19.05.2015 16:43 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Համեստությունը գին ունի

Էլեկտրաէներգիայի թանկացման «ռուբիլնիկը»

Էլեկտրաէներգիայի  թանկացման «ռուբիլնիկը»

Երեկ Ազգային ժողովում իսկապես տարօրինակ իրավիճակ էր։ Խմբակցությունները պահանջում էին էլեկտրաէներգիայի թանկացման հարցով լսումներ կազմակերպել, ՀԱԿ-ն աշխատում էր այդ հարցով արտահերթ նիստ անցկացնելու ուղղությամբ, Հրանտ Բագրատյանը հայտարարում էր, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում կատաստրոֆա է լինելու եւ 5-15 տոկոս տնտեսական անկում է արձանագրվելու, իսկ Գալուստ Սահակյանը համառորեն թույլ չէր տալիս թեմայի շուրջ «շատ ծավալվել» եւ աջուձախ անջատում էր պատգամավորների խոսափողները։ Հիմնական «փաստարկն» էլ այն էր, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 4 հազար էջանոց հայտ է ստացել, թողեք, թող ուսումնասիրի` հետո կքննարկենք։

Հիմա մի կողմ թողնենք այն հարցերը, թե ով ում վրա գոռգոռաց, ով ում խոսափողն անջատեց եւ այլն ու փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն, ինչպես հայտնի է, արդեն հայտ է ներկայացրել եւ ուզում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 40 տոկոսով` բնակչության համար հասցնելով 59 դրամի։ Եվ սա` այն դեպքում, երբ ռուսական գազի գինը ՀՀ սահմանի վրա նվազել է` 189 դոլարից իջնելով 165-ի։ Թե Հայաստանի ջերմակայաններում որքան էլեկտրաէներգիա է ստացվում գազից` հայտնի է. մեկ խորանարդ մետրից ստացվում է մոտ 5,2 կիլովատ էլեկտրաէներգիա։ Էլեկտրակայանները, հասկանալի է, գազը ստանում են ոչ թե 165 դոլարով, այլ ավելի թանկ` 278 դոլարով, եւ այդ դեպքում ստացվում է, որ գազով արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմում է 5,3 ցենտ կամ 25,6 դրամ։ Բայց Հայաստանում էլեկտրաէներգիայի միայն 40 տոկոսն է արտադրվում ջերմակայաններում, եւս 40 տոկոսն արտադրվում է ատոմակայանում, 20 տոկոսը` ՀԷԿ-երում, իսկ էլեկտրաէներգիայի այդ տեսակների ինքնարժեքը շատ ավելի ցածր է։ Այսինքն` ամենաուռճացած հաշվարկներով ստացվում է, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը մոտ 20 դրամ է։ Հիմա, ահա, ռուսաստանյան այդ ընկերությունը հայտնագործել է, որ 20 դրամանոց ապրանքը 42 դրամով վաճառելը շահավետ չէ, եւ հայտ է ներկայացրել 59 դրամով վաճառելու համար (եկամտաբերությունը` 195 տոկոս)։ Խորհրդարանական մեծամասնությունն էլ չի առարկում, որ «լսումներ կազմակերպվեն»։ Թե ինչ կա այստեղ «լսելու»` անհասկանալի է։

Հիմա անդրադառնանք հարցի քաղաքական կողմին։ Բանն այն է, որ այս ամենի հետեւում կանգնած է ռուսաստանյան խոշորագույն ընկերություններից մեկը (շատ էլ սխալված չենք լինի, եթե ավելի պարզ ասենք` Ռուսաստանը)։ Հասկանալի է, չէ՞, որ եթե ՀԷՑ-ը պատկաներ ոչ թե ռուսական, այլ, ասենք, ֆրանսիական, արաբական կամ հնդկական որեւէ ընկերության` Հայաստանի քաղաքական դաշտի արձագանքն անհամեմատ ավելի բուռն կլիներ, խորհրդարանական մեծամասնությունն էլ իրեն չխոսկան հարսի պես չէր պահի։ Պարզ ասած` խնդիրն այն է, որ էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացումը շատ մեծ սպառնալիք է Հայաստանի համար, բայց քանի որ այդ սպառնալիքը գալիս է մեր ռազմավարական դաշնակցից` իշխանությունները գերադասում են ծպտուն չհանել։ Որեւէ տարօրինակ բան չե՞ք նկատում այստեղ։ Տեսեք` Ռուսաստանը մեծ քանակությամբ հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, ընդ որում` ի սկզբանե հայտնի է, որ Ադրբեջանն այդ զենքն օգտագործելու է մեր դեմ, եւ Սերժ Սարգսյանը, պատկերացրեք, իր մեջ համարձակություն է գտնում եւ հրապարակավ դժգոհում է դրանից։ Հարց է ծագում` բա էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում ինչո՞ւ ձայն չի հանում։ Ի՞նչն է պատճառը, որ մի դեպքում «դուխը հերիքում է», մյուս դեպքում չի հերիքում։

Պատճառը, կարծում ենք, այն է, որ Ռուսաստանի` Ադրբեջանին ժամանակակից զենք վաճառելու գործից Սերժ Սարգսյանը «քյար չունի», իսկ ՀԷՑ-ի «անարդյունավետ կառավարումից» լավ էլ «քյար ունի» եւ տարիներ շարունակ օգտվել է դրա բարիքներից։ Ու դա է պատճառը, որ իշխանություններն այսօր իրենց այսքան համեստ են պահում։ Եթե աղմկեն` «տակից» ինչեր ասես կարող են բացահայտվել։ Օրինակ` թե ինչպես է գոյացել այդ 250-300 միլիոն դոլարի «պարտքը», դրա որ մասը որ պաշտոնյայի գրպանն է մտել, ինչ ստվերային պայմանավորվածություններ են եղել եւ այլն։ Ու հենց այս հարցերն է, որ կարող է բացահայտել խորհրդարանական հանձնաժողովը։ Իսկ ահա «լսումները» չեն կարող բացահայտել։ Հեչ որ չլինի` Գալուստ Գրիգորիչը կանջատի անցանկալի խոսափողները, եւ վերջ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30