Ավելին, 99-ին ընտրված ԱԺ նիստերից հետո, առաջին անգամ մեծ հետաքրքրություն է առաջացել ԱԺ նիստերի նկատմամբ, մարդիկ սկսել են սպասել ԱԺ նիստերին, հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, ինչ ելույթներ են ունենում։ Իհարկե, ԱԺ կայքը ուղիղ հեռարձակում էր ապահովում ԱԺ նիստերի դահլիճից, սակայն քանի որ կապը պարբերաբար կտրվում էր, մեկ ձայնն էր լսվում, մեկ կադրն էր միայն երեւում, իսկ մարդկանց հետաքրքրությունն էլ շատ մեծ էր, ուստի երեկ նույնիսկ Facebook սոցիալական ցանցում հատուկ խումբ ստեղծվեց, որտեղ պահանջում էին ԱԺ նիստերը ուղիղ եթերով հեռարձակել Հանրային հեռուստաալիքով։
Ինչ վերաբերում է երեկվա նիստին, ապա, ինչպես եւ նախօրեին, երեկ եւս թե՛ իշխող կոալիցիայի պատգամավորները, թե՛ կառավարության անդամները դարձել էին ընդդիմության մասնագիտական գրոհի թիրախ։ Դեռ նախօրեին ելույթ ունենալու համար հերթագրված Կոնգրեսի խմբակցության պատգամավորները` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, իրենց ելույթները շարունակեցին երեկ։ Խմբակցության անունից երեկ առանձին ելույթ ունեցավ նաեւ Հրանտ Բագրատյանը, որն, ի դեպ, նախօրեին եւս հանդես էր եկել ելույթով` մասնագիտորեն ջախջախելով կառավարության ծրագիրը։ Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ ինքը նախօրեին մի րոպեի ընթացքում կարողացել է այնպես անել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 3 սխալ թույլ տա, մասնավորապես արտագաղթի թեմայով։ Սխալներից մեկը վերաբերում էր Սարգսյանի հայտնի հարցազրույցին, որտեղ նա ասել էր, թե ի՞նչ անենք, պայքարենք արտագաղթի դեմ, որ այդ կրիտիկական մասսան մնա այստեղ եւ հեղափոխությո՞ւն անի։
Հիշեցնենք, որ նախորդ օրվա նիստում Սարգսյանը ի պատասխան Արամ Մանուկյանի հարցի հայտարարել էր, թե ինքը նման հայտարարություն չի արել, եւ որ իր խոսքերը աղավաղվել են։ Արամ Մանուկյանը երեկ նշեց, որ ինքն ունի այդ խոսքերի ձայնագրությունը եւ պատրաստ է ցանկացողներին տրամադրել այն։ Դահլիճում հատկապես բուռն արձագանք եղավ ՀՀԿ-ականների կողմից, երբ Մանուկյանը թվերով ներկայացրեց, որ անցած գումարման ԱԺ-ում օրենքների մեծ մասը բերել էր կառավարությունը, իսկ մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն միայն ընդհանուրից 9 տոկոս օրենքների նախագծեր էր հեղինակել, իսկ ՀՀԿ-ական պատգամավորներն էլ միջինացված թվերով միայն 1.5 անգամ են դեմ քվեարկել նախագծերին։ Մանուկյանի այս խոսքերի ժամանակ տեղից ՀՀԿ-ականները սկսեցին միջամտել, ինչի արդյունքում մինչ Մանուկյանը արձագանքում էր նրանց, նախատեսված ժամանակը սպառվեց, եւ վերջինս չկարողացավ ելույթն ավարտին հասցնել։
Լյուդմիլա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ կառավարության կողմից ներկայացված ծրագրի երկօրյա քննարկումը մտահոգվելու եւ լուրջ հետեւությունների տեղիք է տալիս, եւ որ այն չի ապահովում մեր երկրի տնտեսության կայուն զարգացման եւ ժողովրդի սոցիալակակն վիճակի բարելավման հստակ մեխանիզմներ։ «Ծրագիրն իրենից ներկայացնում է զգուշավոր խոստումների եւ վիրտուալ ցանկությունների մի շարք, որտեղ կատարվելիք քայլերի եւ կոնկրետ ժամկետների մասին ոչինչ չի ասում»,- նշեց Սարգսյանը։
