ՉԻՆԱՍՏԱՆ։ Առյուծների ավանդական պարերով, տոնավաճառներով եւ թատերական բեմականացումներով Չինաստանը, արեւելյան օրացույցով, դիմավորել է Հրեղեն Աքաղաղի տարին, որը ընտանիք ստեղծելու համար խոստանում է բարենպաստ լինել։ Աքաղաղը երիտասարդություն, ուժ, հույս եւ մաքրություն է խորհրդանշում։ Վերջին անգամ Հրեղեն Աքաղաղի տարին նշվել է 1957 թվականին։
ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Երկրի շրջաններում կառավարական զորքի կողմից ամենաքիչը 18 զորային է ոչնչացվել, այդ թվում նաեւ «Իսլամական պետոթյուն» տեռորիստական խմբակցության 6 անդամ։ «Թալիբան» տեռորիստական շարժման 10 զորային ոչնչացվել է Զաբուլ նահանգում։ «Թալիբան» շարժման զորայինները կոորդինացված հարձակում են գործել Թարինկոտ քաղաքի պահակակետերի վրա, որի հետեւանքով 4 ոստիկան վիրավորվել է։ Բախման ընթացքում 7 թալիբ է ոչնչացվել, եւս 10-ը վիրավորվել։
ԻՐԱՔ։ Մոսուլում ԻՊ-ից ազատագրված արեւելյան մասում իպրիտ թունավոր նյութի պահեստ է հայտնաբերվել։ Մոսուլի այդ մասը ազատագրվել է անցած տարվա հոկտեմբերին, իրաքյան զորքի եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի իրականացրած օպերացիայի արդյունքում։ Քաղաքի արեւմտյան մասը դեռեւս տեռորիստների հսկողության տակ է գտնվում։ Հայտնաբերված ռեզերվուարում քիմիական ռեագենտը թեստավորվել է ֆրանսիական մասնագետների կողմից, ովքեր հաստատել են, որ դա իպրիտ նյութն է։ Կանխատեսվում է, որ զորայինները պատրաստվում էին թունավոր նյութի եւ նրա կողքին պահվող զինամթերքի օգնությամբ քիմզենք ստեղծել։
ԻՍՊԱՆԻԱ։ Մալագայում ձերբակալվել է նեապոլիտանական Կամորա մաֆիայի լիդերներից մեկը։ Հայտնի է, որ նա պատասխանատու էր կոկաինի եւ հաշիշի միջազգային նարկոթրաֆիկի համար եւ գտնվել է միջազգային հետախուզման մեջ։ Միաժամանակ ձերբակալվել է AMATO-PAGANO մաֆիոզական կլանի խմբակցության 17 անդամ. կլանը հսկում է թմրադեղերի վաճառքի շուկան։
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ։ Անջոզոբորե քաղաքում հարսանեկան թափորի բեռնատարը կամրջից գետ է ընկել, որի հետեւանքով 45 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել։ «45 մարդ, այդ թվում 9 երեխա, 27 կին եւ 9 տղամարդ, տեղում մահացել է, միաժամանակ 24-ը վիրավորվել է միջադեպի ժամանակ»,- հայտարարել է քաղաքապետը։ Բեռնատարը նորապսակների մոտ 70 ազգական էր տեղափոխում։ Վթարի պատճառն անհայտ է։
ԱՄՆ։ Նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիան միացել է Keystone եւ Dakota Access նավթախողովակաշարերի կառուցման դեմ բողոքներին։ Մեկ շաբաթ առաջ, Մալիա Օբաման ներկա է գտնվել Յուտայում կայացած «Սանդենս» ամենամյա կինոփառատոնին, ուր հարյուրավոր այլ մասնակիցների հետ բողոքել է նախագահ Դոնալդ Թրամփի` խողովակաշարի կառուցման վերականգնման մասին հրամանագրերի դեմ։ Բողոքի ակցիայի ակտիվիստները կարծում են, որ այս նախագիծը բացասական կազդի խմելու ջրի որակի վրա եւ հնդկացիների «սուրբ հողերի պղծման» կհանգեցնի։ Երթուղին անցնում է Հյուսիսային եւ Հարավային Դակոտայի, Այովայի եւ Իլինոյսի միջով։
Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, ադմինիստրացիայի նախկին չինովնիկներին արգելվում է խրախուսել այլ երկրների շահերը, ինչպես նաեւ 5-ամյա սահմանափակում է դնում մնացած լոբբինգի վրա։ Որոշումը փոխարինում է նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը, որը նախկին չինովնիկներին 2 տարվա ընթացքում արգելում էր զբաղվել լոբբինգով։
ԳԵՐՄԱՆԻԱ։ Բավարիայի Արշթայն քաղաքում երեկույթից հետո 6 երիտասարդի դիակներ են հայտնաբերվել։ Քրոջը եւ եղբորը, ինչպես նաեւ մնացածներին, մահացած վիճակում այգեգործական տարածքի նստարանին գտել է նրանց հայրը։ Հայտնի է, որ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
ԲԱՀՐԵՅՆ։ Բիլադ ալ-Կադեմում տեղի ունեցած տեռակտի հետեւանքով իրավապահ մարմինների աշխատակից է զոհվել։ Միջադեպի մանրամասները չեն հայտնվում։
ՄԱԼԱՅԶԻԱ։ Երկրի ծովափնյա մասում չին տուրիստներով լի նավ է սուզվել. փրկարարները 3 մարդու դի են հայտնաբերել։ Ավելի վաղ հայտնվում էր, որ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս հանել 25 չին տուրիստներին, եւս 6-ը անհայտ կորած է համարվել։ Կոտա-Կինաբալուից դեպի Մենգալում կղզի ուղեւորվող 28 տուրիստներով եւ անձնակազմի 3 աշխատակիցներով նավի հետ կապը կորել է հունվարի 28-ին։ Մեկ օր անց, այն հայտնաբերվել է Մալայզիական թերակղզում։
ՆԻԳԵՐԻԱ։ Երկրի հարավ-արեւելյան մասի ավտոմոբիլային մայրուղում տեղի ունեցած գնդակոծությունների հետեւանքով ամենաքիչը 7 մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Մայդուգուրի-Բիու մայրուղում, որը երկրում ամենավտանգավոր մասերից է համարվում, քանզի այն սիստեմատիկ ենթարկվում է ռադիկալ խմբակցության կողմից հարձակումներին։ Նախնական տվյալներով, տեռակտն իրականացրել է «Բոքո Հարամ» տեռորիստական խմբակցության զորայիններից մեկը։
ԵՄԵՆ։ Հանգստյան օրերին կառավարական զորքերի եւ հուսիթ-ապստամբների միջեւ զինվորական բախումների հետեւանքով երկրում ավելի քան 100 մարդ է զոհվել։ Ըստ աղբյուրների, ամենաքիչը ապստամբների 90 դիակ է տեղափոխվել Հոդեյդ քաղաքի հիվանդանոց, 19-ը՝ Ադեն քաղաքի։
«Ալ-Քաիդա» տեռորիստական խմբակցության շտաբ-գրասենյակի ուղղությամբ հետախուզական օպերացիայի ընթացքում ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատն ընկել է գնդակոծության տակ։ Օպերացիայի ընթացքում ամերիկյան զինվորները ձերբակալումներ չեն իրականացրել։ Օպերացիայի իրականացումը սանկցիավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Օպերացիայի արդյունքում ամերիկացի 1 զինվոր է զոհվել, եւս 3-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատներին հաջողվել է 14 զորայինի ոչնչացնել եւ տիրանալ կարեւոր տեղեկատվության։
ՀԱՅԱՍՏԱՆ։ Հունվարի 28՝ հայկական բանակի օր, բանակ չտեսած պաշտպանության նախարարով։ Հողերդ գլխին, ազգ։ Շնորհավո՛ր։
Հ.Գ. «Week End»/ ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։