08.06.2012 01:49 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վատ խաղաղություն

«Դիվերսիոն գործողություններով ադրբեջանցիները պատրանք են ստեղծում, թե պատրաստվում են պատերազմի».. «ՉԻ» հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը

«Դիվերսիոն գործողություններով ադրբեջանցիները պատրանք են ստեղծում, թե պատրաստվում են պատերազմի».

Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին խախտել ՀՀ պետական սահմանը։ Այս անգամ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում։ Հիշեցնենք, որ նախօրեին նույնպես հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել էր հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով հայկական կողմից զոհվել էր երեք, վիրավորվել վեց զինծառայող։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «ՉԻ»  հարցին` թե արդյո՞ք ազերիների դիվերսիոն ակտիվությունը պայմանավորված չե՞ն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հերթական այցով, պատասխանեց.

-  Խնդիրը շատ հստակ է։ Իսկապես, տեղի ունեցածը պետք է կապել ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ։ Եթե ուշադիր հետեւենք վերջին տարիներին ադրբեջանցիների բանակցային գործընթացների տրամաբանությանը, ապա պետք է փաստենք, որ ադրբեջանցիները պատերազմ չսկսելու հանգամանքը փորձում են միջնորդ երկրներին եւ մեզ ներկայացնել որպես մեծագույն կոմպրոմիս։ Սա մեծ բլեֆ է պարունակում, քանի որ նրանք պատրանք են ստեղծում, թե պատրաստվում են պատերազմի, բայց իրականում պատրաստ չեն։ Չնայած ազերիները  շատ լավ գիտակցում են, որ այս պահին պատերազմը ձեռնտու չէ տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող պետություններին եւ փորձում են շանտաժով հնարավորինս մաքսիմալը անել։ Ամեն անգամ, երբ տարածաշրջան կարեւոր այցելություններ են լինում, նրանք փորձում են ցույց տալ, թե իրենք կարող են պատերազմ սկսել, բայց չեն սկսում։

- Պարոն Ջամալյան, ինչո՞ւ  հայկական կողմը զգոն չէ սահմանի վրա, ինչո՞ւ նախապես չենք կարողանում դիմագրավել դիվերսիոն գործողություններին, ինչո՞ւ են զինվորներ զոհվում։

- Պետք է ասեմ, որ այս գիշեր տեղի ունեցած դիվերսիան կանխվել է։ Ուղղակի նշեմ,  որ անգամ ամենամարտունակ եւ գերազանց վիճակում գտնվող բանակը պոտենցիալ առումով խոցելի է դիվերսիոն գործողությունների հանդեպ, որովհետեւ նախաձեռնությունը դիվերսիան իրականացնողների կողմն է եւ իրենք են որոշում` ե՞րբ հարձակվել, ինչպե՞ս անել, որտեղի՞ց հարձակվել։ Իհարկե, ես չեմ բացառում, որ գուցե նաեւ եղել են թերացողներ։ Զինդատախազը նույնպես եղել է տեղում, եւ կարծում եմ նախաքննությունը կպարզի հանգամանքները։ Գուցե այո, իսկապես ճիշտ եք ասում, որ զինվորական օղակներում գտնվել են զինվորականներ, ովքեր կամ թերացել են, կամ բավարար չափով զգոն չեն եղել։ Մի հանգամանք եւս, եթե Արցախում  հենակետերը մոտ են իրար, էշելոնային եւ կազմակերպված պաշտպանություն կա,  ապա Հյուսիս-Արեւելքում հենակետերի խտությունը ավելի նոսր է (չնայած կազմակերպված պաշտպանությունն այստեղ էլ է առկա), քան Արցախում։ Դա հասկանալի է, որովհետեւ հարվածի հիմնական ուղղությունը Արցախն է եւ ամբողջ ուշադրությունը այն կողմ է ուղղված։ Վերջին շրջանում պաշտպանական օղակները փորձել են այստեղ էլ հենակետերը խտացնել եւ ավելի բարենպաստ դիրքեր ունենալ։ Բացի այդ, Արցախում գյուղերը ավելի մոտ չեն առաջնագծին, բայց այստեղ` Հյուսիս-Արեւելքում քսանից ավելի գյուղեր ունենք, որ հենց կրակի տակ են։ Սա կաշկանդող հանգամանք է։ Բոլոր դեպքերում, կարծում եմ խնդիրը ավելի զգոն լինելու մեջ է, օրինակ, նախօրեին զգոն էին, եւ այդ զգոնությամբ էլ կանխվեց։ Մենք պարտավոր ենք մշտապես զգոն լինել, որովհետեւ դա օրվա հրամայականն է։

 - Տարածաշրջանում հնարավոր համարու՞մ եք պատերազմի հավանականությունը ։

  - Նախ` ես այն տեսակետին չեմ, որ այս լարվածությունը կարող է բերել կրքերի շիկացման։ Կամ կողմերը ավելի հզոր զենքեր գործադրեն մեկը մեկի դեմ եւ տեղի ունենա ինքնաբուխ էսկալացիա, որովհետեւ մեր ժամանակներում պատերազմները այդպես չեն սկսվում։Մեր ժամանակներում պատերազմ սկսելու քաղաքական որոշում է ընդունվում ու պատերազմող երկիրը իր ողջ ներուժը օգտագործում է առաջին մի քանի օրվա ընթացքում հիմնական հարվածը հասցնելու վրա։ Էսկալացիան չի կարող բերել լարվածության, չի կարող բերել մեծ պատերազմի։ Դա չի կարող իրագործվել հենց այն  պատճառով, որ ուժերի հարաբերակցությունը ադրբեջանցիների օգտին չէ։ Եթե ադրբեջանցիները իսկապես զգային, որ մեր հանդեպ ունեն շեշտակի գերազանցություն, իրենք անվարան սկսելու էին պատերազմը։ Եվ մինչեւ միջազգային հանրությունը փորձեր ինչ-որ քայլերի դիմել, ինչ-որ մեխանիզմներ օգտագործել  եւ զսպման լծակներ կիրառել, ազերիները խնդիրը շատ արագ կլուծեին եւ փաստի առաջ կկանգնեցնեին բոլորին։ Հիմա ժամանակակից պատերազմները կարճաժամկետ են եւ ոչ մի երկիր չի ցանկանում ներքաշվել տեւական պատերազմի մեջ։ Թեեւ ադրբեջանցիները նավթի ու գազի հարուստ ռեսուրսներ ունեն,  բայց  հաղթական կայծակնային պատերազմի պատրաստ չեն։

 Հ.Գ. Դավիթ Ջամալյանի կարծիքով տարածաշրջանում շահեր հետապնդող գերտերություններին ձեռնտու է խաղաղությունը, եւ նրանք փորձում են ստատուս քվոն պահպանել «Վատ խաղաղությունը պատերազմից  լավն է» տրամաբանությամբ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30