03.04.2014 14:35 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մի հատ ինքնահրաժարվեք

Կառավարության լրջանալու պահը

Կառավարության լրջանալու պահը

Պաշտոնական տվյալների համաձայն, 2013-ին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է միանգամից 35,3 տոկոսով, ընդ որում` տնտեսության իրական հատվածում անկումը կազմել է 52,2 տոկոս, Մարդու իրավունքների պաշտպանն էլ գտել է մեղավորին. ամենամյա զեկույցում նշել է, թե էկոնոմիկայի նախարարությունը չի կարողացել օտարերկրյա ներդրողներին «պատշաճ ներկայացնել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները»։

Լավ, ինչո՞ւ օտարերկրացիները Հայաստանում ներդրումներ չեն անում, մի՞թե մեր երկիրը բիզնեսի եւ լուրջ շահույթներ ստանալու համար հարմար չէ։ Լավ էլ հարմար է` միայն Հայաստանում է հնարավոր ծաղկավոր վերնաշապիկով ու սպիտակ գույնի «ցեբո» կոշիկներով հայտնվել քաղաքական դաշտում, պաշտոն ստանալ ու մի տարի անց դառնալ մուլտիմիլիոնատեր, կամ Չինաստանից «բիրիքով» էժան տեսախցիկներ առնել, «նիսյայով» մի քանի բանկա կարմիր յուղաներկ ձեռք բերել ու տարեկան 6-7 միլիոն եվրո երաշխավորված շահույթ ունենալ։ Այլ հարց է, որ նորմալ բիզնես ծավալել Հայաստանում հնարավոր չէ` առանց իշխանությունների անմիջական աջակցության «տակ տալը» երաշխավորված է։ Իսկ իշխանություններն աջակցում են միայն իրենք իրենց, այսինքն` իրենց բիզնեսներին։ Հայաստանում փոքր բիզնեսի «տակ տալու» համար իդեալական պայմաններ են ստեղծված, մեխանիզմն էլ ժամացույցի պես աշխատում է։ Երեւի նկատել եք. Երեւանի բոլոր թաղամասերում, բոլոր փողոցներում ու բակերում նույն պատկերն է։ Ինչ-որ նորակառույց խանութներ են` վրան գրված «տրվում է վարձով»։ Ինչ-որ մեկը վարկ է վերցնում, տարածքը վարձակալում, կազմակերպում, օրինակ, բանջարեղենի առեւտուր, մի քանի ամիս անց «տակ տալիս», տուն-տեղ կորցնում ու արտագաղթում։ Հետո մի ուրիշն այդ նույն տարածքում դեղատուն է բացում, «տակ տալիս» ու արտագաղթում, հետո մի ուրիշը «ձկան գործ» է դնում, հետո` խաղալիքի խանութ եւ այլն։ Ու բոլորը հերթով սնանկանում են։ Իսկ բանկային համակարգը գերշահույթներ է ստանում։ Այսինքն` այնպես չէ, որ մարդիկ չեն փորձում ներդրումներ անել ու բիզնես սկսել։ Լավ էլ փորձում են, պարզապես ոչինչ չի ստացվում։ Իսկ եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով ստացվում է, մի քանի ամիս անց տարածքի չինովնիկով-«գողականով»-հանրապետականով-բանով գալիս ու փայ են մտնում, կամ` միանգամից խլում։

Կարող են առարկել` բայց սա ի՞նչ կապ ունի օտարերկրյա ներդրումների հետ, չէ՞ որ դրսի խոշոր բիզնեսմենների հետ նույն կերպ չեն կարող վարվել։ Նախ` լավ էլ կարող են (կարելի է հարյուրավոր օրինակներ բերել), երկրորդ` ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում «հեշտ փողերը» վերջացել են, հիմա արդեն ցանկացած «լուրջ բիզնես» գլխացավանքների հետ է կապված։ Հանքեր շահագործելը կամ ՀԷԿ-եր կառուցելը «զահլա գործ» է` ինչ-որ «անկապ» ակտիվիստներ գալիս ղժղժում են, տարածքի բնակիչները ճանապարհ-բան են փակում, մի խոսքով` առաջվանը չէ։ Նույնիսկ նոր հարկատեսակներ հորինելն է դժվարացել` մարդիկ բողոքում են ու իրենց ստանալիք «մի էրկու կոպեկը քթներից բերում»։ Իսկ Հայաստանում որեւէ արտադրություն կազմակերպելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող` իշխանությունները «չորով» թույլ չեն տալիս, եւ վերջ. ներմուծումն ավելի ձեռնտու է։ Սրան ավելացրեք նաեւ ահավոր ծանր հարկային բեռը, բառիս բուն իմաստով շաբաթը մեկ փոխվող օրենքները, պետական կառույցների ագահությունը, իշխանությունների անկանխատեսելիությունը (սրանք երկուշաբթի օրը կարող են գնալ դեպի Եվրոպա, չորեքշաբթի օրը` Մաքսային միություն եւ այլն, մի օր կարող են հայտարարել, թե պետք չէ արտադրել որեւէ բան, որն արտադրվում է Չինաստանում, հաջորդ օրը` պարծենալ Հոնգ-Կոնգում արտադրված հայկական պլանշետով), եւ պատկերն ամբողջական կդառնա։ Պարզ ասած` Հայաստանում կառավարություն չկա։ Երկրի տնտեսությունը ղեկավարվում է մոտավորապես այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանն էր ցուցահանդեսում տրակտոր «ղեկավարում»։ Հիշո՞ւմ եք, ինքնագոհ նստեց ղեկին, չորսբոլորն ինչ կոճակ տեսավ` սեղմեց, ղեկն անկապ աջուձախ պտտեց, արդյունքում` «հագավ» մոտակա սյանը եւ ինքնագոհ ժպիտով իջավ։

Հիմա, ահա, ոչ իշխանական չորս ուժերը մտադիր են այս կառավարության հրաժարականի պահանջով շուրջօրյա հանրահավաքներ սկսել։ Երկիրն այնպիսի վիճակում է, որ այլեւս նշանակություն չունի` «Մայդան» կլինի՞, թե չի լինի, իշխանություններն ուժ կկիրառե՞ն, թե չեն կիրառի եւ այլն։ Վարդան Բոստանջյանը ճիշտ է ասում, ո՞ւմ է պետք ստրուկի կարգավիճակով ապրելը։ «Յա էս կողմ, յա էն կողմ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30