30.08.2013 20:53 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խոսք

Պետականությունը-հայրենաստեղծություն

Պետականությունը-հայրենաստեղծություն

Հիմա դա հնարավոր չէ պատկերացնել, սակայն 1990-ականներին, Հայաստանի համար ամենադժվար տարիներին, իսկական հայ մտավորականները, հայ արվեստագետները ոչ թե նվնվում էին, ոչ թե խոսում «գյոզալ» երկիրը քանդելու մասին, նոմենկլատուրային մտավորականի կարգավիճակը կորցնելուց, այլ այդ վիճակից դուրս գալու իրենց ավանդն էին փորձում դնել, իրենց լավատեսությունը, իրատեսությունը, իմաստուն խոսքը հասցնել քաղաքացուն։ Հայ քաղաքացուն։

Պետականության, առկա իրավիճակի, դրանցից դուրս գալու ուղիների, մտավորականի դերի մասին այդպիսի մի հետաքրքիր քննարկում է եղել երգահան Տիգրան Մանսուրյանի, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի եւ սփյուռքահայ քանդակագործ Արտո Չաքմազյանի մասնակցությամբ՝ 1992թ. սեպտեմբերին (հրապարակվել է «Հայաստանի Հանրապետությունում»), երբ Հայաստանի ու Արցախի համար ամենածանր պահն էր։ Ներկայացնում ենք նրանց խոսքը։

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. Կան հայրենասերներ, ովքեր իսկապես հայրենիք են ստեղծում, որն արժե սիրել կամ ասել։ Կա Թումանյանի «Անուշ», «Դեպի անհունը» ստեղծող Թումանյանի հայրենասիրությունը։ Կա Չարենցի հայրենասիրությունը, որը մշակութային խոշոր արժեքներ է բերել։ ... Այո, նման մարդիկ իսկապես երկրի աշխարհագրական տարածքը դարձնում են մեծ, շատ ավելի մեծ բան եւ կոչում են ՀԱՅՐԵՆԻՔ։ Ես սա ուրիշ բան չեմ կոչում, եթե ոչ՝ հայրենաստեղծություն, որը է՝ պետականությունը։

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.- Եթե արդեն կա քո երկամյա պետականությունը, այս պարագայում խոսելը բոլորովին ուրիշ իմաստ է ձեռք բերում երեկվա մեր խոսելու համեմատ, երբ հատկապես այսօրվա խոսելուն չի գալիս փոխարինելու քո գործը։ Իսկ սա նշանակում է, որ մենք ոչ միայն դոփում ենք տեղում, այլեւ հնացած ճշմարտություններ ենք կրկնում ընդամենը։ Այս է իմ հավատամքն այսօրվա իրականության պարտադրածի ուղղությամբ։

Հ.Մ.- Գործ ասածը նաեւ պատերազմ է։ Հիմա ի՞նչ անենք, երբ իսկապես պատերազմական իրողության առջեւ ենք կանգնած...

Տ.Մ.- Ինչո՞ւ չէ, գնալ նաեւ այնտեղ...

Հ.Մ.- Դու պատկերացնո՞ւմ ես որեւէ անգլիացի մտավորականի, որ այս վիճակում երբեւէ այլ բաների մասին խոսեր, քան իր Անգլիայի կամ իր սրբության վրա բարձրացված ձեռքի...

Տ.Մ.- Չեմ պատկերացնում։ Ես գիտեմ նաեւ շատ անգլիացիների, որոնք գնացել են ոչ միայն իրենց հայրենիքի, այլեւ ֆրանսիացիների համար կռվելու։ Մորիս Ռավելը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 3-4 տարի ճակատում էր։ Կարճահասակ էր, նրան չէին վերցնում բանակ։ Ստիպեց, որ իրեն եւս տանեն, գոնե այն պայմանով, որ այնտեղ լինի սանիտարական մեքենայի վարորդ։ Այո, հաջողացրեց այդ գործն ու գնաց ճակատ։ Օլդինգտոնը դարձյալ առաջին համաշխարհայինի ժամանակ գնաց ռազմաճակատ ու այնտեղից բերեց դարաշրջանի խոշորագույն վեպերից մեկը, որը հենց այդ պատերազմին էր վերաբերում, այսինքն, իրադրության պարտադրված պահանջով էին առաջնորդվում նրանց մտավորականները։

Հ.Մ.- Պատանի Ակսել Բակունցը Սարիղամիշի ռազմաճակատում էր, Գրիգոր Ղափանցյանը՝ Սարդարապատում, Դերենիկ Դեմիրճյանը այսօրվա հին ռուսական գիմնազիայի շենքի դիմաց զենք էր բաժանում։

