24.11.2017 07:54 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ձեզ Նժդեհ չի հասնում-2

Նժդեհ. պատճեն եւ հակապատճեն

Նժդեհ. պատճեն եւ հակապատճեն

Ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում «Прогнозы с Вероникой Крашенниковой» հաղորդումը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ սպասվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, խոսել է նաեւ իշխող կուսակցության գաղափարական ակունք համարվող Գարեգին Նժդեհի մասին` նրան պիտակելով ֆաշիստ։

Ռուսական այդ հեռուստաալիքը հաղորդավար Վերոնիկայի բերանով փորձել է սանձել Սերժ Սարգսյանի եւ հայ հասարակության` Եվրոպայի հետ որեւէ տեսակի հարաբերություն հաստատելու որոշումը եւ անգամ ցանկությունը։ Պետք է նկատել, որ ավելորդ էին ջանքերն այդ ուղղությամբ, քանի որ կյանքը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում Հայաստանի Հանրապետությունը կարող է դնել ԵՏՄ կազմում պուտինյան իշխանության գործադրած ջանքերով եւ առանց ռուսական մեդիայի օգնության։ Նրան առանց ավելորդ զիզի-բիզիների էլ կարելի է պարացնել ռուսական չաստուշկա։ Եվ այս պարը, եթե չասենք հայկական պետականության չգոյության, ապա առնվազն կասկածելի լինելիության վկան է։

Եվ ուրեմն` հա՞յ, թե՞ ռուս հասարակությանն էր ուղղված քարոզչությունը։  Ռուս առաջադեմ հասարակությունը, իսկ այն գոյություն ունի, հրաշալի հասկանում է մեդիամանիպուլյացիաների դրդապատճառները` աչքի առաջ ունենալով հակաուկրաինական թարմ օրինակները։ Ինքն իրեն առաջադեմ համարող հանրությունը կարո՞ղ է դատապարտել մեկ այլ հանրության ազատագրական պայքարի մղումը, ազատագրող զորավարի հերոսացումը եւ կամ քաղաքական ինքնուրույն որոշումը։ Այդ անդրադարձի միակ մտահոգությունը իմպերիալիստական մեդիակուտով սնվող այն նացիստական սպառնալից շերտն է (իսկ այն նույնպես գոյություն  ունի ՌԴ-ում), որի գրգիռների զոհը կարող են դառնալ ՌԴ-ում ապաստանած հայերը։ Ուստի, հաղորդմանը հաջորդած ռուսական կողմի հրապարակային ներողությունը եթե կարող է սփոփել, ասենք, ՀՀ իշխանություններին, ապա ոչինչ է լինելու ռուսական սրված նացիոնալիզմի հետեւանքների հավանական զոհերի` ՌԴ-ում ապրող հայերի համար։ 

«Աստղային» հաղորդաշարին հաջորդեցին հայկական ֆորումների քննարկումները` իբրեւ Նժդեհի գաղափարների վերաարժեւորման փորձ եւ ազգային հերոսին ճանաչելու հնարավորություն։

Մեծ զորավարի գրավոր ժառանգությունը 3 գաղափարապես տարբեր կուսակցությունների` ՀՅԴ-ի (սոցիալիստական), ՀՀԿ-ի (պահպանողական) եւ Հայ Արիական միաբանության (ցեղակրոն) քաղաքական գործունեության հիմք է որդեգրվել։ Այլ կերպ ասած` Նժդեհի գաղափարախոսությունը դարձել է սեփական երկրի, նրա պետականության եւ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների արդարացման պաթոսը։ Ուղղակի ֆանտաստիկ հնարք է` ռազմահայրենասիրականի փաթեթավորմամբ ցանկացած հակապետական օյինբազության գլխին գրել Նժդեհի անունը եւ դրանով խփել մարդկանց գլխին։ Ով չի ցանկանա ուտել այդ հարվածը, նա դեմ է Նժդեհին, ուստի` նա ապազգային տարր է։

