11.05.2018 06:29 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Չլինել տեսակով հանրապետական

Գյադաների ժամանակի ավարտը. հետեւողական մերժում

Գյադաների ժամանակի ավարտը. հետեւողական մերժում

Հազար ներողություն այս գեղեցիկ օրով Հանրապետական կուսակցության անունը տալու համար, բայց տեւական ժամանակ ստիպված ենք լինելու դա անել։ Հնչելու է այդ անունը, խոսվելու է նրանց մասին` ինչպես հիվանդության դեմ պայքարում, այսպես թե այնպես, շրջանառվում է ախտի անունը։

Մանավանդ որ այս կուսակցությունը պատգամավորական մանդատները չի հանձնել, չի հեռացել քաղաքական անդաստանից, ասենք, Բերձոր` այնտեղ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվելու։ Եվ որպես այս պետությանն ու նրա քաղաքացիների վերջին վնաս ու վատություն` որոշել է աշխատել որպես ընդդիմություն։

Հանրապետականը` ընդդիմություն։ Այն էլ` ժողովրդական լիակատար համերաշխության ու համաձայնության արդյունքում առաջադրված ու հաղթած վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական թիմին։ Այս տեսարանը դժվար է պատկերացնել հիմա էլ Ելք-ի հետ քաղաքական կոալիցիա ձեւավորած ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասով էլ։ Պատկերացնում եք` Հանրապետական պատգամավորները փիս-փիս հարցեր են տալու նախկին կոալիցիայի գործընկերներ ԲՀԿ, ՀՅԴ պատգամավորներին եւ փորձելու են ներազդել քաղաքական օրակարգ ու առաջնահերթություններ ձեւավորելուն։ Անգամ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանն է դժվարանում հանրապետականին նոր դերում պատկերացնել, թե` «Աշոտյանից ինչ ընդդիմություն»։

Մեկ շաբաթ առաջ եւ դեռ երեկ հայ ժողովուրդը տեսավ նրանց ընդդիմության դերում, երբ վարչապետի նոր թեկնածուին տալիս էին հարցեր, կարծես 20 տարի շարունակ Նիկոլ անունով մի մարդ էր պետության ղեկին, իսկ Հանրապետական կուսակցությունը` իբրեւ քաղաքական ընդդիմություն, հենց նոր մանանայի տեսքով երկնքից շաղեց ուղիղ հայկական խորհրդարան։ Նրանք այդ օրը վերջնականապես սպառեցին ՀՀ քաղաքացու համբերությունը եւ վաստակեցին համաժողովրդական ծով զզվանք։ Զարմացական նայել սեփական ուժերով փորած փոսին եւ քննադատական հարցեր տալ փոսը իմաստով լցնելու գործողություններին` սա այլ բան չէ, քան կլուբի մայմունություն։

Այսօր ՀՀԿ կարկառունները խոսում են անհանդուրժողականության եւ հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու անթույլատրելիության մասին։ Բակերում միշտ լինում են այդպիսի երեխաներ, որոնք փորում են ծառերի բունը, վնասում արմատները, վառում բակի շան ու կատվի պոչը, ծակում մեքենաների ու հեծանիվների անիվները, խփում երեխաներին, բայց բավական է բակի բնակիչները նրանց պատին սեղմեն, նրանք սկսում են աղիողորմ լացել, խոսել երեխաների իրավունքների պաշտպանությունից եւ ապա օգնության կանչել պապային ու մամային։ Այսպիսի երեխաները մեծանում եւ դառնում են հանրապետական։ Եթե ոչ անդամատոմսով, ապա վարքականոններով ու բնավորությամբ։ Հանրապետականն այլեւս կուսակցություն չէ, այլ մերժված աշխարհայացք։ Չլինել մարդասպան։ Չլինել գող։ Չլինել երեսպաշտ։ Չլինել պատեհապաշտ։ Չլինել տգետ։ Չլինել ագահ։ Չլինել չտես։ Չլինել թայֆաբազ։ Չլինել անհայրենիք։ Պարզապես չլինել գյադա։

Մերժված աշխարհայացքի կրողները հայտ են ներկայացրել լինելու եւ գործելու նոր աշխարհում։ Խնդիրն այն չէ, թե արդյոք կկարողանան կեղտոտ վարքականոններով եւ սպառված ներքին ռեսուրսներով գոյատեւել նոր պայմաններում։ Խնդիրն այն է, թե արդյոք հնարավոր կլինի ապահովել այդ մոտեցումը, եթե քննվի պետական ապարատում աշխատած յուրաքանչյուր հանրապետականի գործը։ Չկասկածեք` դրանցից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է պետության ու պետականության հանդեպ կատարած հանցագործություններ` սկսած ստատուսչիկից, վերջացրած քաղաքական լոյալության վրա խաղացող կոստյումավորով։ Իսկ պետական հանցագործությունը, հասկանում եք, քրեորեն պատժելի արարք է։ Եթե նոր ժամանակի Հայաստանում կյանքն այնքան սրընթաց լինի, որ սկզբնական փուլում ժամանակ չհատկացվի հանրապետական պաշտոնյաների գործունեությունն ուսումնասիրելու եւ դրանք քրեորեն` օրենքի շրջանակներում պատժելու համար, ապա ինչ-որ փուլում դա պարտադիր է լինելու։ Հնարավոր չէ նոր կյանք սկսել առանց նախորդին քաղաքական գնահատական եւ քաղաքական պատիժ սահմանելու։ Եթե անգամ հանրապետականները գնան, ասենք, Բերձոր եւ զբաղվեն, ասենք, կաղամբի մշակմամբ, միեւնույն է` նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն ՀՀ քաղաքացիների առաջ պետության եւ պետականության հանդեպ հանրապետական լինելու համար։

Իսկ հանրապետականը հիշում եք որն է` այն աշխարհայացքը, որը մերժել ենք։ Իսկ մերժված աշխարհայացքը չի կարող լինել ընդդիմություն։ Որովհետեւ եթե իշխանությունը երկրի այսօրն է, ապա ընդդիմությունը` վաղվա օրն է։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30