09.03.2016 12:42 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մայմունություններ տնտեսական դաշտում

Մենաշնորհների սկզբունքային կողմնակիցը

Մենաշնորհների սկզբունքային կողմնակիցը

Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է լարված մնալ, ու թեեւ վերջին օրերին միջազգային շուկաներում նավթն ահագին թանկացել է, ու ռուսական ռուբլին էլ` մի քիչ ամրապնդվել, այնուհանդերձ ակնհայտ է, որ մեզ վրա դա էական ազդեցություն չի թողնելու։ Ընդ որում` իշխանություններն իրենք շատ լավ հասկանում են դա, ու դա երեւաց ՊԵԿ-ում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթից, որտեղ նա ըստ էության բաց տեքստով կոչ էր անում ավելի ինտենսիվորեն հարկեր հավաքել։

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում արտասահմանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները նվազել են մոտ կես միլիարդ դոլարով, բայց մեր տնտեսությունը կարողացել է մեղմել այդ հարվածը` պարզապես ներմուծումն էլ է մի այդքանով կրճատվել, եւ վերջ։ Դրա համար էլ հայկական դրամը համեմատաբար կայուն է։ Բայց տնտեսությունը, միեւնույն է, բավականին խոր ճգնաժամի մեջ է, եւ իշխանություններն այս ճգնաժամից դուրս գալու երեք ձեւ գիտեն։ Առաջինը` նորանոր վարկեր վերցնել, երկրորդը` նորանոր հանքեր շահագործել, եւ երրորդը` ընդարձակել հարկային տեռորը։ Ուշադրություն դարձրեք` առաջին երկու ձեւերը հաջողությամբ կիրառվում են, բայց ըստ էության` երկուսն էլ հաջորդ սերունդների հաշվին է արվում։ Ինչ վերաբերում է հարկային տեռորի նոր ալիքին, ապա այս մասին թերեւս արժե ավելի հանգամանորեն խոսել։

Սերժ Սարգսյանը հարցն այնպես է ներկայացնում, թե իբր հիմնական խնդիրը ստվերի դեմ պայքարն է, եւ բավական է կրճատել ստվերը, ու բյուջեի մուտքերը միանգամից կտրուկ կավելանան։ Ընդ որում` նույն Սերժ Սարգսյանն առանձնապես դեմ չէ մենաշնորհներին (հիշո՞ւմ եք նրա հայտնի արտահայտությունը` «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ բերե՞ն»)։ Հիմա հարցին ավելի կոնկրետ մոտենանք։ Ենթադրենք` Սամվել Ալեքսանյանի, Բարսեղ Բեգլարյանի, Միհրան Պողոսյանի կամ այլ մոնոպոլիստների բիզնեսները հարյուր տոկոսով դուրս են բերվում ստվերից։ Արդյունքում` բյուջեի մուտքերն իսկապես կավելանան։ Բայց` դա տեղի կունենա ոչ թե այդ բիզնեսմենների, այլ շարքային քաղաքացիների հաշվին։ Նրանք պարզապես կթանկացնեն իրենց ներկրած ապրանքները` ձեթ, շաքարավազ, ցորեն, բենզին, բանան եւ այլն, ու քանի որ մրցակիցներ չունեն` կպահպանեն իրենց շահույթները։ Իսկ «թանկացած մասը» կմուծեն բյուջե։ Եվ կստացվի, որ դա շարքային քաղաքացիներն են մուծել։ Ուրիշ բան` եթե մրցակցություն լիներ. այդ դեպքում նրանք ավելի շատ հարկեր կվճարեին, բայց չէին համարձակվի թանկացնել իրենց ապրանքը, այսինքն` բյուջեի մուտքերը կավելանային հենց իրե՛նց հաշվին եւ ոչ թե սպառողների։ Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը պիտի ստվերի դեմ պայքարելուց առաջ նախ մենաշնորհների դեմ պայքարի, որովհետեւ հակառակ դեպքում կստացվի, որ հարկային տեռորից տուժելու են միայն փոքր եւ միջին բիզնեսի տերերը` այն ոլորտներում, որտեղ մրցակցություն կա։ Եվ իհարկե` ժողովուրդը։

Թե ինչպես է դա ազդելու միմյանց հետ մրցակցողների եւ ժողովրդի վրա` կարելի է տեսնել Գյումրիի օրինակով։ Այնտեղ մի քանի օր առաջ միանգամից բոլոր գազալցակայանները փակվեցին` բացի մեկից։ Պարզվեց, որ իրար հետ պայմանավորված են փակել, որովհետեւ ուզում են գազի գինը 160 դրամից դարձնել 180։ Իսկ այն միակ գազալցակայանը, որը չէր փակվել, շարունակում էր գազը վաճառել 155-ով։ Ու բնականաբար` անմիջապես լուրեր տարածվեցին, թե իբր «այդ սրիկաները» ցանկանում են գազը թանկացնել, որպեսզի գերշահույթներ ստանան, իսկ «այն միակը» պարզապես այնքան ազնիվ ու մեծահոգի էր, որ չհամաձայնվեց մասնակցել այդ դավադրությանը։ Անկեղծ ասած` չգիտենք, թե կոնկրետ Գյումրիում ինչ է կատարվում, բայց մարզեր կան, որտեղ ամենաէժան գազը վաճառվում է Սերժ Սարգսյանի եղբորը պատկանող գազալցակայաններում։ Ու պատճառն ամենեւին էլ այն չէ, որ Սաշիկն ամենաազնիվն ու ամենամեծահոգին է։ Պարզապես նրա բիզնեսները, մեղմ ասած, այնքան էլ բարեխղճորեն չեն հարկվում, ու նա այդպիսով «մրցակցային առավելություններ» է ձեռք բերում։ Մեծ է հավանականությունը, որ Գյումրիում էլ է մոտավորապես նույն սխեման աշխատում (գուցե` այլ արտոնյալի մասնակցությամբ)։ Ամեն դեպքում` փաստն այն է, որ եթե «ստվերի դեմ պայքարը» տարածվում է ոչ բոլորի վրա, այդ ընկերությունները պարզապես դուրս են մղվելու շուկայից, ու նոր մենաշնորհ է ստեղծվելու։ Ստվերի դեմ ընտրանքային պայքարն այլ հետեւանքներ ունենալ պարզապես չի կարող։

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հասկանում է այս ամենը։ Իհարկե հասկանում է։ Դրա համար էլ ստվերի դեմ է պայքարում եւ ոչ թե մենաշնորհների։ Չէ՞ որ նա մենաշնորհների սկզբունքային կողմնակիցն է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30