Ի վերջո, ո՞վ շահեց ազատագրող եւ գաղափարախոս Նժդեհներին համադրելու-հակադրելու եւ մի նոր պատմական կերպար ստանալու ջանքից։ Հաստատ, ոչ հայ ժողովուրդը։

Իրականում, Գարեգին Նժդեհի մասին միակ ճշմարտությունը, որ հաստատ պետք է իմանալ` ճանաչելու նրան որպես ինքնության, անկախության եւ դիմադրության խորհրդանիշի` դա հենց նրա արարքն է։ Երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայվեց կազմակերպել պաշարված Գողթանի հայության գաղթը, Նժդեհը մերժեց եւ դրա փոխարեն տեղահանեց գավառի թուրքական ագրեսիվ բնակավայրերը։ 1920 թվականին, երբ Հայաստանի եւ բոլշեւիկների միջեւ կնքված զինադադարի համաձայն Զանգեզուրը, Արցախը եւ Նախիջեւանը պիտի զբաղեցվեին կարմիր բանակի կողմից, Նժդեհը միակ զորավարն էր, որ 1921-ին` 11-րդ կարմիր բանակի դեմ համառ ինքնապաշտպանություն մղելուց հետո, հեռացավ Զանգեզուրից միայն այն բանից հետո, երբ իշխանություններից երաշխիք ստացավ, որ Սյունիքը մնալու է Հայաստանի կազմում։ Եթե եւս երկու այդպիսի զորավարներ ունենայինք Նախիջեւանում եւ Արցախում, այսօր այլ Հայաստան կունենայինք։

Ահա, հանրագիտարանային կամ վիքիպեդիայի այս պարզ պատմական փաստն է, որ հայ ժողովուրդը պիտի իմանար Նժդեհի մասին, քանի որ ամենադժվարը հե'նց գործողությամբ` միտքը կյանքի կոչելու ճանապարհով հերոսանալն է։ Նժդեհի սխրանքը բավարար է, որպեսզի նա հավերժ լինի հայ ժողովրդի հերոսը, որովհետեւ մարդն իր կյանքի գնով տված տարածքների ազատագրման արդյունքով արդեն որոշել է ճշմարիտի նշանակությունը։

Իրավունք ունի՞ հայ ժողովուրդը պաշտպանելու իր ինքնության, ազատության եւ դիմադրության խորհրդանիշ հերոսի հիշատակը որեւէ ազգի ոտնձգությունից. դա ոչ թե իրավունքի, այլ պարտականության եւ ազգային ինքնության պահպանության հարց է։ Իրավունք ունի՞ այլ պետության հեռուստաալիք քննադատել հարեւան պետության ազգային հերոսի նկարագիրը. իրավունք չունի, բայց, անշուշտ, միայն Գարեգին Նժդեհ անունից ազդվելու բավարար հիմքեր ունի. Նժդեհը մինչեւ վերջին շունչը կռվել է ռուսական օկուպացնող բանակի դեմ եւ ռուսական ԿԳԲ-ին կյանքով հատուցել իր սխրանքի համար։ Հայ ժողովուրդն իրավունք ունի՞ իր մայրաքաղաքում ունենալու իր հերոսի հուշարձանը` ունի։ Իսկ ո՞վ էր խանգարում, որ այդ հուշարձանը լիներ արժանավայել հերոսին։ Հայ ժողովուրդն իրավունք ունե՞ր ունենալու մեկ գեղարվեստական ֆիլմ իր հերոսի եւ նրա պատմական հերոսության մասին` ուներ։ Իսկ ո՞վ էր խանգարում, որ այդ ֆիլմն իր որակով եւ բովանդակությամբ չլիներ արձանի մակարդակից էլ վատ։ Գարեգին Նժդեհը կարո՞ղ էր գոնե hետմահու խաղաղ ննջել։ Չէր կարող։ Մեծերը մեռնելուց հետո առավելապես պատասխան են տալիս գործի համար` այս անգամ իրենց երկրորդ անմեղությունը ապացուցելու ուրիշի վերլուծական ջանքով։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30