01.10.2013 16:47 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

ՍՍ--ի բարձր հովանու ներքո

Ի՞նչ տեղի ունեցավ Մալաթիայի եկեղեցում

Ի՞նչ տեղի ունեցավ  Մալաթիայի եկեղեցում

Անցած օրերի գլխավոր իրադարձությունը ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն էին, ոչ թե Հայաստանի տնտեսության ծանր վիճակը, արտագաղթը, այլ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի յոթ երեխաների մկրտությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ըստ էության, այն ստվերում թողեց բոլոր մնացած իրադարձությունները։

Եկեղեցում կայացած այդ արարողությունը ուղեկցվեց խոշոր սկանդալով։ Թեպետ, սկանդալ բառը տվյալ դեպքում այնքան էլ տեղին չէ։ Սկանդալ է, երբ Արժույթի Միջազգային Հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը իր ինտիմ պատմությունների պատճառով դատարանի առջեւ է կանգնում։ Կամ մրցավար  Սեսար Մունիս Ֆերնանդեսը «Էլչեի» դարպասը հնարովի 11 մետրանոց է նշանակում եւ հաղթանակ նվիրում «Ռեալին»։

Իսկ Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցածը մեր այսօրվա հայաստանյան իրողությունների արտացոլումն էր։ Հայտնի օլիգարխը մի քանի ժամով սեփականացրել էր եկեղեցին, դռները փակել տվել կնունքի արարողության հետ կապ չունեցող քաղաքացիների առջեւ եւ իր թիկնազորին էլ կարգադրել եկեղեցուց դուրս վռնդել լրագրողին։

Այս ամենը տեսագրվել եւ տեղադրվել է համացանցում։ Դեպքը անասելի վրդովմունք է առաջացրել հայ հասարակության մեջ։ Մարդկանց զայրույթը այնքան մեծ էր, որ, որքան էլ ցավալի հնչի, նույնիսկ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը երկրորդ պլան էր մղվել։

Իհարկե, բոլորին վրդովեցրել էր հատկապես այն փաստը, թե ինչ իրավունքով են եկեղեցին փակել օլիգարխի արարողության համար եւ ինչու մեր եկեղեցու հոգեւորականները դա չեն արգելել։ Կարծես թե Աստծո առջեւ բոլորս հավասար ենք, բայց պարզվեց, որ ոմանք ավելի հավասար են, եթե մի քիչ ձեւափոխենք Օրուելի հայտնի արտահայտությունը։

Հաջորդ օրը, երբ եկեղեցու հասցեին քննադատության ալիքը արդեն բարձրացել էր զայրույթի ամենավերին սանդղակը, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը ի վերջո պարզաբանումներ տվեց, որոնք ավելի լավ է՝ չտար, որովհետեւ դա միայն կրակի վրա յուղ լցրեց ու ընդհանրապես, հենց այդ պարզաբանումները ցույց տվեցին, թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել մեր Հայ Առաքելական Եկեղեցին։

Թեպետ կա տեսանյութը, տասնյակ բորբոքված քաղաքացիները, որոնց թույլ չեն տվել այդ օրը եկեղեցի մտնել, Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարում է, որ եկեղեցին փակ չի եղել։ Հետո ասում է, որ լրագրողը եկել էր հատուկ այդ արարողության մասին ինչ-որ ինֆորմացիա վերցնելու, որ լրագրողին ոչ ոք դուրս չի հրավիրել, չնայած նրան ասում են, որ տեսանյութը հակառակն է ապացուցում, մեկ է, հայ հոգեւորականը պնդում է, որը դա սուտ է։ Հետո հայտարարում է, որ այս ամբողջ աղմուկը Ալեքսանյանի դեմ է, լրագրողները որոշակի տրամադրվածություն ունեն Ալեքսանյանի դեմ։

Հոգեւորականի վարքագիծը այնքան ամոթալի եւ խայտառակ էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզապես հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ՝ այդ հարցով խորհուրդ տալով դիմել Արարատյան թեմին։ Այստեղ Էջմիածնին կարելի է հասկանալ. շառ գործ է։

Մյուս կողմից, մեծ հաշվով կարելի է նաեւ Սամվել Ալեքսանյանի վարքագիծը հասկանալ։ Նա ընդամենը փորձում է ապրել այն կյանքով, որով վաղուց ապրում են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, մեր եկեղեցու առաջնորդները, Կճոյանները, որոնք վաղուց գործում են որպես պետություն պետության մեջ, ունեն պետությանը բնորոշ բոլոր հատկանիշները. սեփական բանակ, սեփական տնտեսություն, հատուկ ծառայություններ, սեփական մաս-մեդիա, սեփական եկեղեցի։ Տիգրան Սարգսյանը չէ՞ր, որը գնում էր Սուրբ Սարգիս պատարագի, եկեղեցին հատուկ նրա համար փակում էին` հարյուրավոր մարդկանց դուրս թողնելով։ Նույն Կճոյանը չէ՞ր մարդկանց դուրս հրավիրողը։ Նույն Սերժ Սարգսյանը չէ՞, որ երբ գնում է, օրինակ, որեւէ ռեստորան հաց ուտելու, շրջակա մի քանի թաղամասերի ճանապարհները փակվում են, ռեստորանից բոլորին դուրս են հրավիրում, տարածքը մեքենաներից մաքրում են... շենքի տանիքների նշանառուների մասին համեստորեն լռենք։ Այս վերջերս էլ մի ուշագրավ դեպք պատմեցին. Սերժ Սարգսյանը գնում է թոռներին տեսնելու, թաղամասը, որտեղ գտնվում է փեսայի շենքը, հոսանքազրկվում է այն պահին, երբ երկրի ղեկավարը շենքի մուտքով ներս է մտնում։ Անվտանգության յուրահատուկ միջոցառում է։

Այդ դեպքում ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը պետք է զերծ մնա այդ էլիտար կանոններից։ Կարող է՞ Սերժ Սարգսյանը որեւէ բան ասել, կամ եկեղեցու առաջնորդը։ Իրենց հիմնական ֆինանսավորողներից մեկի հասցեին` կամ լավ, կամ ոչինչ։

Մյուս կողմից, դեպքը ցույց տվեց, որ եկեղեցու ներսում բազմաթիվ նորմալ հոգեւորականներ կան, որոնք չթաքցրեցին իրենց զայրույթը եւ այս ամենի վերաբերյալ ասացին այն, ինչ կա։ Դժվար է ասել, միգուցե նման համարձակության համար նրանք ինչ-ինչ պատժի արժանանան, ինչպես եղել է վերջին տարիներին, բայց սա հուսադրող հանգամանք է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31