30.05.2017 11:04 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Հագեցած Week End

Հագեցած Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԱՄՆ։ Վիրջինիայի հիվանդանոցներից մեկում 89 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի անվտանգության էքս-խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին։  Այդ մասին իր Twitter-ում գրառել է Բժեզինսկու դուստր Միկան. «Իմ հայրը հանգիստ վախճանվել է այս գիշեր»։ Լեհաստանում ծնված պոլիտիկը Հարվարդի համալսարանի փիլիսոփայության բժիշկ է։ Նա հայտնի էր Խորհրդային Միության հանդեպ իր կոշտ վերաբերմունքով։ Բժեզինսկին մի քանի հայտնի աշխատությունների հեղինակ է։

Միսիսիպի նահանգի Բրուքհեյվեն քաղաքում փոխհրաձգության հետեւանքով ամենաքիչը 8 մարդ է զոհվել, որոնց թվում է տեղացի շերիֆը։ Հանցագործը ձերբակալված է, միջադեպի մանրամասները եւ մոտիվները չեն հայտնվում։

ՄՈՆԱԿՈ։ Կայացել է «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավը, որի այս տարվա Գրան-պրի մրցանակի դափնեկիրն է Ferrari-ի թիմում հանդես եկած գերմանացի Սեբաստյան Ֆեթելը։ Երկրորդ հորիզոնականում է Ֆեթելի թիմակից, ֆինն Քիմի Ռայկքոնենը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Red Bull-ի թիմում հանդես եկած ավստրալացի Դանիել Ռիկյարդոն։ «Ֆորմուլա-1»-ի հաջորդ էտապը` հունիսի 9-11-ը, տեղի կունենա Կանադայում։

ՇՐԻ-ԼԱՆԿԱ։ Երկրի տարածքում առատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից 146 մարդ զոհվել է, 112-ը անհայտ կորած է համարվում. տվյալ պահին աղետի գոտում 200,000 մարդ է գտնվում։ Շրի-Լանկան աղետի հետեւանքները կարգավորելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին եւ Հարավային Ասիայի երկրներին։

ՀՆԴԿԱՍՏԱՆ։ Քաշմիր նահանգում հնդկական զորքի զինծառայողները 10 զորայինների են ոչնչացրել, ովքեր փորձել են անցնել Քաշմիրի հսկիչ-անցակետային գիծը։ Տեռորիստները Ջամու եւ Քաշմիր նահանգներում գործող անջատողականներն են, ովքեր հանդես են գալիս անկախության կամ Պակիստանին միանալու համար։ Միաժամանակ, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնական սահման գոյություն չունի՝ երկու երկրներին բաժանում է հսկողության գիծը։

Գուջարաթ նահանգում Զիկի վիրուսով վարակի 3 դեպք է գրանցվել։ Ըստ ԱՀԿ-ի, 3 դեպքերից մեկը հաստատվել է «հատուկ թեստի օգնությամբ»։ Զիկի վիրուսը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մարդկանց փոխանցվում է մոծակների միջոցով եւ բնորոշվում է որպես բարորակ ընթացքով տենդ։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Ռամադանի առաջին օրը, երկրի արեւելյան հատվածում ականապատ մեքենա է պայթել, որի հետեւանքով 18 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ Հոսթ շրջանում պայթած մեքենան գտնվել է անվտանգության ուժերի ավտոմեքենաների շարասյան կողքին։ Ըստ տեղեկատվության, տեռորիստի նպատակը անվտանգության ուժերի աշխատակիցներն էին, ովքեր ուղեկցել են ամերիկյան զինվորներին։ Տեռակտի պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբակցություն իր վրա չի վերցրել։

ԻՐԱՔ։ Իրաքցի զինվորականները հայտարարել են, որ Ռամադանի առաջին օրը սկսել են Մոսուլի արեւմտյան շրջանների գրավման օպերացիան, որոնք գտնվում են «Իսլամական պետության» հսկողության տակ։ Օպերացիայի հրամանատար Աբդել-Ամիր Յարալուի խոսքերով, զորքը գրավել է Շիֆի եւ հանրապետական հիվանդանոցի շրջանները, դաշնային ոստիկանությունը՝ Զանջիլի շրջանը, իսկ հակատեռորի էլիտար ստորաբաժանումները՝ Սախայի շրջանը։

