25.10.2013 16:05 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Զեկույց

Ստրուկները Հայաստանում եւ աշխարհում

Օրերս ավստրալիական Walk Free հիմնադրամը հրապարակել էր «Ստրկության համաշխարհային ինդեքս» ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանն զբաղեցրել է 57-րդ տեղը։ Ինչպես նշվում է զեկույցում, հետազոտությանը ներկայացվել է 162 պետության վիճակը ոլորտում։

Հրապարակման համաձայն, Հայաստանում ավելի քան 10 հազար մարդ ստրկական պայմաններում է ապրում։ Հարեւան Ադրբեջանը  51-րդ տեղում է, Վրաստանը՝ 50-րդ։ Վրաստանում ստրկական պայմաններում է գտնվում ավելի քան 16 հազար մարդ, Ադրբեջանում` ավելի քան 33 հազար։

Մեկ այլ՝ Global Slavery կազմակերպության զեկույցում նշված է, որ ներկայումս աշխարհում ստրկական պայմաններում է ապրում մոտ 30 միլիոն մարդ, որից 76%-ը բաժին է ընկնում ընդամենը 10 երկրի։ Ստրկության բարգավաճմանը նպաստող գործոններից են համարվում ծայրահեղ աղքատությունը, սոցիալական պաշտպանվածության բացակայությունն ու պատերազմները։ Ավելի հաճախ ստրուկների են վերածում կանանց եւ երեխաներին։

Զեկույցը ներկայացնում է այն 10 երկրները, որտեղ առավել մեծ թվով ստրուկներ կան։

1. Մավրիտանիա. Աշխարհում տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ թվով ստրուկներ այստեղ են. բնակչության 4-20%-ը կամ 160 հազար մարդ։ Այստեղ ստրուկի կարգավիճակը փոխանցվել է սերնդեսերունդ, իսկ ստրկատերը ամբողջովին տիրապետում է իր ստրուկներին եւ նրանց երեխաներին։ Ստրուկների մեծ մասը կանայք են, որոնք աշխատում են տներում, գյուղատնտեսական աշխատանքներում, ենթարկվում սեռական բռնության։

2. Հաիթի. 10 միլիոնանոց Հաիթիում ստրուկների թիվը կազմում է մոտ 200 հազ. մարդ։ Ստրկության ամենատարածված ձեւը կոչվում է «ռեստավեկ», երբ երեխաներին ստիպում են օգնել տնային գործերում։ Երեխաներից շատերը «ռեստավեկ» չեն, սակայն նրանցից շատերին շահագործում են. 300-500 հազ. երեխաների զրկում են սնունդից կամ ջրից, ենթարկում ֆիզիկական բռնության։ Զեկույցում նշվում է, որ 350 հազար մարդ, որոնք 2010թ. երկրաշարժից հետո շարունակում են ապրել ճամբարներում, «սեքս-առեւտրի եւ պարտադրված աշխատանքի» են ենթարկվում։

3. Պակիստան. Զարգացման Ասիական բանկի տվյալներով, այս երկրում ստրկության է մատնված մոտ 1,8 մլն մարդ. նրանց մեծ մասը այդ կարգավիճակն է ստացել պարտքերի պատճառով։ Հաճախ այդ կարգավիճակը փոխանցվում է սերնդեսերունդ։ Պակիստանում 5-14 տարեկան մոտ 3,8 մլն երեխա է աշխատում։ Ստորին խավերի երեխաները հիմնականում պարտադրված են աշխատել աղյուսի արտադրությունում։

4. Հնդկաստանում 13-15 միլիոն ստրուկ կա, որոնց շահագործում են բազմաթիվ ոլորտներում։ Լայնորեն տարածված է հնդիկ տղամարդկանց եւ կանանց սեռական շահագործումը։ Մանկական մարմնավաճառությունը հատկապես տարածված է հոգեւոր կենտրոնների բնակավայրերում, քանի որ պահանջարկ ունի հնդիկ զբոսաշրջիկների մեջ։ Տարբեր գնահատականներով, 20-65 միլիոն հնդիկ պարտքերի պատճառով ստրկության է մատնված։

5. Նեպալ. այս երկիրը միաժամանակ եւ արտահանում, եւ ներմուծում է ժամանակակից ստրուկների։ Այդ կարգավիճակում են գտնվում 250 հազ. մարդ՝ Նեպալի 27 միլիոնից, ընդ որում, հիմնական մասը պարտքերի պատճառով է այդ վիճակում հայտնվում։ Մոտ 600 հազ. նեպալցի երեխա պարտադրված է աշխատում, այդ թվում՝ հանքերում եւ գործարաններում, ենթարկվում սեռական բռնության։

6. Մոլդովա. մոլդովական տղամարդկանց, կանանց եւ երեխաներին շահագործում են Ուկրաինայում, Ռուսաստանում, Էմիրաթներում, Թուրքիայում եւ Կոսովոյում, որտեղ նրանք զբաղված են սեքս-ինդուստրիայում։ Մոտ 32 հազ. մոլդովացի տարբեր երկրներում ապրում է ստրկական պայմաններում։

7. Բենին. ստրկության է մատնված մոտ 76 հազ. մարդ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Կոնգոյում ստրուկների մեծ մասը Բենինից է։ Այս երկրից մոտ 40 հազար ստրուկ-երեխաներ են վաճառվել այլ երկրներ։

8. Կոտ-դ՛Իվուար. համարվում է ստրկացված կանանց եւ երեխաների տեղափոխման տարանցիկ երկիր։ Կակաոյի արտադրության համաշխարհային առաջատարն է. այդ ոլորտում երեխաներին շահագործում են առավել դաժան եղանակով։ Մոտ 30 հազ. երեխա է աշխատում գյուղական ցանքատարածություններում, եւս 800 հազարը՝ ընտանեկան փոքրիկ ֆերմաներում։

9. Գամբիա. ստրկության առավել տարածված ձեւը պարտադրված մուրացկանությունն է եւ մարմնավաճառությունը։ Մուրացկանությամբ զբաղվում են հիմնականում տղա երեխաները, որոնց ծնողները ուղարկում են սովորելու մեդրեսեներում, որտեղ ուսուցիչները նրանց շահագործում են։ 

10. Գաբոն. ստրկացված երեխաներին այստեղ են բերում Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայից։ Աղջիկներին սպասում է տնային ստրկություն կամ սեռական շահագործում, իսկ տղաներին ստիպում են ֆիզիկական աշխատանքով զբաղվել։ Շատ երիտասարդներ իրենք են Գաբոն գալիս՝ վաստակելու նպատակով, սակայն արդյունքում ստրկության են մատնվում։ Տարածված է երիտասարդ աղջիկների առք ու վաճառքը։ Գաբոնը համեմատած հարուստ երկիր է, այդ իսկ պատճառով այստեղ ստրուկները հիմնականում ներմուծվում են։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31