24.11.2017 08:09 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Այսպես վասալների հետ են խոսում

Ֆորպոստին Նժդեհ չի հասնում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի հայտնի ռեպորտաժը Հայաստանում մեծ իրարանցում առաջացրեց։ Բանն այնտեղ հասավ, որ Էդուարդ Շարմազանովը (մեղա-մեղա) հայտարարեց, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է։ Ավելի ուշ ռուսական հեռուստաալիքն, իհարկե, համացանցից հեռացրեց այդ հաղորդումը՝ ըստ երեւույթին այնտեղ շատ արագ հասկացան, որ հերթական անգամ «էշ-էշ դուրս տալով» Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք են բարձրացնում, բայց՝ ինչպես հրեական հայտնի անեկդոտում է ասվում, նստվածքը մնաց։

Այն, որ ռուսական հեռուստաալիքն իսկապես «էշ-էշ դուրս էր տալիս», ակնհայտ է։ Նժդեհի ուսմունքը ֆաշիզմի հետ առանձնապես կապ չունի, երկրորդ համաշխարհայինի տարիներին էլ նրա գործունեությունը դավաճանություն անվանել չի կարելի՝ այն պարզ պատճառով, որ Նժդեհը ԽՍՀՄ քաղաքացի չէր (ի տարբերություն, ասենք, գեներալ Վլասովի)։ Եվ ընդհանրապես՝ հայ ժողովուրդն ուրիշների ասելով չէ, որ պիտի որոշի, թե ովքեր են իր հերոսներն ու դավաճանները։ Ուրիշ բան, որ Հայաստանի իշխանություններին ուղղված «մեսիջի» առումով ռուսների ասածի մեջ որոշակի տրամաբանություն կա։

 Ի վերջո ի՞նչ են ուզում հասկացնել ռուսները Սերժ Սարգսյանին։ Նրանց ասածը մոտավորապես հետեւյալն է. «չհասկացանք, եթե մինչեւ վերջ տրվել ես Ռուսաստանին, եթե երկրիդ տնտեսությունը մինչեւ վերջին պտուտակը հանձնել ես մեզ, եթե արտաքին քաղաքականությունդ հանձնել ես մեզ, եթե արտաքին անվտանգությանդ երաշխավորը մենք ենք, ուրեմն բարի եղիր այնպիսի խորհրդանիշ ընտրել, որ գոնե մեր դեմ կռված չլինի, էդ ի՞նչ թիթիզություններ են»։ Առավել եւս, որ Ռուսաստանում էլ լավ գիտեն՝ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած ՀՀԿ-ն Նժդեհի ու նժդեհականության հետ ընդհանրապես որեւէ կապ չունեն, ու նույն հաջողությամբ պատեհապաշտ կարիերիստների այդ խաժամուժը կարող էր որպես խորհրդանիշ ընտրել, ասենք, Ագաթանգեղոսին, Միկլուխո-Մակլային կամ Յապոնչիկին, իսկ ՀՀԿ զինանշանի վրա թրի եւ արծվի փոխարեն, ասենք, բադրիջան-բիբար նկարել։

 Հասկանալի է, որ ռուսներին Նժդեհի կերպարը նյարդայնացնում է։ Ռուսներին նյարդայնացնում են բոլոր նրանք, ովքեր երբեւէ պայքարել են իրենց կայսերական ծավալապաշտության դեմ։ Ընդ որում՝ ռուսները լավ գիտեն, որ Հայաստանում նացիստական գաղափարախոսության հետք անգամ չկա, եւ ծոծրակներին սվաստիկա դաջած ու «88» գրությամբ շապիկներ հագած սքինհեդների ոհմակները ոչ թե Երեւանի փողոցներում են շքերթներ կազմակերպում, այլ Մոսկվայի։ Բայց «ֆորպոստի» ղեկավարությունից նրանց դժգոհությունը տեղին է՝ չի կարելի միաժամանակ եւ՛ Նժդեհի արձանը կանգնեցնել, եւ՛ Միկոյանի անունով փողոց անվանակոչել։ Չի կարելի միաժամանակ եւ՛ (թեկուզ ձեւականորեն) նժդեհյան գաղափարախոսություն դավանել, եւ՛ կամովին դառնալ Ռուսաստանի մարզ (ու հպարտորեն հայտարարել, թե «զատո գազը կստանանք Ռուսաստանի ներքին գներով»)։

Ցավոք՝ մեր հասարակությունն իշխանությունների այս բացառիկ ցինիզմին վաղուց սովորել է։ Երբ կոմսոմոլի նախկին ակտիվիստը դարձավ նժդեհական կուսակցության առաջնորդ ու իր հետ «բիրիքով» կուսակցություն բերեց երիտկարիերիստներին ու թաղային կրիմինալին, նժդեհյան գաղափարախոսության իրական նվիրյալների մեջ մեկը չգտնվեց, որ կանգնի-ասի «ախր ձեզանից ի՞նչ նժդեհականներ, Փուչիկ Կարենից ի՞նչ ազգայնական, սուսուփուս ձեր լափը լափեք ու Նժդեհին հանգիստ թողեք»։ Կամ խռովեցին ու մի կողմ քաշվեցին, կամ խառնվեցին նորերին ու ստացան իրենց փայը։ Սա է բուն պրոբլեմը, թե չէ ռուսները ինչ կասեն-ինչ չեն ասի՝ ո՞ւմ է հետաքրքիր։

Վերջին հաշվով, եթե Հայաստանում իսկապես բացառապես սեփական պետության շահերով առաջնորդվող հզոր քաղաքական ուժ լիներ, ոչ ռուսական, ոչ ցանկացած այլ երկրի հեռուստաալիք չէր համարձակվի այդքան նվաստացուցիչ հաղորդումներ պատրաստել մեր մասին։ Չէին համարձակվի նաեւ այն դեպքում, եթե Հայաստանի իշխանություններն իրենց վասալների նման չպահեին։ Որովհետեւ այդ լեզվով միայն վասալների հետ են խոսում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30