Հիշեցնենք, որ հունիսի 29-ին` ԼՂ կատարած իր այցի ժամանակ (ինչը, հաճախակի երեւույթ չէ Նալբանդյանի պարագայում), վերջինս մեկնաբանություն էր տվել «Արմենպրես» գործակալությանը, որտեղ էլ խոսել էր այդ մասին։ Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ինքը քննարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, Նալբանդյանը ընդհանուր եզրերով ներկայացնելով քննարկման թեման, բառացիորեն հայտարարել էր. «Ես կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում։ Հիշեցնեմ նաեւ, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականապես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ։ Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ»։
Այսինքն, Նալբանդյանը վերջապես խոստովանել էր այն, ինչ պաշտոնաթողությունից առաջ հայտարարում էր Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Հիշեցնենք, որ դեռեւս 2008-ի հունիսին էր Մերզլյակովը հայտարարում, թե «Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցությունը բանակցային գործընթացին կարող է իրականացվել բանակցությունների առանձին կետերի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո։ «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մասնակցելու է բանակցային գործընթացին, բայց դա իրականություն կդառնա միայն այն բանից հետո, երբ երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մադրիդյան բանակցությունների շրջանակներում կհամաձայնեցնեն պայմանագրի հիմնարար սկզբունքները»,- ասել էր նա։ Սակայն, ինչպես հայտնի է, այն ժամանակ հայկական կողմը չէր խոստովանում, որ նման բան կա, եւ դեռ ավելին, կասկածները փարատելու համար շարունակում էր պտտեցնել հին ձայնասկավառակը` «առանց ԼՂ-ի չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում» ֆորմատով։
Սակայն ամենատարօրինակը ոչ թե Մերզլյակովի խոստովանությունն էր, այլ այն, որ այսօր, անգամ Նալբանդյանի նման բացահայտ խոստովանությունից հետո, Ղարաբաղում ոչ միայն չեն խոսում այս թեմայով, այլեւ նույնիսկ փորձում են այլ կերպ մեկնաբանել, այնպես, ինչպես ձեռնտու է։ Զորօրինակ ԼՂՀ գործող նախագահ, ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի մամլո խոսնակ քաղաքագետ Դավիթ Բաբայանը։ Մեր բոլոր այն փորձերը` վերջինից ստանալ հստակ պատասխան, հստակ գնահատական այս հայտարարությանը, այդպես էլ արդյունք չտվեցին։ Պարոն Բաբայանը շարունակում էր պնդել, թե Նալբանդյանի հայտարարությունը ամենեւին էլ չի նշանակում, թե Ղարաբաղը բանակցություններին պետք է միանա Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո կամ էլ` որ այդ սկզբունքները պետք է համաձայնեցվեն առանց Ղարաբաղի։ Ավելին, պարոն Բաբայանը Նալբանդյանի հայտարարությունն անվանեց դիվանագիտական հնարք, որով իբր վերջինս ցանկանում է շեշտել, թե Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, որ միայն «Ղարաբաղի հավանություն» բառակապակցությունը չի նշանակում չմասնակցություն։ Այսինքն, Նալբանդյանն ասում է հավանություն բառը, որպեսզի այդ հավանությունը ստանալու համար Ղարաբաղին դարձնեն բանակցային կողմ։ Թե չէ դժվար էր պատկերացնել մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը կարող էր փաստաթուղթը ստորագրելուց րոպեներ առաջ զանգել Բակո Սահակյանին, ասեր, որ հիմա ստորագրելու եմ, դու էլ իմացի, որ տվել ես քո հավանությունը, եւ դրանով էլ ամեն ինչ կավարտվեր։
Մինչդեռ, չգիտես ինչու, ԼՂՀ իշխանությունները ուշագրավ պահվածք են որդեգրել։ Նրանց թվում է, եթե մի բանը շատ ասեն, անգամ եթե դա առաջին հայացքից անհնար թվա, ապա արդյունքում այն իրականություն կդառնա։ Այդ պատճառով էլ Նալբանդյանի հայտարարության մեջ ոչ թե տեսնում են այն, ինչ կա, այլ այն, ինչ կցանկանային, որ լիներ։ Ի դեպ, մենք Դավիթ Բաբայանից նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Նալբանդյանի հայտարարությունը հեռանալուց առաջ արված Մերզլյակովի հայտարարության կրկնությունը չէ։ Մեր այս հարցին ի պատասխան Բաբայանը հայտարարեց, թե Մերզլյակովը վաղուց արդեն համանախագահ չէ։