01.09.2017 08:40 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Կինոպրեմիերաներ. կինոինդուստրիալ մրցակցություն

«Վալերիանը եւ հազարավոր մոլորակների քաղաքը»
«Վալերիանը եւ հազարավոր մոլորակների քաղաքը» .

Օգոստոսը լի էր սպասված կինոպրեմիերաներով, որոնք շանսեր ունեն հավակնելու գալիք հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունների մրցանակներին։ Այդ պատճառով դրանք արժանի են ներկայանալ բոլոր նրանց, ովքեր ամառային հանգստի ժամանակ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ անցած ամսվա գլխավոր կինոնորույթներին։

Օգոստոսին մեծ էկրաններին հանդես են եկել Կառա Դելվինը, Ալիսիա Վիկանդերը, Քրիստոֆ Վալցը, Մարիոն Կոտիյարը, Շառլոտա Գենսբուրը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Սալմա Հայեքը, Հերբի Հենքոքը, Ռայան Ռեյնոլդսը, Ռիհաննան, Անտոնիո Բանդերասը, Էլիզաբեթ Օլսենը, Հոլի Բերին, Իդրիս Էլբան, Մեթյու ՄակՔոնահին եւ այլ կինոաստղեր։

 Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

03.08 - «Մուգ աշտարակը»/ The Dark Tower

Ֆիլմի գլխավոր հերոսներն են չծերացող մոգ Ուոլթեր Օ’Դիմը, ով նաեւ հայտնի է որպես Սեւազգեստ մարդ, եւ Ռոլանդ Դիսքեյնը, ով հրաձիգների շքանշանից է։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է գտնել մոգական Մուգ աշտարակը, սակայն նրանց նպատակները տարբեր են. Օ'Դիմը իշխանության է ձգտում, իսկ Դիսքեյնը հուսով է, որ իրեն կհաջողվի մարդկությանը փրկել ոչնչացումից։ Դերերում՝ Իդրիս Էլբա, Մեթյու ՄակՔոնահի, Քեթրին Ուինիկ, Ջեքի Էռլ Հեյլի, Էբի Լի, Ալեքս ՄակԳրեգոր։

03.08 - «Առեւանգում»/ Kidnap

Կառլայի որդուն առեւանգում են այգում զբոսանքի ժամանակ։ Մնալով առանց բջջային հեռախոսի եւ հասկանալով, որ չի կարող սպասել ոստիկաններին՝ կինը ինքնուրույն ընկնում է առեւանգողների հետեւից։ Հանուն որդու փրկության Կառլան պատրաստ է ամեն ինչի։ Դերերում՝ Հոլի Բերի, Քրիստոֆեր Բերի, Մալիա Ռիչարդսոն, Դենա Գուրիե, Լյու Թեմփլ, Սեյջ Կորեա, Քրիստին ՄակՔենզի։

03.08 - «Քամոտ գետը»/ Wind River

Ժապավենի գործողությունները զարգանում են «Քամոտ գետը» հնդկական ռեզերվացիայի անապատային տարածքում, ուր տեղացի եգերը հայտնաբերում է մի աղջկա քրքրված մարմինը։ Ողբերգական անցյալն ու փորձը նրան ստիպում են օգնել ՀԴԲ-ի գործակալ Ջեյն Բեներին` այս գործը բացահայտելու համար։ Դերերում՝ Էլիզաբեթ Օլսեն, Ջոն Բերնթալ, Ջերեմի Ռեներ, Մարտին Սենսմեյեր, Ջիլ Բիրմինհեմ, Գրեմ Գրին, Քելսի Չոու։

