25.02.2016 12:57 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Յոգան կփրկի

Հայաստանի տնտեսությունը «հարկադիր բուժման» փուլում է

Հայաստանի տնտեսությունը «հարկադիր բուժման» փուլում է

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները, եւ արդյունքները կարծես թե վատը չեն. նախորդ տարվա հունվարի համեմատ մոտ 5,5 տոկոսանոց աճ է արձանագրվել։ Այլ հարց է, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճն այնքան էլ կարեւոր չէ։ Նախ` որովհետեւ պաշտոնական վիճակագրության նկատմամբ որեւէ վստահություն չկա, եւ երկրորդ` Հայաստանի տնտեսության ծավալները չափազանց փոքր են (պատկերավոր ասած` եթե մեկն իր բոստանում պատահաբար միջինից մեծ մի քանի կաղամբ աճեցնի, գյուղատնտեսության ոլորտում մի քանի տոկոսանոց աճ կարձանագրվի)։

Հայաստանում շատ ավելի կարեւոր են տնտեսական գործընթացների ընդհանուր միտումները։ Ընդ որում` առաջին հայացքից կարող է թվալ, թե ամեն ինչ շատ լավ է։ Նույնիսկ ավելի լավ, քան 5,5 տոկոսանոց աճը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանումն աճել է, իսկ ներմուծումը` նվազել։ Սա հենց այն է, ինչ պետք էր Հայաստանին, որովհետեւ մեր տնտեսության հիմնական հիվանդությունը ներմուծման եւ արտահանման վիթխարի տարբերությունն էր` Հայաստանը, որպես տնտեսական միավոր, տարեկան մոտ 3 միլիարդ դոլարի չափով «վնասով էր աշխատում»։ Հիմա փաստորեն այդ տարբերությունը նվազում է։

Բայց արդյո՞ք սա կարելի է «առողջացման գործընթացի սկիզբ» համարել։ Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Տեսեք` նավթն էժանանում է, Ռուսաստանը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է, այդ երկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կտրուկ նվազել են, եւ տրամաբանության բոլոր կանոնների համաձայն` հայկական դրամը պիտի կտրուկ արժեզրկվեր։ Բայց Հայաստանում ճիշտ հակառակն է տեղի ունենում` վերջին օրերին դրամը դեռ մի բան էլ ամրապնդվում է։ Ավելին` շարունակում է ամրապնդվել նույնիսկ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը փոքր-ինչ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը (տրամաբանորեն դա պիտի հանգեցներ ոչ թե դրամի արժեւորման, այլ արժեզրկման)։ Ո՞րն է, ուրեմն, այս անտրամաբանական իրավիճակի պատճառը։

Բանն այն է, որ Հայաստանում տարադրամի (պարզ ասած` դոլարի) պահանջարկը կտրուկ նվազել է։ Մի կողմից` մարդկանց եկամուտները նվազել են, եւ մարդիկ ավելորդ փող չունեն, որ «դոլար սարքեն» եւ դնեն «բարձի տակ», մյուս կողմից` խոշոր ներկրողները, որոնք շուկայից դոլար էին հավաքում եւ դրսից ապրանք բերում, հիմա շատ ավելի քիչ ապրանք են ներկրում, որովհետեւ սպառումը պակասել է։ Շատ բերեն ի՞նչ անեն, եթե առնող չկա։ Այլ կերպ ասած` ներմուծման ծավալները նվազել են մարդկանց գնողունակության անկման պատճառով։ Եվ այնպես էլ չէ, որ մարդիկ ներկրածի փոխարեն տեղական արտադրանքն են ավելի շատ սպառում։ Եթե այդպես լիներ` տեղական արտադրանքի ծավալները կտրուկ կավելանային։ Բայց չեն ավելացել, հետեւաբար` մարդիկ պարզապես ավելի քիչ են ուտում, ավելի քիչ են հանգուստ առնում եւ այլն։

Հիմա նորից վերադառնանք գլխավոր հարցին` կարելի՞ է սա «տնտեսության առողջացում» անվանել, թե ոչ։ Եթե հաշվի առնենք միայն չոր ցուցանիշները` այո, կարելի է։ Բայց բովանդակային առումով ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Մի՛ բան է, երբ մարդն ուզում է ավելորդ քաշից ազատվել եւ դիետա է պահում ու նիհարում, եւ բոլորովին այլ բան, երբ պարզապես ուտելու բան չունի եւ նիհարում է։ Արդյունքը նույնն է` երկուսն էլ նիհարում են, բայց այդ մարդկանց վիճակները, համաձայնվեք, խիստ տարբեր են։ Ընդ որում` տարբեր են հատկապես ապագայի առումով; Չէ՞ որ «դիետայի վրա նստածը» ցանկացած պահի կարող է համարել, որ արդեն հասել է նորմալ վիճակի, եւ սկսել ապրել սովորական կյանքով, իսկ ուտելու բան չունեցողը դա չի կարող, եւ եթե շարունակի ուտելու բան չունենալ` մեղմ ասած, հեչ լավ վախճան չի ունենա։

Հիմա Հայաստանի տնտեսությունը, ցավոք, երկրորդ տարբերակով է «առողջանում»։ Ընդ որում` առայժմ դեռ ամեն ինչ նորմալ է, վտանգավոր եզրագծին դեռ չենք հասել։ Բայց ինչ-որ պահից սկսած իրավիճակը պետք է փոխել։ Այսինքն` այնքան էլ լավ չէ, որ ներմուծումը նվազում է, արտահանումը` ավելանում։ Ավելի լավ կլիներ, եթե երկուսն էլ ավելանային, բայց` արտահանումն ավելի արագ տեմպերով աճեր, քան ներկրումը։ Հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը, որպես օրգանիզմ, պարզապես չի դիմանա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30