30.08.2013 21:07 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Միայն վիրահատություն

Տնտեսության վիճակը ծանր է եւ անկայուն

Տնտեսության վիճակը ծանր է եւ անկայուն

Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական վիճակն անընդհատ վատանում էր, բայց պաշտոնական վիճակագրությունը թղթի վրա ինչ-որ աճեր էր ցույց տալիս, պաշտոնյաները խոսում էին մարդկանց բարեկեցության մասին եւ այլն։ Հիմա պատկերը փոխվել է. նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է խայտառակ թվեր ներկայացնում։

Իսկ ինչո՞ւ են այդքան կարեւոր ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը։ Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունը ծանր հիվանդ է, իսկ ճիշտ բուժման համար առնվազն պետք է իմանալ, թե տվյալ պահին ինչպիսին է հիվանդի իրական վիճակը։ Կարելի է, իհարկե, հիվանդատես գնալ ու ասել «լավ ես, լավ, թշերդ կարմիր են» կամ «ոչինչ, լավացի` եկող շաբաթ միասին գնանք ձուկ բռնելու», բայց դրանից հիվանդի վիճակը չի փոխվի։ Ճշգրիտ պատկերացում կազմելու համար պետք է գոնե չափել հիվանդի ջերմությունը, արյան ճնշումը եւ այլն։ Պաշտոնական վիճակագրությունն, ահա, հենց այդ տվյալներն է արձանագրում։ Իսկ տվյալները, մեղմ ասած, խիստ մտահոգիչ են։ Օրինակ` այս տարվա օգոստոսի տվյալներով 12-ամսյա գնաճն արդեն հասել է 9,3 տոկոսի, ընդ որում` պարենային ապրանքները թանկացել են 10 տոկոսով, ծառայությունները` 11,2 տոկոսով։ Եվ սա` այն դեպքում, երբ սովորաբար օգոստոսին մրգի եւ բանջարեղենի էժանացման հաշվին պարենամթերքի գնաճ չի արձանագրվում։ Այսինքն` հասկանալի է, որ արդեն հոկտեմբեր-նոյեմբերին իրական գնաճը կհասնի առնվազն 20 տոկոսի։ Բայց սա դեռ բոլորը չէ։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են 34,7 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները` միանգամից 64,2 (!) տոկոսով։ Ավելին. ներկրման ծավալները երեք անգամ ավելի շատ են աճել, քան արտահանմանը, այսինքն` կտրուկ վատացել է Հայաստանի արտաքին առեւտրային հաշվեկշիռը։

Մի խոսքով` պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է, ահավո՛ր ծանր։ Իսկ ի՞նչ պետք է անել նման իրավիճակում։ Բնականաբար` առաջին հերթին պետք է Տիգրան Սարգսյանի թեւից բռնել ու իր կառավարության անդամների հետ միասին դուրս շպրտել` արգելելով մարդամիջում հայտնվել առաջիկա առնվազն տասը տարիներին (հետո մարդիկ գուցե մոռանան ու զերծ մնան բռնություն գործադրելուց)։ Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե գոհ է այս կառավարությունից եւ գտնում է, որ այնտեղ լավագույն մասնագետներն են հավաքված։ Չենք վիճում, գուցեեւ այդպես է։ Բայց այդ դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս է պատահում, որ «լավագույն մասնագետների» գործունեության արդյունքում երկրի տնտեսության վիճակն այսքան ահավոր է։ Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ տնտեսության ներկա վիճակը պայմանավորված է արտաքին գործոններով։ Պարզ ասած` Ռուսաստանը «չորով» ամեն ինչ թանկացնում է, միջազգային վարկերը տրամադրվում են շատ կոշտ պայմաններով եւ այլն։ Բայց այս դեպքում էլ պիտի Սերժ Սարգսյանի՛ թեւատակերից բռնել եւ դուրս շպրտել նախագահականից. այս ի՞նչ օրի է հասցրել երկիրը, որ նույնիսկ լավագույն մասնագետներից ձեւավորված կառավարությունը չի կարողանում գլուխ հանել։

Մի խոսքով, որ կողմից էլ նայում ենք, կամ Սերժ Սարգսյանը պիտի հեռանա, կամ փոխադարձ համաձայնությամբ (լավ իմաստով ենք ասում) քավության նոխազ դարձնի Տիգրան Սարգսյանին։ Վերջին հաշվով` տնտեսություն ղեկավարելն, ինչպես Զոշչենկոյի հերոսը կասեր, լուրջ գործ է, «կատվի փռշտոց չի»։ Բայց սրանք, իհարկե, ինքնակամ չեն հեռանա։ Սրանց համար ժամանակը փող է, պաշտոնավարման յուրաքանչյուր օրը` լուրջ եկամտի աղբյուր։ Մոտավոր հաշվարկներով` օրական առնվազն 3-4 միլիոն դոլար։ Կապ չունի` խորհրդակցություննե՞ր են անցկացվում, թե՞ կիթառ նվագում կամ պինգ-պոնգ խաղում։ Միեւնույն է` փողը «գալիս է», ժողովուրդը` գնում։

Իսկ Հայաստանի տնտեսությունը երեւի արդեն հոկտեմբեր-նոյեմբերին կոմայի մեջ կհայտնվի։ Եթե, իհարկե, մինչ այդ բուժման արմատական մեթոդներ չկիրառվեն։ Դատելով իրադարձությունների զարգացման ընթացքից` դրա հավանականությունը բավականին մեծ է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30