07.03.2017 00:12 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատահաբար հիշեցինք

Խաբեության ամենամեծ ռեսուրսը

Խաբեության ամենամեծ ռեսուրսը

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է ու արդեն իսկ լայնորեն քննարկվում է հասարակության տարբեր շերտերում, բայց առայժմ բովանդակային մասը կարծես թե երկրորդ պլան է մղված` ավելի շատ քննարկվում են այն հարցերը, թե քաղաքական որ ուժի տեսահոլովակներում ինչ հայտնի դեմքեր կային, ովքեր էին երգում եւ այլն։

Մինչդեռ արժեր նաեւ բովանդակությանն ուշադրություն դարձնել։ ՀՀԿ հիմնական քարոզչական դեմքը` վարչապետ Կարեն Կարապետյանն, օրինակ, տարավ-բերեց ու հայտարարեց, թե «մենք ձգտում ենք անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստանի»։ Լավ է, իհարկե, որ չասաց, թե այդ ամենին արդեն հասել ենք, բայց ամեն դեպքում` արժե քննարկել «բաղադրիչներն» առանձին-առանձին։

Եվ այսպես` ՀՀԿ-ն, պարզվում է, ձգտում է ունենալ անկախ Հայաստան։ Խոսքը, ենթադրաբար, իրական անկախության մասին է, որովհետեւ ձեւականորեն Հայաստանն արդեն 25 տարի է անկախ է։ Իսկ թե ինչու այդ իրական անկախությունը չկա` կարծում ենք, հասկանալի է։ Հայաստանն, օրինակ, լիակատար էներգետիկ կախվածության մեջ է Ռուսաստանից։ Պատահաբար չե՞ք հիշում, թե այսօրվա ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներից ով է ամենամեծ նպաստը բերել այդ «ազնիվ գործին»։ Վայթե Կարեն Կարապետյանն էր։ Իսկ պատահաբար չե՞ք հիշում, թե ով «մի գիշերվա մեջ» Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ։ Ոնց որ թե Սերժ Սարգսյանն էր։ Հիմա ահա սրանք երկուսով ձգտում են ունենալ անկախ Հայաստան։

Անցնենք «անվտանգ» բաղադրիչին։ Եթե խոսքը արտաքին անվտանգության մասին է, ապա մեր մեջ ասած` Սերժ Սարգսյանը միակ նախագահն է, որի օրոք Ղարաբաղում տարածքային կորուստներ ենք ունեցել։ Բայց նա, պետք է ենթադրել, արդեն դասեր է քաղել ու սրանից հետո թույլ չի տա, որ մութ ուժերը ռազմական տեխնիկայի վառելիքին անորակ նյութեր խառնեն։ Եվ ընդհանրապես` իրենք ձգտում են ունենալ անվտանգ Հայաստան, իսկ Ղարաբաղի մասին խոսք չկա (չէ՞ որ ընտրությունները միայն Հայաստանում են)։

Երրորդ ձգտումը արդար Հայաստան ունենալն է։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմա այդ հարցում լուրջ պրոբլեմներ կան։ Շարքային քաղաքացիներն անընդհատ ոտնահարում են ՀՀԿ-ի իրավունքները, չեն թողնում, որ ՀՀԿ-ական օլիգարխներն ապրանքներ ներկրեն, իրենց երեխաներին բանակ ուղարկելու փոխարեն ուղարկում են արտասահման` սովորելու, եւ միայն խեղճ պաշտոնյաների երեխաներն են ծառայում բանակում, իրենց «ժիգուլիներով» կտրում են պաշտոնյաների ջիպերի ճանապարհը եւ այլն։ Այսպես շարունակել չի կարելի, եկել է երկրում արդարություն հաստատելու ժամանակը, եւ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաստատ կհասնի դրան։

Եվ իհարկե` ՀՀԿ-ն ձգտում է ունենալ ինտելեկտուալ Հայաստան։ Մենք էլ անընդհատ մտածում էինք` տեսնես ինչո՞ւ է ԱԺ նախագահի պաշտոնը Գալուստ Սահակյանը զբաղեցնում, իսկ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներում ներգրավվածների համարյա կեսը այբուբենին ծանոթ է միայն շատ հպանցիկ։ Պարզվում է` պատճառն ինտելեկտուալ Հայաստան ունենալու ձգտումն է։ Դրա համար էլ ասպիրանտուրաներում պետպատվերով տեղերն անընդհատ կրճատվում են, իսկ բուհերի հիմնական զբաղմունքը «սաքուլիկներ» բուծելն է։ Բայց սա կախարդական շղթա է։ Չէ՞ որ երկիրն ավելի ինտելեկտուալ դարձնելու համար պետք է քաղաքական իշխանություն ունենալ, իշխանություն ունենալու համար պետք է ձայներ կեղծել, ձայներ կեղծելու համար պետք է ոչ թե ակտիվ ու կրթված երիտասարդություն ունենալ, այլ «սաքուլիկներ»... Մի խոսքով` ինտելեկտուալ Հայաստան ունենալու համար պետք է Հայաստանում խեղդել ինտելեկտը։

Կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ ենք առանձնահատուկ ուշադրություն դարձնում ՀՀԿ նախընտրական կարգախոսներին, չէ՞ որ քաղաքական մյուս ուժերի կարգախոսներն ու «ծրագրերն» էլ պակաս անհեթեթ չեն։ Միանգամայն ճիշտ է։ Պարզապես առաջին հերթին հենց ՀՀԿ-ն է այս վիճակի հիմնական մեղավորը, ու հենց ՀՀԿ-ն է հավակնում եւս հինգ տարի շարունակել այս համատարած խայտառակությունը։ Վերջին հաշվով` ամենավտանգավորը նրա սուտն է, ով խաբելու ավելի մեծ ռեսուրսներ ու լծակներ ունի։

Մյուսներն ինչքան ուզում են, թող խաբեն։ Դա հինավուրց, գեղեցիկ ավանդույթ է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30