06.10.2017 12:40 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վերահսկելին

Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք ինքնուրույն բանակը

Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք ինքնուրույն բանակը

Եվ այսպես, հայոց խորհրդարանն առանց դիմադրության վավերացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագիրը։ Պարզ ասած՝ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանն իրավունք է ստանում վերահսկել Հայաստանին մատակարարած սպառազինության օգտագործումը, այսինքն՝ Հայաստանն ըստ էության իրավունք չունի առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել, ասենք, C-300 հրթիռները կամ Իսկանդերները։

Նկատենք, որ մինչեւ հիմա այդ համեմատաբար ժամանակակից զինատեսակները Հայաստանում ընկալվում էին որպես Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հիմնական գործոն, ու հիմա հանկարծ պարզվում է, որ այդ գործոնը ոչ թե մեր ձեռքին է, այլ Ռուսաստանի։ Բայց Հայաստանի իշխանությունները գտնում են, որ մտահոգվելու կարիք չկա. չէ՞ որ Հայաստանն էլ իրավունք է ստանում վերահսկել Ռուսաստանին մատակարարած ռազմական արտադրանքը։ Այսինքն՝ եթե, օրինակ, մենք ռուսական ուղղաթիռների համար դռան բռնակներ ենք արտադրում, իրավունք ունենք ստուգել՝ դրանք ճի՞շտ են տեղադրվել, թե ոչ։ Համաձայնվեք՝ միանգամայն համարժեք փոխհատուցում է։ Ինչեւէ։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այսքան հեշտությամբ հանձնում ինքնիշխանության կարեւորագույն բաղադրիչները։ Հասկանալի է, որ լավ օրից չէ, հասկանալի է, որ ռուսական կողմից ճնշումներ կան, բայց ամեն դեպքում՝ կարելի էր նաեւ մի քիչ դիմադրել։ Ի վերջո՝ այդ զինատեսակները Հայաստանը ձրի չի ստացել։ Բայց անմիջապես էլ ծագում է երկրորդ հարցը՝ իսկ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունեցող բանակը։ Ի վերջո նրա քաղաքական «դոկտրինը» հայտնի է՝ «թող Ռուսաստանը մեր արտաքին անվտանգությունն ապահովի, իսկ մենք երկրի ներսում ինչ ուզենանք՝ անենք»։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի հիմնական նպատակը եղել եւ մնում է ցանկացած գնով իր անձնական իշխանությունը պահպանելը, իսկ բանակի դերակատարումն այդ հարցում էական չէ։ Բանակ է, ում ուզում է՝ թող ենթարկվի, միեւնույն է՝ ներքաղաքական կյանքում բանակը կարող է պետք գալ միայն համաժողովրդական ընդվզման դեպքում, իսկ նման բան Հայաստանին չի սպառնում։ Իսկ սեփական իշխանությունը պահելու համար ոստիկանությունն ու մյուս ուժային կառույցները միանգամայն հերիք են։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն իսկապես հենված է բացառապես ուժային կառույցների, եւ առաջին հերթին՝ ոստիկանության վրա։ Ինչո՞ւ են օլիգարխներն անվերապահորեն ենթարկվում նրան ու ընտրությունների ժամանակ անհրաժեշտ ձայներ ապահովում, ինչո՞ւ է քրեական աշխարհը ընտրությունների ժամանակ իշխանությունների օգտին ավելի եռանդուն աշխատում, քան ցանկացած երիտհանրապետական, ինչո՞ւ է ՀՀԿ-ական մեծամասնությունը հլու-հնազանդ կատարում շեֆի ցանկացած քմահաճույք՝ անկախ նրանից, համաձա՞յն է, թե ոչ։ Որովհետեւ անհնազանդության ցանկացած փորձ անմիջապես կավարտվի ոստիկանության «մասկի շոու»-ներով։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանին Իսկանդերների օգտագործման իրավունքը չի հետաքրքրում, ոստիկանության սպեցնազի ու Չերյոմուխայի օգտագործման իրավունքն է հետաքրքրում։ Ու կարելի է չկասկածել՝ եթե Ռուսաստանը պահանջեր բանակի փոխարեն ոստիկանության գործունեությունը վերահսկել, ՀՀԿ-ն անմիջապես ահավոր աղմուկ կբարձրացներ ու դա կգնահատեր որպես Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու բացահայտ փորձ։ Հնարավոր է՝ երիտհանրապետականներն անգամ եռագույն շարֆեր կապած դուրս գային փողոց կամ նստացույց անեին Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Որովհետեւ դա կնշանակեր, որ Ռուսաստանն է որոշելու, թե ինչպիսին պիտի լինեն Հայաստանի ցանկացած ընտրության արդյունքները, եւ ով պիտի ղեկավարի երկիրը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից մեր բանակը վերահսկելուն, ապա խնդիրը շատ ավելի խորն է։ Լիովին ինքնուրույն  բանակ ունենալու միայն մի ձեւ կա. պետությունն իր առջեւ պիտի դնի միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի է լուծել բացառապես սեփական ուժերով։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30