Բանից պարզվում է` ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվազյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաեւ հնդիկ բարեկամների միջոցով։ Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն` բիզնես դաշտում առավելագույն ճարպկություն ցուցաբերած սույն պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու։ Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաեւ, որ Այվազյանը դեռեւս դանդաղում է իր նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի։
Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կազմի ձեւավորմանը, երկրորդ` Այվազյանի հեռահար ծրագրերը շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում։ Թեեւ, չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կկարողանա ընդհանուր հայտարարի գալ նաեւ ներկայիս կառավարության հետ։