10.02.2017 08:41 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կեղծ ադամանդներ

Դրայվի եւ տոկոս խփելու մարտավարությունները

Դրայվի եւ տոկոս խփելու մարտավարությունները

Պաշտոնական տվյալների համաձայն, 2016-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է մոտ 0,5 տոկոս։ Սա, իհարկե, աճ չէ, բայց լավ է գոնե, որ անկում չի եղել։ Այլ հարց է, որ նման կարգի պաշտոնական ցուցանիշներով հնարավոր չէ պատկերացում կազմել երկրի իրական վիճակի մասին։ Նախ` որովհետեւ վիճակագրական տվյալները հավաստի չեն (օրինակ` հնարավոր չէ պարզել, թե իրականում քանի տոննա կարտոֆիլ է աճեցրել գյուղացին իր բոստանում, կամ քանի ձու են ածել նրա հավերը), երկրորդ` եթե անգամ որեւէ օլիգարխի բիզնեսներն աճել են մի 10-20 տոկոսով, դրանից երկիրը շահում է միայն չնչին մասով, իսկ բուն շահույթը օլիգարխը դուրս է բերում երկրից։

Փոխարենը` կան երկու ցուցանիշներ, որոնք շատ հստակ ցույց են տալիս երկրի իրական վիճակը, որովհետեւ այդ ցուցանիշները կեղծել գործնականում հնարավոր չէ։ Դրանցից մեկը բնակչության թիվն է, մյուսը` պետական պարտքի ծավալները։ Երկու դեպքում էլ վիճակն աղետալի է։ 2016-ին Հայաստանից արտագաղթել է մոտ 53 հազար մարդ (կամ բնակչության 1,5 տոկոսը), պետական պարտքն էլ ավելանում է օրական 1,2 միլիոն դոլարով։ Հատուկ շեշտում ենք` օրակա՛ն։

Ու հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Զուգահեռաբար երկու պրոցեսներ են ընթանում։ Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում է «վիզ դրած» շտկել իրավիճակը, Սերժ Սարգսյանն էլ փորձում է իր կուսակցական թիմով հաղթել առաջիկա ընտրություններում եւ պահպանել իշխանությունը։ Սկսենք առաջինից։ Տեսականորեն Կարեն Կարապետյանի կառավարությունն ամեն ինչ ճիշտ է անում։ Եթե որեւէ կառավարություն ցանկանում է Հայաստանի վիճակում հայտնված որեւէ երկրի վիճակը շտկել, պիտի մի քանի շատ հստակ քայլեր անի. պայքարի կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, կրճատի պետական ծախսերը, ամեն գնով ներդրումներ բերի, մարդկանց լավատեսություն ներշնչի, դրական սպասումներ ձեւավորի եւ այլն։ Ինչը եւ փորձում է անել կառավարությունը։

Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է անում նաեւ Սերժ Սարգսյանը։ Նա ղեկավարում է մի կուսակցություն, որի վարկանիշը հասարակության մեջ համարյա զրոյական է, եւ որի անվանումն անգամ որպես հայհոյանք է ընկալվում, հետեւաբար` նա այդ կուսակցության հաղթանակը կարող է ապահովել միայն «ռեյտինգային թեկնածուներով», պարզ ասած` այնպիսի դեմքերով, որոնցից յուրաքանչյուրի վրա կարելի է առանց դժվարության քրեական օրենսգրքի մի 20-25 հոդված դնել։

Բայց խնդիրն այն է, որ զուգահեռաբար ընթացող այս երկու պրոցեսների միջեւ ակնհայտ հակասություն կա։ Հնարավոր չէ, որ նույն ուժը ազնիվ մղումներով փորձի շտկել երկրի վիճակը ու միաժամանակ կիսաքրեական դեմքերով ու մաքուր քրեական մեթոդներով պահպանի իշխանությունը։ Հայտնի ճշմարտություն է` եթե տարեց քեռին երիտասարդ զարմուհուն ադամանդներ է նվիրում, ուրեմն կամ քեռին է կեղծ, կամ ադամանդները։ Այնպես որ, հիմա մենք պիտի հասկանանք` կառավարությա՞ն մղումներն են կեղծ, թե՞ Սերժ Սարգսյանի։ «Երկուսն էլ անկեղծ են» տարբերակը պիտի միանգամից բացառել, որովհետեւ եթե այդպես լիներ` Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը պիտի ոխերիմ թշնամիներ լինեին ու դաժան պայքար մղեին միմյանց դեմ, բայց նման բան չկա. լավ էլ իրար հետ աշխատում են։

Ուրեմն ինչպե՞ս տարբերել կեղծն ու իրականը։ Շատ պարզ. պետք է ոչ թե խոսքերին հավատալ, այլ սեփական աչքով տեսածին։ Օրինակ` որեւէ մեկն իր սեփական աչքով տեսե՞լ է կոռուպցիայի դեմ իրական պայքար` նոր կառավարության կատարմամբ։ Ինչքան ասես լսել է, բայց տեսնելը` հաստատ չի տեսել։ Իսկ որեւէ մեկն իր աչքով տեսե՞լ է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատրաստվում առաջիկա ընտրություններում պահպանել իշխանությունը։ Իհարկե, ամեն օր էլ տեսնում ենք։ «Ռեյտինգայինների» ցանկը կամաց-կամաց հստակեցվում է, անձնագրային տվյալներ հավաքելու գործընթացն էլ արդեն սկսվել է։

Այլ կերպ ասած` ակնհայտ է, որ «կեղծը» կառավարության մղումներն են։ Իրական նպատակը ոչ թե երկրում ինչ-որ բան փոխելն է, այլ հակառակը` Սերժ Սարգսյանի հետագա իշխանությունն ապահովելը, որպեսզի ամեն ինչ շարունակվի առաջվա պես։ Այսինքն` ամեն տարի երկրից արտագաղթի բնակչության 1,5 տոկոսը, պետական պարտքն էլ ավելանա օրական 1,2 միլիոն դոլարով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30