Հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հատկանիշներով, ինչը կապվում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ։ Օսկանյանը որպես վկա է անցնում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրան արդեն երկու անգամ հրավիրել են ԱԱԾ, սակայն վերջին անգամ` հունիսի 13-ի հարցաքննության ժամանակ, նախկին արտգործնախարարը հրաժարվել է ցուցմունք տալ` ասելով, թե իր համար ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ կասկածյալ։ Անցած ուրբաթ օրը նույն գործով ԱԱԾ հրավիրված «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը եւս հրաժարվել է ցուցմունք տալ։ «Ազնիվ մարդը պետք է բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է, այս կամ այն հարցը ճիշտ չէ։ Բայց պարտիզանի պես լռելը անընդունելի է», երեկ այսպես է մեկնաբանել Օսկանյանի` ցուցմունք չտալու մասին որոշումը ԱԱԾ-ի տնօրենը` հավելելով, թե «ինչ-որ բան ավելացնելու իմաստ չկա»։ Վարդան Օսկանյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, թե նախկին արտգործնախարարը չի ցանկանում մեկնաբանել ԱԱԾ-ի տնօրենի այս խոսքերը։ Օսկանյանը երեկ արդեն երրորդ անգամ պետք է գնար ԱԱԾ, սակայն, ինչպես հայտնի է դարձել ռադիոկայանին, տեխնիկական պատճառներով հերթական հարցաքննության օրը տեղափոխվել է գալիք երկուշաբթի։
Օսկանյանն համոզմունք է հայտնել, որ «Սիվիլիթասի» գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա», եւ ցանկություն է հայտնել անգամ հրապարակել «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով փաստաթղթերը, եթե ԱԱԾ-ի քննչական վարչությունը տա համապատասխան թույլտվություն։ Քննչական վարչության թույլտվությունը հարկավոր է, քանի որ նախաքննությունը իրականացնում է հենց այդ մարմինը, իսկ այդ փաստաթղթերում առկա տվյալները կարող են համարվել նախաքննության գաղտնիք, որոնց հրապարակումը օրենքով արգելվում է։
Ավելացնենք նաեւ, որ երեկ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից։
Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է «Սիվիլիթասի» մամլո ծառայությունը։