12.09.2013 18:07 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Միջպետական

Արտաքին հարաբերությունների մշակույթը

Սեպտեմբերի 7-ին ՀԱԿ վարչության նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շարունակում է մնալ ներքաղաքական ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Այս ելույթը, ի դեպ, աննախադեպ լսարան է հավաքել համացանցում։ Միայն Youtube-ում այն երեկվա դրությամբ դիտել է 27 հազ. մարդ։ Սա իսկապես ռեկորդային ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ ելույթից հետո քանի օր է անցել։

Համեմատության համար նշենք, որ դեռեւս 2012թ. դեկտեմբերին ՀՀԿ արտահերթ 14-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը, որը 2013թ. նախագահական ընտրությունների հետ էր կապված եւ «կոնցեպտուալ» ելույթ էր համարվում,  առ այսօր դիտել է ընդամենը 4,6 հազ. մարդ։

  Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ հակառուսականության խնդրին` նշելով, որ Կոնգրեսը եւ նրա անդամները չպետք է վիրավորական արտահայտություններ անեն Ռուսաստանի, ռուս ժողովրդի եւ ՌԴ նախագահի հասցեին։ Սա հասարակության որոշ շերտի կողմից միանշանակ չընդունվեց, շատերը Առաջին նախագահին մեղադրեցին ռուսամետության մեջ, որ ինչպես կարելի է, ռուսները, ավելի ճիշտ՝ Պուտինը վատն են եւ այլն։

Եվ ինչն է հետաքրքիր, որ այդ քննադատներից ոչ ոք չնկատեց կամ չցանկացավ նկատել Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա ընդգծեց, որ հակառուսական տրամադրությունների արմատավորմանը դեմ է եղել դեռեւս 1988թ. Ղարաբաղյան շարժման ժամանակ եւ հաճախ էլ թույլ չեն տվել, որ հանրահավաքներում Ռուսաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ արվեն։ Այժմ արժե  ներկայացնել 1988թ. օգոստոսին Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ նա անդրադառնում է հակառուսական տրամադրությունների թեմային։

«Վերջին ժամանակներս Ղարաբաղյան շարժման դեմ ուղղված հիմնական մեղադրանքներից մեկն է դարձել այն, որ իբր երեւանյան միտինգներում հակառուսական տրամադրություններ են բորբոքվում։ Սա պարզապես ստալինյան զինանոցից հանված հերթապահ մի հերյուրանք է, որով ավանդաբար ամբաստանվում է կենտրոնական իշխանությունների, սովետական բյուրոկրատիայի նկատմամբ արտահայտված որեւէ դժգոհություն։ Նման մոտեցումը, սակայն, ամենեւին չի կարելի կապել իշխանությունների թեթեւամտության կամ կարճատեսության հետ, քանի որ այն ունի շատ ավելի խորը պատմահասարակական եւ հոգեբանական արմատներ։

Մեզ այդպիսի մեղադրանք ներկայացնողները տարօրինակ կերպով մոռանում կամ միանգամայն բնական են համարում այն փաստը, որ սովետական մամուլը ավելի քան մեկ տարի զբաղված է հայ ժողովրդին վերակառուցման թշնամի, էքստրեմիստ, նացիոնալիստ, ձրիակեր հռչակելու եւ դրանով հակահայկական տրամադրություններ սերմանելու գործով, որի հետեւանքով, օրինակ, բանակում արդեն հալածանքներ են սկսվել հայ զինծառայողների հանդեպ։

Ղարաբաղյան շարժման նպատակն է սահմանադրական շրջանակներում ընթացող գործողություններով հասնել Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանի հետ՝ որպես սկզբունք խուսափելով որեւէ ազգի կամ ժողովրդի, որեւէ կրոնի կամ դավանանքի դեմ ուղղված թշնամական կամ վիրավորական արտահայտություններից։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք նաեւ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այնպիսի իրողությունների սկզբունքային քննադատությունից, ինչպիսիք են, օրինակ, ադրբեջանցի մոլեռանդների կողմից Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ գործադրված ցեղասպանության եւ սովետական բանակի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կիրառված բարբարոսության փաստերը։ Վճռական հակահարված պետք է ստանան նաեւ հայ ժողովրդի հասցեին ուղղված այն բոլոր անպատասխանատու հայտարարությունները, որ անպատիժ կերպով հրապարակում են առանձին ղեկավար անձինք եւ մամուլի ու հեռուստատեսության մարմինները։

Հայ ժողովուրդն իսկապես շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը կապել է Ռուսաստանի հետ եւ, անկախ կրած բազմաթիվ հուսախաբություններից, այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ՝ վերջինիս վերաբերմունքը հստակորեն տարբերելով իշխանությունների վարած մեծապետական շովինիզմի քաղաքականությունից։ Սակայն այժմ, երբ Ղարաբաղի խնդրով զգալի բարոյական հարված է հասցվել հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը, ապա կարող է վտանգվել նաեւ այդ համակրանքը։ Հայ եւ ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության ապահովման երաշխիքը ներկայումս գտնվում է Մոսկվայի ձեռքում, որի վտանգման պատասխանատվությունն էլ ընկնում է հենց նրա վրա։

Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է, հանրապետության բյուրոկրատիան։ Ինչի՞ նման է, օրինակ, այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրային աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին եւ գերադասում են ելույթներ ունենալ ռուսերենով, ռուսական դպրոցներն օգտվում են առանձնահատուկ շնորհներից, մինիստրություններում ու հիմնարկ ձեռնարկություններում հայոց լեզուն հանվում է գործածությունից, պաշտոնյաների առանձնասենյակների մակագրություններն արվում են ռուսերեն եւ այլն։ Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մեջ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության եւ ծրագրված ռուսականացման պատկերացում է ստեղծում, որ արդարացի զայրույթ եւ ավելորդ գրգռություն է հարուցում հասարակության լայն խավերի շրջանում։

Եզրակացությունը, թվում է, ինքնըստինքյան հասկանալի է. անկեղծ ձգտում հայ եւ ռուս, ինչպես նաեւ Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի եւ ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսեւորման դեմ։ Լ. Տեր-Պետրոսյան»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31