26.01.2018 09:02 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կոռուպցիան ընդդեմ կոռուպցիայի

Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթը կարգին հիացրել է Հայաստանի քաղաքական շրջանակներին։ Հատկապես այն մասը, որտեղ նա ադրբեջանցիների «պորտը տեղն է դնում»։ Իսկ ահա ելույթի՝ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված հատվածի ժամանակ եվրոպացիները երեւի հազիվ են զսպել ծիծաղը։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ցավոք՝ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում դեռ չի տվել ցանկալի արդյունքը, բայց ինքը վճռական է պայքարը շարունակելու հարցում եւ նոր քայլեր է ձեռնարկելու, օրինակ՝ 500 պաշտոնյաներ հայտարարագրելու են իրենց գույքն ու եկամուտները։

Փաստորեն Սերժ Սարգսյանն արդեն տասը տարի է վճռականորեն պայքարում է կոռուպցիայի դեմ ու ցանկալի արդյունքի չի հասնում։ Այսինքն՝ կոռուպցիան ծաղկում է։ Արդյունքում՝ տնտեսությունը չի զարգանում, բնակչությունն արտագաղթում է, բանակը կռվում է «80-ական թվականների զենքերով», բայց դա ոչինչ։ Կարեւորն ադրբեջանցիների «պորտը տեղը դնելն» է։ Իսկ դա Սերժ Սարգսյանի մոտ լավ է ստացվում։ Խոսքերով։ Իրականում ադրբեջանցիների «պորտը տեղը դնելն» այն կլիներ, որ Հայաստանում իսկապես արդյունավետ պայքար մղվեր կոռուպցիայի դեմ, որ նախագահի ընտանիքի ունեցվածքը երկրի տարեկան բյուջեից շատ չլիներ, որ պաշտոնյաների ու օլիգարխների կուտակած միլիարդները օֆշորներում հայտնվելու փոխարեն բյուջեում հայտնվեին ու վերածվեին ժամանակակից սպառազինության, որպեսզի տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունեցող երկրի պաշտպանության նախարարը ստիպված չլիներ դրամահավաք կազմակերպել, կառավարությունն էլ օրը բացվելուն պես չմտածեր, թե ուրիշ է՛լ ինչ տուգանքներ հորինի, որ բյուջեն լցվի։

Իսկ գուցե Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ, բայց չի՞ կարողանում։ Դա էլ է հնարավոր, որովհետեւ նա, անկասկած, կցանկանար վերահսկել կոռուպցիոն համակարգի բոլոր ֆինանսական հոսքերը՝ հարյուր դրամի ճշտությամբ, բայց դա գործնականում հնարավոր չէ, ինչն էլ նյարդայնացնում է նրան։ Բանն այն է, որ քաղաքական համակարգը փոխվել է, արմատական ընդդիմություն չկա կամ շատ պասիվ է, պետության առաջին դեմքի ուղղակի ընտրություններ այլեւս չեն լինելու, եւ իշխանությունը կորցնելու միակ տարբերակը պալատական հեղաշրջումն է։ Բայց դա էլ հեշտությամբ հնարավոր է կանխել ուժային կառույցների միջոցով։ Այսինքն՝ օլիգարխներ, մարզպետ-ֆեոդալներ ու բյուջեից գողացող չինովնիկներ այլեւս պետք չեն, հետեւաբար՝ իմաստ չունի նրանց երես տալ «կոռուպցիայի օբշչակից» փայաբաժին հատկացնելով։ Նրանք իրենց ունեցածը պահպանելու համար ինքնակամ եւ՛ ընտրություններ կկեղծեն, եւ՛ իրենց վստահված տարածքներում «կյանքի կկոչեն իմաստուն առաջնորդի ծրագրերը» (ընդ որում՝ սեփական միջոցների հաշվին)։ Դա նրանց, իհարկե, դուր չի գա, բայց եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենց գործը նորմալ անեն՝ նրանք չեն համարձակվի իրենց դժգոհությունը բարձրաձայն արտահայտել անգամ «վետերոկների» առանձնախցիկներում, էլ ուր մնաց՝ պալատական հեղաշրջում կամ սաբոտաժ կազմակերպեն։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է կոռուպցիայի ոլորտում մենաշնորհ սահմանել։ Որոշակի (սահմանափակ) քվոտաներ տալով միայն ոստիկանության եւ ԱԱԾ վերնախավին։

 Արդյունքում հանցագործությունների թիվն, իհարկե, չի նվազի, բայց հանցագործների թիվը կնվազի։ Եթե Սերժ Սարգսյանը հենց սա նկատի ունի «կոռուպցիայի դեմ պայքար» ասելով, ապա կարելի է չկասկածել՝ նա իսկապես շարունակելու է պայքարը։ Ընդ որում՝ շարունակելու է մեծ եռանդով, որովհետեւ նա որեւէ ոլորտում մրցակցություն չի հանդուրժում։ Սա էլ այն դեպքը չէ, որ օլիգարխներն ու չինովնիկները հավաքվեն եւ «Կոռուպցիայի ոլորտում ազատ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» ստեղծեն։

Իսկ արտաքին ուժերին (այդ թվում՝ միջազգային կառույցներին) այս գործընթացը ձեռնտու է։ Ավելի հեշտ է գործ ունենալ գերկոռումպացված փոքրաթիվ խմբակի, քան կոռուպցիոն բազմաճյուղ ու անտեսանելի ցանցի հետ։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի նմանատիպ ելույթների ժամանակ որեւէ մեկը հազիվ թե ծիծաղի։ Հնարավոր է՝ նույնիսկ ծափահարեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30