25.04.2014 14:31 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ջուրը փող է

Նաղդը թողած` ապագայի մասին չեն մտածում

Նաղդը թողած` ապագայի մասին չեն մտածում

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Ակադեմիկոս Ջրբաշյանը ելույթ է ունեցել ու հայտարարել, թե չի կարելի թույլ տալ, որ Սեւանա լճից հավելյալ ջուր բաց թողնվի (ինչպես նախատեսված է կառավարության որոշմամբ), որովհետեւ Սեւանը մեր ռազմավարական ռեսուրսն է, բացի այդ էլ` հաճախ մեր գյուղացիներն ի վիճակի չեն լինում վճարել, եւ ջրի 70 տոկոսը հոսում է Ադրբեջան։ Սերժ Սարգսյանն էլ բավականին կոշտ հակադարձել է, թե «ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենա՞նք...

Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք` էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»։ Հետո էլ հայտարարել է, թե «Սեւանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում»։ 

Սերժ Սարգսյանը երեւի տեղյակ չէ, որ ջուրը հոսելու հատկություն ունի, ընդ որում` որքան էլ տարօրինակ է, միշտ վերեւից ներքեւ է հոսում։ Ավելին. այդ ապազգային կանոնը տարածվում է նաեւ Սեւանի ջրի վրա, որը Հրազդան գետով լցվում է Արաքսը, վերջինս էլ, հաշվի չառնելով «Հայոց մայր գետի» կարգավիճակը, հոսում է ուղիղ Նախիջեւան։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք եւ անցնենք բանավեճի սկզբունքային բաղադրիչին։ Սերժ Սարգսյանի ասածը սա է. «հասկանում եմ, որ Սեւանը կարեւոր է, բայց այսօր Հայաստանի վիճակը լավ չի։ Մենք հո ախմա՞խ չենք, որ էսօրվա օրը թողած` վաղվա մասին մտածենք»։ Սա նույնպես դիրքորոշում է եւ գոյության իրավունք ունի։ Իսկապես, եթե երկրի վիճակը ծանր է` կարելի է նաեւ ապագայի հաշվին ինչ-որ այսրոպեական խնդիրներ լուծել։ Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը բոլոր հարցերում է առաջնորդվում այդ սկզբունքով։ Պարտադիր կուտակայինի դեպքում, օրինակ, նրա մոտեցումը ճիշտ հակառակն է։ Այդ դեպքում նա ասում է. «հա, հասկանում եմ, որ մարդկանց սոցիալական վիճակը ծանր է, բայց ավելի լավ է այսօր մեր գոտիները ձգենք, որպեսզի 30-40 տարի հետո արժանապատիվ թոշակ ստանանք»։ Հարց է ծագում` ո՞րն է այս տրամագծորեն հակադիր մոտեցումների պատճառը, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մի դեպքում կարեւորում այսօրվա օրը, մյուս դեպքում` գերադասում այսօր «նեղություն քաշել» հանուն ապագայի։

«Գյուղացին ու արջը» հեքիաթում, օրինակ, «շուստրի» գյուղացին խաբում է արջին` մի դեպքում արմատն է վերցնում ու ցողունը տալիս նրան, մյուս դեպքում` հակառակը, եւ երկու դեպքում էլ ինքը շահում է։ Որքան էլ տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանը վարվում է ճիշտ եւ ճիշտ այդ «շուստրի» գյուղացու նման։ Ինչ «այսրոպեական խնդիրներ», ինչ «ապագային միտված ծրագրեր», դրանք դատարկ խոսքեր են։ Սերժ Սարգսյանը երկու դեպքում էլ ընտրում է այն տարբերակը, որը «նաղդ» փող է բերում։ Ե՛վ պարտադիր կուտակայինի ներդրումն է «նաղդ» փող բերող, ե՛ւ Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելը։ 30-40 տարի հետո այսօրվա երիտասարդները կհասնեն թոշակային տարիքի եւ այսօրվա պես խղճուկ թոշակ կստանան` իրե՞ն ինչ, ինքն այն ժամանակ չի լինելու։ 30-40 տարի հետո աշխարհում քաղցրահամ ջրի համար պատերազմներ կսկսվեն, ու հանկարծ կպարզվի, որ Սեւանն արդեն ճահիճ է` իրե՞ն ինչ, իր համար կարեւորն այն է, որ այդ ջուրն այսօ՛ր փողի վերածվի։ Ինքը գիտի, չէ՞, որ այն երկրում, դեպի ուր հոսելու են Սեւանի ջրերը, այսպիսի ասացվածք կա. «նաղդ օլսուն` սողան օլսուն»։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը հայտարարեց նաեւ, թե Սեւանա լճից բաց թողնվող ջրի ծավալները 40 տոկոսով ավելացնելը պայմանավորված է նրանով, որ «պրոբլեմներ են առաջացել` կապված բնակլիմայական պայմանների հետ»։ Լո՞ւրջ։ Այդ դեպքում ինչո՞ւ է կառավարության որոշման մեջ գրված, որ լրացուցիչ ջուր պետք է բաց թողնել մինչեւ 2019 թվականը։ Կառավարությունը վստա՞հ է, որ ամեն տարի երաշտ է լինելու, թե՞ հավաստի տեղեկություններ ունի, որ 2019-ից հետո անընդհատ անձրեւ է գալու։ Կարելի էր, չէ՞, դրա փոխարեն որոշում ընդունել, որ եթե անհրաժեշտություն լինի` կքննարկվի լրացուցիչ ջուր բաց թողնելու հնարավորությունը։ Բայց` չէ. իրենք որոշել են ամեն տարի ջուր բաց թողնել, եւ վերջ։ Այդ միայն դպրոցական դասագրքերում է գրված, որ ջուրը կյանք է, իրականում ջուրը փող է։ Իրենք գյուղացիներին վաճառվող ոռոգման ջրով փող կաշխատեն, ռուսները` Սեւան-Հրազդան կասկադում էլեկտրաէներգիա արտադրելով։

Ինչեւէ։ Դեռ լավ է, որ առաջիկայում Ազգային ժողովը պիտի վավերացնի կառավարության այս որոշումը։ Մեկ էլ տեսար` չվավերացրեց։ Պոտենցիալ ձկնաբույծն այլեւս վարչապետ չէ։ Չնայած` հիմա էլ Արարատյան դաշտի գլխավոր հողագործն է վարչապետ։ Սեւանի համար ի՞նչ տարբերություն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30