Լեւոն Զուրաբյանի ելույթի մեխն այն էր, որ կառավարության ծրագրի քննարկումը նաեւ նշանակում է կառավարության վստահության հարցի քննարկում։ Զուրաբյանը հարցրեց, թե արդյո՞ք կարելի է վստահել մի կառավարության, որն իշխանությունը պահպանել է միայն պետականորեն կազմակերպված լայնածավալ եւ համատարած ընտրակեղծարարության շնորհիվ` ներառյալ ընտրակաշառքի բաժանումը, բազմակի քվեարկությունը եւ ընտրողների վրա ապօրինի ճնշումները։ Արդյո՞ք մի կառավարություն, որը հօգուտ իրեն կեղծել է 500,000-ից մինչեւ 700,000 ձայն, կարող է հաշվետու համարվել ժողովրդի առաջ։ «Ոչ, նման կառավարությունը հաշվետու է լինելու միայն այդ ընտրակեղծարարությունն ապահոված բոլոր տեսակի կոռումպացված պաշտոնյաների, տեղական կրիմինալ հեղինակությունների եւ ապօրինի տնտեսական մենաշնորհներից եւ արտոնություններից օգտվող այսպես կոչված «օլիգարխների» առջեւ։ Ժողովրդի շահերից բխող ցանկացած իրական բարեփոխում նշանակում է՝ զրկել բազմաթիվ նման խմբերին ապօրինի արտոնություններից, ինչը արժանանալու է նրանց կատաղի դիմադրությանը։ ...Արդյո՞ք մենք կարող ենք վստահել մի կառավարության, որի պաշտոնավարման օրոք Վերահսկիչ պալատի կողմից մեկ տարվա բյուջետային ծախսերի ընդամենը 4 տոկոսի` պատահական ընտրանքով ստուգումների արդյունքում` հայտնաբերվել է 8 միլիարդ դրամի յուրացում։ Պարզ էքստրապոլյացիայի մեթոդի կիրառումը ցույց է տալիս, որ միայն Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված պետական միջոցների յուրացման ծավալը կազմում է տարեկան կես միլիարդ դոլար։ Եվ քանի որ զեկույցների հրապարակումից հետո ոչ ոք չի պատժվել, ես հարց եմ տալիս. կարելի՞ է վստահել սեփական ժողովրդից 4 տարվա ընթացքում առնվազն 2 միլիարդ դոլար գումար գողացած կառավարությանը»,- հայտարարեց Զուրաբյանը։ Կոնգրեսի խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ այս կառավարությանն ու այս իշխանություններին ոչ միայն չի կարելի վստահել մեր ժողովրդի ճակատագիրը, այլեւ օր առաջ պետք է նրանից ազատվել։ Նրա խոսքով, սա իհարկե հնարավոր չի լինի անել այստեղ ներկայացված չորս խմբակցությունների` դեմ քվեարկությամբ, եւ որ դրա միակ միջոցը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, ժողովրդի հանրահավաքային ակտիվությունն է, քանի որ ավազակապետական կառավարությունները երբեք կամովին չեն զիջում իրենց ապօրինի արտոնությունները։ Այդ պատճառով էլ Զուրաբյանը ժողովրդին կոչ արեց հունիսի 26-ին ժամը 19.00-ին հավաքվել Ազատության հրապարակում եւ այնտեղ հայտնել վերաբերմունքը այս իշխանությունների նկատմամբ։ Այս վերջին հայտարարությանն ի պատասխան Հովիկ Աբրահամյանը ռեպլիկ թողեց, թե Լեւոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնը օգտագործելու փոխարեն հանրահավաքի կոչեր է անում։