Երկրի հյուսիսային մասում թուրքական ՕՈւ-ի հատուկ օպերացիայի շրջանակներում ոչնչացվել է Թուրքիայում Քուրդստանի աշխատավորների կուսակցության 13 անդամ։ Հայտնվում է, որ թուրքական զորքը Ավաշին-Բասյան շրջանում տեռորիստների դիրքերին հարվածներ է հասցրել, որոնց արդյունքում կուսակցության 7 օբյեկտ է ոչնչացվել։

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ։ Մարավի քաղաքում, կառավարական զորքերի եւ «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցությանը սատարող տեռորիստների բախման արդյունքում, ընդհանուր առմամբ, 85 խաղաղ բնակիչ է զոհվել։ Զոհերի դիակները հայտնաբերվել են քաղաքի համալսարանի շրջակայքում։ Ավելի վաղ, նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մինդանաո շրջանում ռազմական դրություն է հայտարարել։

ՍԵՐԲԻԱ։ Նոր Բելգրադում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ի հայտարարությամբ, միջադեպի արդյունքում զոհեր եւ տուժածներ չկան։ Պայթյունի պատճառն անհայտ է, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

ՉԻՆԱՍՏԱՆ։ Ցզինան քաղաքում կառուցվող շենքի փլուզման հետեւանքով 6 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ զոհվածներն ու տուժածները բանվորեր են, ովքեր միջադեպի ժամանակ գտնվել են շենքի 2-րդ հարկում։ Չի բացառվում, որ փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել։

ԿՈՍՈՎՈ։ Ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը ալբանացիների կողմից անհատական տեռակտերի կազմակերպման կասկածանքով «Ժողովրդի աչքերը» կազմակերպության 4 անդամի է ձերբակալել։ Ռաջիպ Սալովը, Խալիմ Խալիմին, Բայրուշ Կոնյուշը եւ Սաբիթ Բերիշը քննվել եւ ձերբակալվել են։ Ըստ աղբյուրների, «Ժողովրդի աչքերը» կոսովյան պոլիտիկների, հասարակական գործիչների եւ լրագրողների վրա հարձակումների շարք են պլանավորում, եւ «դավաճանների սեփական ցուցակ» են մշակել։ Նշվում է, որ խմբակցությունը կապված է պրիշտինյան իրավաբանի եւ Հարավսլավիայի ու Կոսովոյի նախկին բարձրաստիճան ֆունկցիոներ Ազեմ Վլասիի վրա հարձակման հետ։

ԹՈՒՐՔԻԱ։  Հելմարմարա բնակավայրի շրջակայքում 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ։ Հնարավոր զոհերի եւ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ԵԳԻՊՏՈՍ։ «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպությունն իր վրա է վերցրել ղպտի քրիստոնյաների վրա կատարած հարձակման ողջ պատասխանատվությունը։ Ավտոմատներով զինված անհայտ անձինք Սուրբ Սամուելի տաճարի շրջանում  գնդակոծել են ղպտի քրիստոնյա երեխաներով լի ավտոբուսը։ Միջադեպի արդյունքում, 28 երեխա զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։

ՖՐԱՆՍԻԱ։ Անհայտ անձինք պղծել են նախկին նախագահ Շառլ դը Գոլի գերեզմանը։ Միջադեպը տեղի է ունեցել Կոլոմբե-դը-Դեզ-Էգլիզ բնակվայրում։ Հայտնի է, որ 2 տղամարդ ժամանել են գերեզմանատուն, որոնցից մեկը բարձրացել է դը Գոլի արձանին եւ այնտեղից նետել է տեղադրված քարե խաչը, որը փշրվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

