20.01.2017 09:35 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

100 սցենար հանուն սերժի

Ներքաղաքական բեմականացման դերակատարները

Ներքաղաքական բեմականացման դերակատարները

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկուսուկես ամիս առաջ Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես աննախադեպ խառնաշփոթ է։ Հին ու նոր քաղաքական ուժերն իրար հետ անհասկանալի դաշինքներ են կազմում, քննարկում են այդ դաշինքներն իրար միացնելու սխեմաներ, շատից-քչից հայտնի դեմքերը «մի քանի ուժերից առաջարկներ են ստանում» եւ այլն։

Իսկ հասարակությունը մի տեսակ շվարած է։ Առանձին-առանձին բոլոր քաղաքական դեմքերի եւ ուժերի մասին կարծես թե ամեն ինչ հայտնի է, բայց ընդհանուր սխեման անհասկանալի է, թե ինչ սցենար է խաղարկվում` նույնպես։

 Իհարկե` այնպես չէ, որ նախընտրական այս խայտաբղետ բեմականացման սցենարը ծայրից ծայր գրվել է Բաղրամյան-26-ում, եւ այնտեղից բոլոր դերակատարներին հստակ հանձնարարականներ են տրվել, թե ով ինչով պիտի զբաղվի։ Բայց դրա կարիքն առանձնապես չկա էլ։ Եթե քաղաքական դաշտին ընդհանուր առմամբ հայտնի է, թե մոտավորապես ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, կարելի է նաեւ իմպրովիզացիաների դիմել։ Հասկանալի է` ընդհանուր սխեմայի շրջանակներում։

Իսկ Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ ապագան պատկերացնում է այսպես. Կարեն Կարապետյանի միջոցով թեթեւակի «ծյունինգ արված» ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ունենում է կայուն մեծամասնություն (ՀՅԴ-ի կամ որեւէ այլ ուժի հետ, թե միայնակ` էական չէ), մի 35-40 տոկոսն էլ տրվում է ընդդիմությանը, որպեսզի խորհրդարանական հարթակից սուր հարցեր բարձրացնեն, հասարակության մեջ կուտակված դժգոհության գոլորշին բաց թողնեն եւ թույլ չտան, որ մեծ պայթյուն տեղի ունենա` բողոքի զանգվածային ցույցերի տեսքով։ Պայմանով, իհարկե, որ այդ 35-40 տոկոսը լինի վերահսկելի ընդդիմություն։ Այսինքն` այնտեղ հավաքված լինեն այնպիսի դեմքեր, որոնց նկատմամբ ցանկացած պահի հնարավոր կլինի տարատեսակ լծակներ կիրառել եւ թույլ չտալ, որ նրանք իրենց շրջանակներից դուրս գան։ Ու պատահական չէ, որ այսօր քաղաքական դաշտում առավել ակտիվ են հատկապես նրանք, ովքեր լիովին համապատասխանում են այդ չափանիշներին։ ԲՀԿ-ն` իր առանցքային դեմքերով, Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը` իրենց խոցելի անցյալով ու ֆինանսական չարաշահումների վերաբերյալ փաստաթղթերի տրցակներով (այդպիսիք վստահաբար շատ խնամքով պահվում են հատուկ ծառայությունների գզրոցներում), Արթուր Բաղդասարյանը` իր ահռելի ունեցվածքով ու ցանկացած պահի այդ ամենը կորցնելու իրական վտանգով եւ այլն։

Բնականաբար` այս ուժերը, հայտնվելով խորհրդարանում, խոսելուց բացի այլ բան չեն անելու։ Ինչ-որ մանր-մունր հարցեր, իհարկե, կլուծեն. ասենք` որեւէ քաղաքի կամ գյուղի բարեկարգման հարցը համառորեն կբարձրացնեն եւ ի վերջո կհասնեն իրենց նպատակին, կաջակցեն քաղաքացիական ակտիվիստների ինչ-որ նախաձեռնությունների (ու այնքան կաղմկեն, մինչեւ Սերժ Սարգսյանն ասի «սիրուն չի» ու հանձնարարի լուծել այդ հարցը) եւ այլն, բայց մեծ հաշվով` այս կարգի ընդդիմությունն ընդամենը պիտի ապահովի ժողովրդավարության այն ֆոնը, որի վրա Սերժ Սարգսյանը պիտի ՀՀԿ-ի անունից միանձնյա ղեկավարի երկիրը` այնպես, ինչպես արել է մինչեւ հիմա։ Եվ, վստահաբար, նույն արդյունքներով։

Իսկ ի՞նչ պիտի անի այս իրավիճակում հասարակությունը։ Առաջին հերթին` պիտի հասկանա, թե որն է այս բեմականացման բուն նպատակը, եւ պիտի գիտակցի, որ առանձնապես մեծ տարբերություն չկա` Սերժ Սարգսյանի կուսակցությա՞նն է ձայն տալիս, թե՞ նրա «կոնտրոլի տակ» գտնվող բազմաթիվ ուժերից որեւէ մեկին։ Հասարակությունը պիտի ընտրություն կատարի ըստ երկու հիմնական չափանիշների։ Առաջին` տվյալ ուժը անհրաժեշտության դեպքում մարդկանց դուրս կբերի՞ փողոց, թե ոչ։ Ոչ թե այն պատճառով, որ մարդկանց փողոց դուրս բերելը ճիշտ է, այլ որովհետեւ Սերժ Սարգսյանը միայն դրանից է վախենում, եւ միայն այդ վախը կարող է ստիպել նրան ինչ-որ դրական բան անել։ Եվ երկրորդ` հաջողության հասնելու դեպքում այդ ուժն իսկապե՞ս ինչ-որ բան կփոխի, թե՞ ընդամենը գոյություն ունեցող կոռումպացված համակարգի դերակատարները կփոխվեն։

Ցանկացած այլ չափանիշով առաջնորդվելու դեպքում Հայաստանում ոչինչ չի փոխվելու։ Անկախ նրանից, թե ինչպիսի կոնֆիգուրացիաներով դաշինքներ կկազմեն հին ու նոր ուժերը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30