21.02.2017 09:32 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Առողջ մրցակցում է

Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը

Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը

Երեկ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի առաջ ու մի քանի ուշագրավ մտքեր հայտնել։ Օրինակ` հայտարարել է, թե «Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում, մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որեւէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն»։ Իյա, իրո՞ք։ Արդեն համարյա 15-20 տարի է` Հայաստանում բոլորը հենց դա էլ ասում էին։ Բացի իշխանություններից։

Նրանք հակառակն էին պնդում` ե՛ւ սոցիալական ծանր վիճակը, ե՛ւ արտագաղթը, ե՛ւ անգամ մենաշնորհների ձեւավորումը բացատրում էին շրջափակմամբ ու պատերազմական վիճակով, իսկ երբ համաժողովրդական բողոքի ալիք էր բարձրանում` դա ամենակոշտ մեթոդներով կանխում էին ու պատճառաբանում, թե «պատերազմական վիճակ է, հանկարծ թշնամին կօգտվի պահից ու կհարձակվի»։

 Հիմա հանկարծ պարզվում է, որ մեղավորը թուրքերն ու ադրբեջանցիները չեն։ Ափսոս միայն, որ Սերժ Սարգսյանը չի ասում, թե այդ դեպքում ովքեր են մեղավոր «կառավարման թերությունների համար»։ Օրինակ` տեսակետ կա, որ իշխանություններն են մեղավոր (համենայն դեպս «կլիմայական պայմաններն են մեղավոր» տարբերակի կողմնակիցները հաստատ ավելի քիչ կլինեն)։ Ու Սերժ Սարգսյանն էլ, իբր գիտակցելով, որ այդպիսի թերություններ կան, հիմա ուզում է երկարաձգել իր իշխանությունը, որպեսզի շտկի դրանք։ Տասը տարին, պարզվում է, քիչ էր. Հայաստանից «ընդամենը» 340 հազար մարդ է արտագաղթել, աղքատության մակարդակն էլ «ընդամենը» 50 տոկոսով է բարձրացել։

Բայց խնդիրը միայն կարճ ժամանակահատվածը չէ։ Պարզվում է` պատճառներից մեկն էլ այն է, որ նախագահի լիազորություննե՛րն են սահմանափակ եղել։ Դրա համար էլ իրենք նախաձեռնել են «Սահմանադրության բարեփոխման գործընթացը», եւ, ինչպես նույն ելույթում ընդգծեց Սերժ Սարգսյանը, 2018-ից հետո հանրապետության վարչապետի լիազորությունները լինելու են շատ ավելի լայն, «քան այն, ինչ կիսանախագահական համակարգում վերապահված է այսօրվա Նախագահին»։ Սերժ Սարգսյանը նաեւ բացատրում է` «այսպիսով մենք բացառել ենք Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը»։

Այ հիմա ամեն ինչ տեղն ընկավ։ Փաստորեն` կառավարման թերությունների պատճառը նախագահի ու վարչապետների անառողջ մրցակցությունն է եղել։ Իսկ ավելի կոնկրետ` «անառողջ վարչապետները»։ Սերժ Սարգսյանը բարձր մակարդակով կատարում էր նախագահի իր պարտականությունները, իսկ վարչապետներն ինչ-որ անառողջ հավակնություններ էին ցուցաբերում։ Իսկ ահա Քոչարյանի նախագահության վերջին շրջանում, երբ ինքը վարչապետ էր, իր եւ նախագահի միջեւ մրցակցությունը շատ առողջ էր։ «Ֆորբս» ամսագիրն, օրինակ, երկուսի կարողություններն էլ մոտավորապես նույն կերպ էր գնահատում` 3-4 միլիարդ դոլար։ Պարզապես Քոչարյանն ասում էր «իմ կուսակցությունը ժողովուրդն է», իսկ ինքը սուսուփուս իրենով արեց ՀՀԿ-ն, հաղթեց 2007թ. խորհրդարանական ընտրություններում ու վերցրեց իշխանությունը։ Առողջ մրցակցության արդյունքում։

Բայց «անառողջ մրցակցությունը»  հիմա էլ է շարունակվում։ Վարչապետ Կարեն Կարապետյանն, օրինակ, եկավ ու սկսեց «գլխից մեծ» գործեր բռնել, օրինակ` պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ։ Եվ կարճ ժամանակում դարձավ ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան։ Բայց քանի որ նման «անառողջ մրցակցությունը» կարող է վնասել երկրին` նրան անմիջապես բացատրեցին, որ ինքը վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել ՀՀ-ում, հաջորդ խորհրդարանում սեփական թիմ չի ունենալու, իշխող կուսակցությունն էլ առաջիկա ընտրություններում հույսը դնելու է ոչ թե դրայվի, այլ օլիգարխների ու տարբեր ոլորտներում մենաշնորհներ ունեցողների վրա։

Իսկ 2018-ից հետո վարչապետի պաշտոնի «կոմունալ հարմարությունները» Սերժ Սարգսյանն իր համար է ապահովել։ Դրա համար էլ ամեն ինչ արել է, որ լիազորություններն ավելի լայն լինեն, քան իր ներկայիս լիազորությունները։ Դրանից հետո արդեն «կառավարման թերություններն» ինչքան ուզում են` թող խորանան։ Իշխանական համակարգի ներսից վտանգ չի լինի (որովհետեւ «անառողջ մրցակցությունը» բացառված է), քաղաքական դաշտն էլ հնարավոր կլինի վերահսկել «հաճախորդների» միջոցով։

Այնպես որ` բարձրագույն սպայակազմին հղված ուղերձը հստակ էր. հանգիստ եղեք, ձեզ ոչինչ չի սպառնում, «շեֆը» էլի ես եմ լինելու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30