26.09.2013 14:37 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սերժին աբխազացրել են

Հայաստանին միացողներ չկան

Հայաստանին միացողներ չկան

Երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ուկրաինայի հասցեին բավական կտրուկ հայտարարություններ էր արել։ Նա Ուկրաինայի համար կանխատեսել է Կիպրոսի եւ Հունաստանի տխուր ճակատագիր, եթե Կիեւը ի վերջո ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրի. «Դրանից հետո թող իրենց արտադրանքը վաճառեն Եվրոպային», նշել է Մեդվեդեւը։

Քանի որ այս թեման արդեն մեզ համար հույժ կարեւոր նշանակություն ունի՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի եւ դրան հետեւած «կապիտուլյացիայի» պատճառով, ապա նշենք, որ նույնիսկ Ռուսաստանում բավական լուրջ փորձագիտական շրջանակներ առայժմ թերահավատ են ապագա Մաքսային միության ապագայի հարցում։ Եվ այդ թերահավատությունը իսկապես հիմքեր ունի։ Ահավասիկ, ռուսական մամուլի հրապարակումներից մեկում ցույց են տվել Մաքսային միության փխրուն վիճակը եւ խոցելի տեղերը։ 

Հաջորդ շաբաթ կլրանա երկու տարի, երբ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հրապարակեց իր հայտնի հոդվածը, որը հռչակում էր Եվրասիական միության ձեւավորման նոր քաղաքականությունը։ Երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ համառ աշխատանք է տարվում, սակայն արդյունքներն առայժմ տպավորիչ չեն։

Հիմնական խնդիրը, բնականաբար, Ուկրաինայի հետ տարակարծություններն են, քանի որ Կիեւի համար «ճակատամարտը» այսօր Եվրոպայում գլխավոր աշխարհաքաղաքական հարցն է։ Իր ուկրաինացի գործընկերներին երկու Միությունների միջեւ ընտրություն կատարելու հարցում Կրեմլը օգոստոսի սկզբից սրեց իրավիճակը եւ բացեիբաց ցուցադրեց, թե ինչ հնարավորություններ ունի, ինչը Ուկրաինայում բոլորն  անմիջապես հասկացան։

Արդյունքում, Ռուսաստանին բավական չեզոք վերաբերվող Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը սեպտեմբերի 3-ին Գերագույն Ռադա ներկայացրեց մի քանի եվրոպամետ օրինագծեր, որոնք չէր համարձակվում ներկայացնել նույնիսկ Մոսկվային ատելի նախորդ նախագահ Յուշչենկոն։ Կասկած չմնաց, որ նոյեմբերի վերջին Եվրամիությունը Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր կստորագրի, որը Ուկրաինան անպայման կվավերացնի՝ Ռադայի կամ հանրաքվեի միջոցով։

Ուկրաինայի շուրջ իրավիճակը ցույց տվեց, որ Կրեմլը կարող է պարտվել նույնիսկ այնտեղ, որտեղ նրա ձեռքում են բոլոր տնտեսական խաղաքարտերը. ցանկացած անաչառ վերլուծություն վկայում է, որ Ուկրաինայի մասնակցությունը Մաքսային միությանը կարճաժամկետ հեռանկարում ավելի շահավետ է, քան ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի մտնելը։

Սրանով խնդիրները չեն ավարտվում։ Եթե նեղացած ուկրաինացիները առանց ավելորդ խոսքի թեքվեցին դեպի Եվրոպա, ապա նրանց հյուսիսային հարեւանները՝ բելառուսները, որդեգրեցին իրենց առաջնորդին ավելի հոգեհարազատ մարտավարություն։ Հենց որ ռուսական խոշոր ընկերություններից մեկը ցանկացավ ինքնուրույն գործել համաշխարհային շուկայում, բելառուսները ձերբակալեցին նրա ղեկավարին եւ սկսեցին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ձգտելով Կրեմլից նոր տնտեսական զիջումներ կորզել։ Ի պատասխան գործին միջամտեց, ինչպես միշտ, ՌԴ գլխավոր սանիտար Օնիշչենկոն, որը բելառուսական ապրանքներում հայտնաբերեց վիրուսներ, հիվանդություններ, ու այդպես գզվռտոց սկսվեց։