03.08 - «Անվտանգություն»/ Security

Էդի Դիկոնը երազում էր այնպիսի աշխատանք գտնել, որը թույլ կտար նրան հեռանալ մարդկային անցուդարձից։ Տղամարդը աշխատանքի է ընդունվել առեւտրի կենտրոնում որպես գիշերային անվտանգության աշխատակից։ Սակայն առաջին հերթապահության ժամանակ իրավիճակը դուրս է եկել շտատայինից. օգնության նպատակով մարկետի դուռը թակել է մի աղջիկ, ում հետապնդում են հանցագործները։ Աղջիկը սպանության վկա է դարձել, եւ այժմ հոգեկան հիվանդ առաջնորդի գլխավորած զինված ավազակախումբը հետքերը սրբելու նպատակով որսի է դուրս եկել։ Դերերում՝ Անտոնիո Բանդերաս, Լիամ ՄակԻնթայր, Բեն Քինգսլի, Գաբրիելա Ռայթ, Չեդ Լինդբերգ, Քունգ Լե, Մարկ Սմիթ։

10,08 - «Վալերիանը եւ հազարավոր մոլորակների քաղաքը»/ Valerian and the City of a Thousand Planets

Ֆրանսիական սուպերպոպուլյար կոմիքսի հիմք հանդիսացած ֆիլմի գլխավոր հերոսները՝ հատուկ գործակալներ Վալերիանն ու Լորելինը, առաջադրանք կատարելիս կասկածելի գործի մեջ են խրվել եւ միջգալակտիկական դավադրության կամ Ալֆա մոլորակի արտառոց վերաբնակիչների խաբեբայության ակամա մասնակիցներ են դարձել։ Դերերում՝ Դեյն ԴեՀաան, Կառա Դելվին, Քլայվ Օուեն, Ռիհաննա, Իթան Հոուք, Հերբի Հենքոք, Սեմ Սփրուել։

10.08 - «Աննաբելի անեծքը. Չարի ծնունդը»/ Anabelle։ Creation

Սեփական դստեր մահն ապրելով՝ վարպետ-տիկնիկավարն ու նրա կինն իրենց տուն են հրավիրում փակ մանկատան ծնողազուրկ աղջիկներին ու նրանց դաստիարակչուհուն, ովքեր շուտով գլխավոր հերոսի ստեղծած տիկնիկի՝ Աննաբելի թիրախն են դառնում։ Դերերում՝ Ալիսիա Վելա-Բեյլի, Միրանդա Օտտո, Ստեֆանի Սիգման, Տալիթա Բեյթման, Էնթոնի ԼաՊալյա, Լուլու Ուիլսոն, Ադամ Բարթլի։

17.08 - «Մարդասպանի թիկնապահը»/ The Hitman's Bodyguard

Կոմեդիական նոր մարտաֆիլմը պատմում է համաշխարհային մասշտաբի թիկնապահի մասին, ում նոր աշխատանքը մարդասպանին պաշտպանելն է, որին բոլորը երազում են սպանել։ Նա նույնպես դեմ չէ այն աշխարհ ուղարկել իր գործատուին, սակայն աշխատանքն ամեն ինչից վեր է. անցյալում մահացու թշնամիները ստիպված են միավորվել, որպեսզի կենդանի մնան։ Թեպետ նրանց մեթոդներն այնքան տարբեր են, իսկ սկզբունքները՝ հակասական, որ հեփի-էնդի մասին խոսել դժվար է։ Դերերում՝ Հարի Օլդման, Ռայան Ռեյնոլդս, Սեմյուել Լ. Ջեքսոն, Սալմա Հայեք, Էլոդի Յունգ, Ռիչարդ Է. Գրանտ, Ժոակիմ դի Ալմեյդա։

