«ՉԻ» - Գիտե՞ք, թե ինչի հաշվին է ազգային վիճակագրությունն այսպիսի լավատեսական թվեր ստացել։ Բանից պարզվում է` հունիսին կանաչ լոբին էժանացել է 73 տոկոսով, բիբարը` 53 տոկոսով եւ այլն։ Չէ, բոլորն, իհարկե, գիտեն, որ իրականում համարյա ամեն ինչ թանկացել է` հացը, կաթնամթերքը, մսամթերքը, կարագը, հանքային ջուրը, շաքարավազը, ձկնեղենը եւ այլն, ավելին` թանկացել են նույնիսկ այն մթերքները, որոնց միջազգային գներն իջել են, բայց դա կապ չունի։ Կարեւորը կանաչ լոբին է։ Եվ իհարկե` բիբարը։ Փաստորեն, կառավարության իմաստուն քաղաքականության շնորհիվ հունիսին կանաչ լոբին ավելի էժան է եղել, քան մայիսին։ Եվ որպես արդյունք` բարձրացել է բոլոր նրանց կենսամակարդակը, ովքեր սնվում են բացառապես կանաչ լոբով եւ բիբարով։ Երեւի ժամանակն է, որ բոլոր այդ մարդիկ գնան մտնեն Տիգրան Սարգսյանի աշխատասենյակն ու շնորհակալություն հայտնեն։