի հիմնական միավորն է։ Բայց արդեն իսկ հասկանալի է, որ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի միայն մի դեպքում` եթե հասարակության մտածող մասը կազմի առնվազն 50 տոկոս։ Եվ ամենեւին կապ չունի, թե քաղաքական ինչ հայացքներ կունենա այդ 50 տոկոսը։ Այնպես որ` այս իմաստով Հայաստանում իսկապես հետաքրքիր գործընթացներ են սկսվել, եւ պատահական չէ, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են եթե ոչ կանխել, ապա գոնե վերահսկել այդ գործընթացները։ Զուգահեռաբար, իհարկե, փորձելով Հայաստանից դուրս մղել այդ «ապազգային տարրերին»։ Բա իհարկե, ո՞ւմ են պետք այն մարդիկ, ովքեր քյաբաբից, բլոտից ու Մասիս սարից բացի այլ բաների մասին էլ են մտածում։