17.08 - «Իսմաելի ուրվականը»/ Les fantomes d'Ismael

Ֆրանսիական թրիլլերի պատմության կենտրոնում ռեժիսոր Իսմաելն է։ Վերջին 20 տարիները նա փորձել է բացահայտել իր սիրելի Կառլոտայի գաղտնիքը, սակայն ժամանակն իրենն է վերցրել՝ Իսմաելի սրտին տիրացել է Սիլվիան։ Այն պահին, երբ տղամարդու կյանքը, կարծես, կարգավորվել է, վերադառնում են Կառլոտայի տեսքով անցյալի ուրվականները։ Սիրո փխրուն իդիլիան փլուզվում է։ Դերերում՝ Մատյե Ամալրիկ, Մարիոն Կոտիյար, Շառլոտա Գենսբուր, Լուի Գարել, Ալբա Ռորվախեր, Լասլո Սաբո, Ժակ Նոլո։

17.08 - «Սուսանա, դու ինձ սպանում ես»/ Me estas matando Susana

Անհոգ գեղեցիկ երիտասարդ Էլիհիոն, առավոտ կանուխ տուն վերադառնալիս,  հայտնաբերել է, որ նրա կինն անհետացել է՝ առանց, անգամ, գրություն թողնելու։ Սիրելիի որոնումները սկսելով, Էլիհիոն պարզում է, որ ամուսնու ինֆանտիլությունից հոգնած Սուսանան տեղափոխվել է Ամերիկա, ուր պլանավորում է կենտրոնանալ գրողի սեփական կարիերայի վրա։ Տղամարդը պատրաստ չէ հենց այնպես բաց թողնել իր կնոջը եւ շտապում է Միացյալ Նահանգներ, սակայն այս անգամ նրա շարմն ու գրավչությունը բավարար չեն լինի։ Դերերում՝ Գաել Գարսիա Բեռնալ, Վերոնիկա Էչեգի, Էշլի Հինշոու, Ջեյդին Վոնգ, Ադամ Հերթիգ, Անդրես Ալմեյդա։

24.08 - «Կակաչային տենդ»/ Tulip Fever

Ֆիլմի գործողությունը զարգանում է XVII դարում Հոլանդիայում տեղի ունեցած կակաչային տենդի ժամանակ, երբ հանուն հիասքանչ ծաղիկների սոխուկների Ամստերդամի բնակիչները պատրաստ էին ամեն ինչի, անգամ սպանության։ Համատարած կակաչասիրության մթնոլորտում  երիտասարդ նկարիչ Ժանին վարձում են, որպեսզի նա վրձնի հարուստ ծերացող վաճառականի գեղեցիկ ու գրավիչ կնոջ՝ Սոֆիայի դիմանկարը։ Նկարչի ու գեղեցկուհու միջեւ այնպիսի ուժեղ կիրք է ծագում, որը կարող է ողբերգական հետեւանքների հանգեցնել։ Դերերում՝ Կառա Դելվին, Ալիսիա Վիկանդեր, Դեյն ԴեՀաան, Քրիստոֆ Վալց, Զակ Գալիֆիանակիս, Ջեկ Օ'Քոնել, Ջուդի Դենչ, Հոլիդեյ Գրեյնջեր, Թոմ Հոլանդեր։

24.08- «Փոքրիկը» դրայվի մեջ» / Baby Drive

Կոմեդիական մարտաֆիլմի գլխավոր հերոսը զինված հարձակմամբ զբաղվող ավազակախմբի ղեկավարի վարորդն է։ «Փոքրիկ» մականունով երիտասարդի կյանքը երաժշտությունն է, արագ երթեւեկությունն ու արյան մեջ ադրենալինը, ինչպես նաեւ շարունակական հետապնդումներն ու փոխհրաձգությունները։ Սակայն մի անգամ նա լուրջ սիրահարվում է եւ որոշում է լքել վտանգավոր խաղը։ Այդուհանդերձ, սկզբում նա պետք է կատարի վերջին առաջադրանքը, որը կյանքի գին ունի։ Դերերում՝ Էնսել Էլգորթ, Ջոն Բերնթալ, Ջոն Հեմ, Ջեյմի Ֆոքս, Էյսա Գոնսալես, Միկա Հովարդ, Լիլի Ջեյմս, Մորգան Բրաուն, Քեվին Սփեյսի։

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30