Այս ամենը երեւի կավարտվի նրանով, որ ռուսական ընկերության ղեկավարին կազատազրկեն 5 տարով, կես տարի անց Ռուսաստան կուղարկեն՝ պատիժը շարունակելու համար, հետո համաներմամբ բաց կթողնեն։ Այդ ընթացքում Բելառուսը մի քանի նոր վարկ կստանա, արտոնություններ։

Հաջորդը՝ Ղազախստանի ղեկավար Նազարբաեւը, թեպետ Եվրասիական միության թունդ ջատագով է համարվում, բայց գործնականում այլ քաղաքականություն է վարում։ Այսօր Ղազախստանը Չինաստանին գազ է մատակարարում, ինչը Ռուսաստանը կարող է առայժմ միայն երազել։ Չինաստանի ղեկավարը Ղազախստան պաշտոնական այց կատարեց, որի ընթացքում համաձայնագիր ստորագրվեց Չինաստանից նոր ավտո եւ երկաթուղային ճանապարհների շինարարության վերաբերյալ։ Ընդ որում, ղազախները հիմնականում խոսում են դեպի Արեւմուտք ճանապարհը «կասպիական» եւ «կովկասյան» ուղղությամբ ճեղքելու մասին՝ Ռուսաստանի մասին ընդհանրապես չխոսելով։ Չինացիների հետ նաեւ պայմանագիր ստորագրվեց չինական Լյանյունգան նավահանգստում ղազախների կողմից առեւտրական տերմինալ կառուցելու վերաբերյալ։ Ակնհայտ է դարձել, որ այնտեղ, որտեղ պետությունը Մոսկվայի եւ որեւէ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի միջեւ ստիպված չի լինում կիսվել, ապա հանգիստ կարողանում է աշխատել։ Թեպետ եւ առանց Ռուսաստանին օգուտ տալու։ Ղազախստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայումս կազմում է 26 մլրդ դոլար (Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ ընդամենը 17 մլրդ), ու դեռ ղազախներն ու չինացիները մտադիր են այդ ցուցանիշը մինչեւ 2015թ. ավելացնել 1,5 անգամ։

Ի՞նչ կարող է այս իրավիճակում անել Մոսկվան։ Մեծ հաշվով, հպարտանալու քիչ բան կա։ Մաքսային միությանը միանալու Ղրղզստանի հայտը այդպես էլ չի ընդունվում, քանի որ այդ «սեւ խոռոչի» հետ Մոսկվան չի ցանկանում գործ ունենալ նույնիսկ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Ուզբեկստանը եւ Թուրքմենիան իրենց ճանապարհով են գնում, Ադրբեջանն ու Վրաստանը դեպի Արեւմուտք են հակված։ Այնպես որ, Պուտինը՝ ճարը կտրած, այս տարվա օգոստոսին ստիպված էր «ինքնիշխան» Աբխազիա այցելել, իսկ սեպտեմբերի սկզբներին՝ անսպասելի, բայց միգուցե դեռ ոչ վերջնական, պայմանավորվել Հայաստանի հետ՝ Մաքսային միությանը միանալու համար։ Հուսահատ Երեւանը ԵՄ-ի հետ ասոցացումը զոհաբերեց հանուն Ռուսաստանի հետ տնտեսական, ֆինանսական եւ ռազմատեխնիկական համագործակցության։ Բայց մենակ Հայաստանն է այդպիսին, ու Մաքսային միությանը միանալու այլ ցանկացողներ կարծես թե այլեւս չկան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31