Խմբակցության անունից ելույթ ունեցած Հրանտ Բագրատյանը նշեց, որ Կոնգրեսի խմբակցությունը քննարկել է կառավարության գործունեության այս ծրագիրը եւ եկել եզրակացության, որ այն բացարձակապես չի համապատասխանում մեր իրականության պահանջներին։ Մասնավորապես, նրա խոսքով, կառավարությունը չի փորձել վերլուծել նախորդ 5 տարիներին կատարածը եւ դրա հիման վրա ներկայացնել առաջիկա ժամանակաշրջանի համար կոնկրետ գործողությունների ծրագիր։ Բագրատյանը մասնավորապես խոսեց տնտեսական աճից` նշելով, որ այսօր խոստացած 47-61% տնտեսական աճի փոխարեն ունենք 10.9%, այն էլ 2007թ. 13.7% աճի հաշվին, որ 2007-2011թթ. ՀՀ լքել է 157 հազար մարդ, 2007-2011թթ. աղքատությունը 23%-ից հասել է 36%-ի։
Բագրատյանը հիշեցրեց նաեւ, որ երկրի արտաքին պարտքը հատել է 6.5 մլրդ դոլարի սահմանը, որից պետականը՝ շուրջ 4 մլրդ դոլար։ «Այդ ընթացքում արտաքին պարտքը ավելի քան կրկնապատկվել է։ Ինչպե՞ս կարելի է գլուխ գովել, թե չնայած ճգնաժամին միակ պետությունն ենք, որ աշխատավարձերն ու թոշակները վճարել ենք։ Սա կատարյալ սուտ է, հնչեցրած վարչապետի բերանով։ Նախ, աշխատավարձերի ու թոշակների վճարումը կատարվել է արտաքին պարտքն ավելի քան կրկնապատկելու հաշվին։ Ստացվում է, որ ոչ թե կառավարությունն է վճարել մեր աշխատավարձերն ու թոշակները, այլ երեխաներն ու թոռները։ Եվ երկրորդ, ի գիտություն վարչապետի, աշխարհում շատ երկրներ, այդ թվում ճգնաժամի ժամանակ հսկայական անկում թույլ տվածները, ոչ միայն ամբողջությամբ վճարել են աշխատավարձերը, այլեւ ապահովել գների համեմատ եկամուտների առաջանցիկ աճ»,- նշեց Բագրատյանը։
Նա խոսեց նաեւ գործազրկության ցուցանիշներից եւ նշեց, որ Հայաստանի նորագույն (1990թ. ի վեր) պատմության մեջ առաջին անգամն է, որ աճի փոխարեն անկում թույլ տված կառավարությունը հրաժարական չի տալիս եւ գրեթե նույն կազմով փորձում է շարունակել կառավարել։ Նա նշեց, որ Կոնգրեսի խմբակցությունը գտնում է, որ կառավարության ծրագիր կոչված փաստաթուղթը պետք է լինի բավականաչափ կոնկրետ այն աստիճանի, որ դրանից որոշակի պարտականություններ բխեն։ «Տպավորություն կա, որ իշխանությունները հիասթափված նախորդ ծրագրի ձախողումներից, այս անգամ որոշել են բավարարվել ընդհանրական, ագրեգացիայի բարձր աստիճան ունեցող մերկապարանոց հայտարարություններով։ 45 էջանոց թղթում կա ընդամենը 9 թիվ։ Ծրագիրը կարդալուց հետո չես հասկանում, ի՞նչ է նպատակը։ Ի վերջո այն չի կարող ընդհանրական բարոյական քարոզների բնույթ կրել։ Ի՞նչ է ստանալու մարդը, քաղաքացին այս ծրագրից` պարզ չէ։ Չէ՞ որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ վերջին տարիների գների աճն ավելի բարձր է եղել, քան անվանական աշխատավարձի դինամիկան։ Կոնկրետ անելիքների բացակայությունը ծրագրում բնականաբար հանգեցնելու է նրան, որ ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ կառավարությունը եւ ոչ էլ նախարարությունները որեւէ կոնկրետ պատասխանատվություն չեն կրում»,- նշեց Բագրատյանը։
Բագրատյանը հատկապես զարհուրելի համարեց ծրագրի այսպես կոչված տնտեսական աճի քաղաքականություն բաժինը` նշելով, որ «առանց բացառության գրեթե բոլոր բաժինները ընդհանրական, դպրոցական շարադրության մակարդակով գրած ցանկություններ են», ապա հավելեց, որ Կոնգրեսի խմբակցության կարծիքով, նույնիսկ լավագույն ցանկության դեպքում ներկայացված ծրագիրը չի կարող հավակնել առաջիկա տարիներին երկրի ուղեցույցը հանդիսանալու դերին։