18.05.2012 00:05 Հրանտ Մաթեւոսյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հոբելյան

Աշխարհի վերջը չէ

Գրողը պատասխանում է խմբագրի հարցերին

- Շնորհավոր Նոր տարի, սիրելի Հրանտ։ Բարի ու արգասաբեր լինի 91-ը քո անձնական կյանքում, հոգեկան խաղաղություն քեզ եւ ստեղծագործելու հարատեւ մղում։ Ի՞նչ ես կարծում՝ գրողի քո ժամանակավոր ամլությունը փոխհատուցվե՞ց պատգամավորական գործունեությամբ։

- Նոր տարվա մաղթանքդ փոխադարձում եմ, սիրելի Ֆելիքս, քեզ եւ խմբագրությանդ, իմ «Գրական թերթին», որ ծանր փորձությունն անցրեց եւ շարունակելու է իմացության լույս ու հավատ մաղել իր բազմահազար ընթերցողների վրա, որ աշխարհի մեծագույն գիտության օրենսդիրն է հայոց լեզվի մեր աշխարհում, որ տագնապների մեր ժամանակներում ինքը տագնապելու է ամենավերջինը կամ ամենեւին էլ չի մատնելու՝ թե նաեւ ինքն է տագնապած։ Ահա, սկսեցի հարցերիդ սահմանները մտնել... Պատգամավորական գործունեությունը, մանավանդ այսօր եւ առավել վաղը, գործ է, որին հարկ է նվիրվել գլխովին, այլապես, իշխանության բարձունքների փոխարեն, քո դեմ նույն լայնածավալ ամլությունը կփռվի։ Բայց ես չէի կարող եւ չեմ կարող մոռանալ, թե ով էի ես, որն էր իմ կոչումը, առավելագույնս ուր կարող էի ծավալվել։ Ես կարող էի խորհրդարանում այս-այս-այս, նաեւ այս ու այս անել, բայց հաճույքով նկատեցի, որ այդ-այդ-այդ, նաեւ այդ ու այդ բաները կարողանում ու անում են այսինչը եւ շատերը։ Ուրեմն չէր կարելի «երեխաների» ձեռքից գործը խլել։ Բայց խորհրդարանից դուրս ես այսինչ գործին էի, որ զուտ իմն էր, որ ոչ ոք այսօր, թեեւ ամեն ինչ վիճարկվում է, չի կարող կասկածի առնել։ Կանխելու, արգելելու, տաբու անելու բաներ նույնպես կային ու կան, այդտեղ արդեն ազգային բարձրագույն բնազդի ներկայությունն է հարկավոր, որ մի ժողովուրդ կամ ունենում է, կամ չի ունենում։ Մենք ըստ երեւույթին չունենք։ Եթե ունենայինք՝ ճիչը որեւէ մեկիս արդեն պատռած էր լինելու։ Չի պատռել, գործում ենք, գործիչներ ենք, քաղաքագետներ ենք, մերկացնում ու հանդերձավորում ենք (խորհրդարանը, կուսակցությունները), մեր գլխի ճարը թաքուն տեսնում կամ մեր ծանր ցավերի մեջ լուռ տապակվում ենք (ժողովուրդը)։ Մի երկու անգամ խաբվեցի։ Օրհաս կամ ճակատագիր էի զգում - սրտի թեթեւությամբ տեսա, որ սադրանք են։ Սրտի թեթեւությամբ եմ ասում, որովհետեւ սադրանքն ինչքան էլ բարդ ու խճճված՝ մարդու հորինվածք է եւ ուրեմն պարզելի։ Եվ այդ խաբվելն ինձ դանդաղեցրեց, «դանդաղ» պատգամավորներից եմ, թերեւս ամենադանդաղը։ Բայց մի ժպտա, եթե այդ ծույլ, դանդաղամիտ, խարդավանքը ճակատագրից չտարբերող եւ ուրեմն ողորմելի սադրիչներին ճակատագրի զորություն վերագրող մարդն ասում է. «Ես ձեր շանթարգելն եմ» կամ «Ես ձեր պահպանիչն եմ, եթե ես չայրվեմ՝ ձեր հյուսվածքն ամբողջովին կքրքրվի»։ Սա ճշմարտությունն է իմ մասին եւ կամ խոսք է մեր ազգային մարմնի մեջ նման մի գոյի անհրաժեշտության մասին։ Երբ զգամ, որ խորհրդարանում կա այդ մեկը, զոհի, այրվելու, ծղրտալու պատիվը երախտագիտությամբ իրեն եմ թողնելու, ինքս հեռանամ։

Առայժմ չկա այդ մեկը, բայց եւ առայժմ ամեն ինչ օքեյ է նրա համար, ճակատագիրն առայժմ շրջանցում է նրան -Նախագահը կանխում է եղբայրասպան ու ինքնասպան պատերազմները, Կաթողիկոսը դադարեցնում է պատգամավորների քաղաքական հացադուլը եւ այլն, ազգն ասես թե ունի բաց ասպարեզներից քաշված այն շրջահայաց ծերունին, որ խորհրդարանի վարիչներին զսպորեն շոյելով կամ թեթեւակի կշտամբելով՝ եկող օրվա դասեր է տալիս։

Շարունակելի

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30