Տ.Մ.- Չարենցն էլ խրամատներում էր... Եթե դեռ դանակը ոսկորին չի հասել, եւ Արտոն դեռ իրավունք ունի իր քանդակը դնելու այստեղ, ուրեմն ելքն այն է, որ օր առաջ դնի այդ քանդակը, որովհետեւ նույն կռիվն է, իսկ կռիվը հո մի ճակատով չի՞ լինում։ Կռիվը լինում է բոլոր բնագավառներով։ Լինում է՝ հայերենը ամրացնելուց, հայերենի ոգեղեն գոյությունը դպրոցներում, բուհական համակարգում պարտադրելուց, բարոյական արժեքները նոր լույսի տակ տեսնելուց, քաղաքականությունից, այն ճիշտ վարելուց, արտաքին աշխարհի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները առաջ տանելուց, խոտանն իր անունով կոչելուց, բազմաթիվ այլ բաներից։

ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ.- Միջակությունը չգովաբանելուց...

Հ.Մ.- Այո, նաեւ միջակությունը չգովաբանելուց...

Ա.Չ.- Կարծում եմ, որ արդեն մեր երանելի ժամանակը եկել է։ Ես դա տեսնում եմ իմ ասպարեզում՝ նկարիչների միությունում, ուր միջակություններն այլեւս տեղ չունեն, նյութական օժանդակությունը չեն ստանում պետությունից եւ ստիպված իրենք իրենց գլխի  ճարը պիտի տեսնեն, որովհետեւ այդ բոլոր բաները տեղի էին ունենում, երբ իրական, նորմալ վիճակում չէինք ապրում։ Եվ այստեղ, այս ծանր պայմանների մեջ ես նկատեցի մի անկյուն, որտեղ սկսել են մի քիչ չխաբել, չհայտարարել... Ելքի մասին եք խոսում։ Ելքի մասին չպիտի հայտարարենք։ Ի՞նչ ձեւով է այն լինելու, ի՞նչ կերպ է լինելու. միայն գործողություններով պիտի փորձենք, եւ այդ գործողությունները, որ կկատարվեն, ինքնըստինքյան կբացեն ելքը։ Ելք է, օրինակ, թեկուզ Տիգրանի ձայնապնակների տպագրությունը, եւ նրանց տարածումն աշխարհով մեկ, որը նաեւ իմ երազանքն է եղել։ Ահա դա պիտի դրվի մարդկության առջեւ, որպեսզի աշխարհը ծանոթանա հայ երաժշտությանը։ Նույնը գրականության մասին կասեի, նույնը՝ քանդակի, նկարչության, որովհետեւ, կարծում եմ, որ մեզ ծանոթ այս ծանր վիճակի միակ ելքը, որը բացվելու է, բացվելու է մեր մշակույթի, մեր մտավորականության, գիտնականների միջոցով, եւ ոչ թե միմիայն զենքի։

Հ.Մ.- Իսկ եթե պարտադրել, ստիպել են, որ զենքը ձեռքդ առնես... Ծանր հարց է... քաղաքական մտքի ինչ-որ ապասեւեռում եղավ, որ պատճառն է՝ ծավալվել էր մի պայքար, որը գնում էր խորհրդային կոչված պլատֆորմի վրա։ Հետո այդ պլատֆորմը հանվեց մեր տակից, եւ այդ պայմաններում կռիվը տեղափոխվեց բոլորովին ուրիշ հրապարակ, որտեղ բոլորս դեռ սրտխառնուք ենք զգում, եւ իրերն իրենց անուններով չենք կարողանում կոչել։ Բարեփոխումների մի պայքար էր ծավալվել մի տարածության վրա, որ անկապտելի ու անտրոհելի էր հռչակված, ճիշտ է՝ այսօր, արդեն մեռյալների ձայնով։Եվ այդուհանդերձ, միությունը քայքայվեց, եւ ժողովուրդները հայտնվեցին մի ծանր կացության առջեւ, որտեղ մահ ու կործանումն է։ Ոչ շարքային, կաֆկյան ռեալիզմ, կարծես ժպիտով սկսված դատավարություն՝ որ մահ է հոտում, եւ սուբյեկտը (մենք) դեռ չի էլ հասկացել, որ ինքն արդեն փորձության օբյեկտ է։ Ահա սա է իրողությունը։

Շարունակելի

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31