ԼԻԲԻԱ։ «Ալ-Քաիդա» միջազգային տեռորիստական կազմակերպության հետ կապված «Անսար աշ-Շարիա» լիբիական տեռորիստական խմբակցությունը հայտարարել է իր լուծարման մասին։ Նման որոշումը կայացվել է մեծ կորուստների պատճառով։ Մասնավորապես, տեռորիստները խոստովանել են, որ զրկվել են իրենց հրամանատարությունից։ «Անսար աշ-Շարիան» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տեռորիստական կազմակերպությունների ցուցակում է ընդգրկված։

ՍՈՄԱԼԻ։ Աբուդ-Վաք քաղաքի սննդի բաժանման կենտրոնում անհայտ տղամարդու արձակած կրակահերթերի հետեւանքով ամենաքիչը 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Տվյալների համաձայն, AK-47-ով զինված տղամարդու թիրախում էին աղքատ մարդիկ, որոնցից 15-ը կանայք էին։ Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել։

ՌՈՒՍԱՍՏԱՆ: Մոսկվայի Crocus City Hall-ում կայացել է RU.TV հեռուստաալիքի 7-րդ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել ռուսական շոու-բիզնեսի բոլոր վառ ներկայացուցիչները: Երաժշտական իրադարձության այս տարվա հաղորդավարներն էին Ֆիլիպ Կիրկորովը, Սվետլանա Լոբոդան, Ալեքսանդր Ռեվան եւ Ելենա Սեվերը: RU.TV մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրներն են. «Լավագույն մեկնարկ»՝ «Грибы» խումբ- «Тает лед», «Լավագույն համերգային շոու»՝ Ֆիլիպ Կիրկորով - «Я», «Լավագույն երգչուհի»՝ Սվետլանա Լոբոդա, «Կինո եւ երաժշտություն»՝ Ֆիլիպ Կիրկորով - «О любви» (OST «Էկիպաժ»), «Ուղեւորվում ենք Ղրիմ»՝ «Хор Турецкого» - «С тобой навсегда», «Դրսի վիդեո»՝ Զառա- «Миллиметры» (ԱՄԷ), «Լավագույն հիփ-հոփ նախագիծ»՝ L-One, «Պարահրապարակի աստղ»՝ Ալեքսանդր Ռեվա (բեմական անունը Արթուր Պիրոժկով)- «#какчелентано», «Ֆան կամ պրոֆան»՝ Նյուշայի ֆան-ակումբ, «Լավագույն երգ»՝ «Время и Стекло» խումբ- «Навернопотомучто», «Լավագույն կրեատիվ»՝ Սվետլանա Լոբոդա- «Твои глаза», «Լավագույն դուետ»՝ Մոտ եւ Անի Լորակ- «Сопрано», «Լավագույն երգիչ»՝ Ստաս Միխայլով, «Լավագույն խումբ»՝ «Руки Вверх», «Լավագույն տեսահոլովակ»՝ Վալերի Մելաձե- «Прощаться нужно легко», «Жить» նախագծի համար հատուկ մրցանակ՝ Իգոր Մատվիենկո, «Տարվա արտիստ» հատուկ մրցանակ՝ Ֆիլիպ Կիրկորով:

ԱԼԲԱՆԻԱ։ Տիրանայում ընդդիմության նախընտրական ցույցի 70-ից ավելի մասնակից թունավորման նախանշաններով բժշկական օգնություն են խնդրել, այդ թվում նաեւ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լյուլզիմ Բաշը։ Մասնակիցներից 9-ը շարունակում են մնալ բժիշկների խիստ հսկողության տակ։ Հայտնի է, որ տուժածներն ունեն աչքերի գրգռվածություն, դեմքի եւ վզի շրջանում մաշկի վնասվածքներ, շնչառության հետ խնդիրներ։ Ականատեսների խոսքերով, Բաշի ելույթի ժամանակ օդում «սպիտակ փոշի» է հայտնվել։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Հայաստանյան գաղջ իրականության գարնան վերջին հոգնած ուիք էնդը։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30