14.03.2017 07:13 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տվողներն ու ուզվորները

Տարածաշրջանի ամենահակահիգիենիկ քարոզարշավը

Տարածաշրջանի ամենահակահիգիենիկ քարոզարշավը

Երեւի ժամանակն է, որ Հայաստանում բոլոր տեսակի նախընտրական քարոզարշավներն օրենքով արգելվեն։ Եվ առաջին հերթին` ընտրողների հետ հանդիպումները։ Ընդ որում` դա պետք է անել «կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ծրագրի» շրջանակներում. ճիշտ այնպես, ինչպես ձգտում են նվազագույնի հասցնել, ասենք, քաղաքացի- չինովնիկ կամ գործարար-հարկային տեսուչ անմիջական շփումները։

Բայց խնդիրն, իհարկե, միայն կոռուպցիոն ռիսկերը չեն։ «Ընտրողների հետ հանդիպումներ» կոչվող միջոցառումներն ուղղակի նվաստացուցիչ են, եթե չասենք հակահիգիենիկ։ Իսկ դրանց հեռարձակումը տարբեր հեռուստաալիքներով ընդհանրապես անթույլատրելի է, որովհետեւ բարդույթավորում է շատից-քչից նորմալ մարդկանց։ Դրանց հետեւողների մեջ անխուսափելիորեն տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ ազգաբնակչությունը կազմված է բացառապես արժանապատվության վերջին կաթիլը կորցրած ուզվորներից, իսկ պատգամավորության թեկնածուները բացառապես անուղեղ ու հնդուհավերի նման փքված ինչ-որ դեմքեր են, ում «ժամանակավոր կարիքը» ստիպել է զզվանքը մի կերպ քողարկելով շփվել «հասարակ ժողովրդի» հետ։

Շատ տգեղ ներկայացում է` ե՛ւ ձեւով, ե՛ւ բովանդակությամբ։ Հավասարապես տգեղ են ե՛ւ մի քանի հազար դոլարանոց կոստյում փչացնելու վտանգն անտեսելով «հասարակ ժողովրդին» գրկող պաշտոնյան, ե՛ւ նրանից ինչ-որ բան պոկելու ակնկալիքով շողոքորթողները, եւ նրա հետ սելֆի անելու հեռանկարից երջանկացած անուղեղները։ Էլ ավելի տգեղ է այս ամենի բովանդակությունը։ Խաբում են առանց աչք թարթելու, խաբում են բացառիկ լկտիությամբ, խաբում են` լավ իմանալով, որ իրենց երեսին ճշմարտությունն ասողներ չեն լինելու (որովհետեւ «տեղական պատասխանատուները» հետո նրանց հարցերը կլուծեն)։ Ու այս ամենը ներկայացվում է որպես ժողովրդավարության մի չտեսնված-չլուծված տոնահանդես։

Այս ամենն անգամ «փողի ու զոռբայության կռիվ» չէ, սա բացահայտ ծաղրուծանակ է` ՀՀԿ-ն ծաղրում է ժողովրդին ու հրճվում, որ դիմադրություն չկա։ Տեսեք` ՀՀԿ-ի բոլոր քարոզչական պաստառների վրա վարչապետ Կարեն Կարապետյանի նկարն է։ Ընդ որում` նա միակ մարդն է ՀՀԿ վերնախավում, որ ցուցակում ներառված չէ եւ ոչ մի դեպքում պատգամավոր դառնալ չի կարող։ Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ ծաղրուծանակ։ Տեսեք` ժողովրդի 70-80 տոկոսը չի կարողանում վճարել գազի ու էլեկտրաէներգիայի համար, ընդ որում` գազն ու էլեկտրաէներգիան տարածաշրջանում ամենաթանկն են։ Եվ ովքե՞ր են համակարգում ՀՀԿ ընտրարշավը «տեղերում»։ Ճիշտ է, «գազի» ու «լույսի» մարդիկ։ Բանակում չծառայածները խոսում են թշնամուն ծնկի բերելու մասին, բանակում ծառայելով միլիոնատեր դարձածները խոսում են կոռուպցիան արմատախիլ անելու մասին, ժողովրդի արյան վրայով պորտֆելների տիրացածները խոսում են սկզբունքայնության մասին, կոլխոզի պահեստներից սալյարկա-բան գողանալով «մարդ դառածները» եվրոպական արժեքներից են խոսում, եւ այսպես շարունակ։

Ուրիշ ճար չկա, նախընտրական խոստումներով ժողովրդին խաբելն ու հետագայում այդ խոստումները չկատարելը պիտի քրեական հանցագործություն համարվի։ Ճիշտ այնպես, ինչպես խաբեությամբ ուրիշի ունեցվածքին տիրանալը։ Եթե այդպես լինի, քաղաքական ուժերը երկար կմտածեն մարդկանց առաջ «ամբախ-զամբախ» խոսելուց ու անհեթեթ խոստումներ տալուց առաջ։ Բայց քանի որ այդպիսի օրենք չկա` ՀՀԿ-ն կարող է հայտարարել, որ, ասենք, աշխատավարձերն ու թոշակները կրկնակի բարձրացնելու է, աղետի գոտի հասկացությունը վերացնելու է, բացելու է կես միլիոն աշխատատեղ, մի չորս-հինգ հատ ատոմակայան, մի յոթ-ութ հատ նավահանգիստ եւ այլն։ Հիշում եք, չէ՞, թե նախորդ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ինչ խոստումներ էր տալիս։ Դրանցից քանի՞սն է կատարել։ Ոչ մեկը։ Բայց նրա մտքով անգամ չի անցնում թեկուզ մի կեսբերան ներողություն խնդրել։

Նույնն էլ հիմա Կարեն Կարապետյանն է անում։ Օրինակ` նա կհամարձակվի՞ հայտարարել, որ պատրաստ է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե իր ասած այդ 3,5 միլիարդ դոլարի ներդրումները չարվեն։ Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե Հայաստանը չդառնա տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը։

Թե՞ ուղղակի «դրայվի մեջ» խոսում են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30