30.03.2018 06:29 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կարգավիճակ

Ֆորպոստի եւ մատաղացու գառան տարբերությունը

Վերջին օրերին մեկը մյուսի հետեւից ռուսաստանյան պատվիրակություններ են ժամանում Հայաստան ու մոտավորապես նույն բանն ասում՝ Ռուսաստանը դասեր է քաղել ապրիլյան պատերազմից եւ այլեւս նույն ծավալով սպառազինություն չի մատակարարի Ադրբեջանին, ի դեմս Հայաստանի՝ Ռուսաստանն իր սեփական Իսրայելն ունի (սա ներկայացվում է որպես ժամանակին Վազգեն Սարգսյանի արտահայտած միտք, բայց դեռ հարց է՝ նա այդպիսի բան ասե՞լ է, թե ոչ), Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ֆորպոստը, եւ այլն։

Հայաստանի իշխանական շրջանակներն էլ ռուսների այս հայտարարությունները ներկայացնում են որպես դիվանագիտական փայլուն հաղթանակ։

Ապրիլյան պատերազմից դասեր քաղելու վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարություններն, իհարկե, իրենց մեջ ցինիզմի որոշակի տարրեր են պարունակում։ Ինչ է, Ռուսաստանում չգիտեի՞ն, որ Ադրբեջանը ժամանակակից հարձակողական զինատեսակները Ղարաբաղի դեմ է օգտագործելու, միայն ապրիլյան պատերազմից հետո՞ իմացան ու շատ զարմացան։ Այսինքն՝ այդ հարցում ռուսաստանցի չինովնիկները միայն երկու «դաս» կարող էին քաղել. առաջին՝ որ հայ հասարակությունը նման բաները թեթեւ չի տանում, ու հակառուսական տրամադրությունները կտրուկ սրվում են, եւ երկրորդ՝ հայկական բանակը բավականաչափ մարտունակ է անգամ ժամանակակից սպառազինությամբ «հզորացած» հակառակորդի առաջխաղացումը թույլ չտալու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ «տարածաշրջանում իր սեփական Իսրայելն ունենալուն», ապա այս հարցում զուգահեռներ անցկացնելն ընդհանրապես տեղին չէ։ Ընդ որում՝ խնդիրը միայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վերաբերմունքների տարբերությունը չէ (թեեւ անհնար է պատկերացնել, օրինակ, որ ԱՄՆ-ը ժամանակակից զենք կվաճառի Պաղեստինին, կամ Ռուսաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը՝ այնպես, ինչպես ԱՄՆ-ը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք)։

Շատ ավելի մեծ խնդիր է Հայաստանի եւ Իսրայելի տարբերությունը։ Նախ՝ Իսրայելն ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել սեփական զենքով եւ «գործարանային գներով» ամերիկյան սպառազինության կարիքը չունի (Իսրայելն ինքը զենքի խոշորագույն արտադրողներից ու արտահանողներից է)։ Երկրորդ՝ ԱՄՆ-ում հրեական հզորագույն լոբբին ու հրեական ահռելի կապիտալը ամերիկյան իշխանություններին բառիս բուն իմաստով պարտադրո՛ւմ են ամեն գնով պաշտպանել Իսրայելի շահերը, որովհետեւ եթե ԱՄՆ-ն անցնի Իսրայելի թշնամիների կողմը՝ մի քանի ամսում այդ երկրի քաղաքական ու ֆինանսական համակարգից ոչինչ չի մնա։ Իսկ Հայաստանը ոչ ժամանակակից զինատեսակների սեփական արտադրություն ունի, ոչ էլ Ռուսաստանի վրա ազդելու լուրջ լծակներ։

Ռուսաստանում գոյություն ունեցող «հայկական կապիտալը» ոչ միայն չի ազդում այդ երկրի քաղաքականության վրա, այլեւ հակառակը՝ Ռուսաստանի համար է լրացուցիչ լծակ՝ Հայաստանի քաղաքականության վրա ազդելու համար։ Էլ չենք խոսում երկու երկրների «ներքին իրավիճակների» տարբերությունների մասին. «գաղջ մթնոլորտի» պատճառով ամեն տարի Հայաստանից արտագաղթում է 40-50 հազար մարդ, իսկ Իսրայելի քաղաքացիություն ստանալու համար աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ մինչեւ հիմա «գլուխ են ջարդում»։

Պարզ ասած, խնդիրն այն չէ՝ ընդհանրապես լա՞վ է որեւէ գերտերության ֆորպոստ լինելը, թե՞ լավ չէ (տեսականորեն, իհարկե, լավ չէ, բայց մենք չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք ապրում)։ Խնդիրն այն է, որ անգամ ֆորպոստ լինելու համար են որոշակի նախադրյալներ պետք, հակառակ դեպքում ոչ թե ֆորպոստ կլինես, այլ մատաղացու գառ։ Կամ՝ «կրտսեր դաշնակից», որին ցանկացած պահի կարելի է զոհաբերել հանուն ավելի կարեւոր նպատակների։ Իսկ Հայաստանի իշխանություններին այս հարցերը կարծես թե առանձնապես չեն հետաքրքրում։ Փոխարենը՝ ապագայի համար պատասխանատվությունը որեւէ գերտերության վրա բարդելն ու սեփական իշխանությունը վայելելը նրանց շատ է դուր եկել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30