Առաջին անգամ Լեֆորը տարածաշրջան էր ժամանել պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, եւ այն ժամանակ էլ ակտիվորեն ձեռնամուխ էր եղել ԼՂ հիմնախնդրով «հետաքրքրվելուն»։
Հիշեցնենք, որ իր այս այցի ընթացքում Լեֆորը հասցրել է հանդիպել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Սերժ Սարգսյանի, իսկ երեկ էլ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հետ։ Բոլոր երեք հանդիպումների ժամանակ էլ Լեֆորը քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքը։ Իսկ երեկ էլ` Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ Լեֆորը շոշափել է նաեւ շփման գծում «լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության» հարցը։ Նորից խոսվել է «առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների» ներդրման մասին։ Այդուհանդերձ, հարց է առաջանում` իսկ ի՞նչ է ցանկանում Լեֆորը ԼՂ հիմնախնդրի կարգավորումից։ Արդյո՞ք մարդը հերթական «պտիչկա»-ի համար է ժամանակ առ ժամանակ անդրադառնում այս հարցին, թե՞ ԵՄ-ն իրոք փորձում է ներգրավվել խնդրի կարգավորման մեջ, կամ էլ` գոնե արագացնել այդ կարգավորումը, քանի որ դրանից հետո, այսինքն` արդեն հակամարտության գոտու վերականգնման հարցում ԵՄ-ն պարտադիր ունենալու է իր մասնակցությունը, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարվել է։ Հիշեցնենք, որ դեռեւս իր սեպտեմբերյան այցելության ժամանակ, պարոն Լեֆորը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակում է, որ Մինսկի խումբը հիմնորոշ առաքելություն ունի այս հարցում` հայտարարել էր, թե ԵՄ-ը ցանկանում է միայն լրացուցիչ աջակցություն ցուցաբերել։ «ԵՄ-ը համապատասխան մեխանիզմներ եւ մեծ փորձառություն ունի այսօրինակ գործընթացներին օժանդակելու եւ ցանկանում է Հայաստանին ու Ադրբեջանին աջակցել հավասարապես, քանի որ այդ երկրներին հավասարապես զոհեր է համարում։ Ահա այն մոտեցումը, որով սկսում եմ իմ առաքելությունը»,- սեպտեմբերին Երեւանում հայտարարել էր Լեֆորը` ակնարկելով, ի դեպ, որ ԵՄ-ի հետ մերձեցման ամենակարճ ուղին հակամարտությունների կարգավորումն է։
Դրանից հետո Լեֆորը տարածաշրջանում եղել է հոկտեմբեր եւ ապա նոյեմբեր ամիսներին։ Մասնավորապես, հոկտեմբերին Լեֆորը Բաքվում հայտարարել է, թե Եվրամիությունը փորձում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա հավելել է, թե ինքը պատրաստվում է ամեն ամիս այցելել Բաքու եւ փորձել կարգավորել հակամարտությունը։ «Մենք համագործակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Կարծում եմ՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է շուտով կարգավորվի։ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը ես բարձրացրել եմ այդ հարցը»,- հայտարարել էր Լեֆորը։
Հիշեցնենք, որ Լեֆորի այցերից հետո, տարածաշրջան էր ժամանել նաեւ ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ով եւս նույն ուղերձներն էր հղել հակամարտող կողմերին` մեծ հույսեր արտահայտելով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Սակայն, ինչպես հայտնի է, դրանից հետո ԼՂ հարցում ոչ մի առաջընթաց էլ չի գրանցվել։ Ու եթե եւս մի քանի նման այցերի արդյունքում նորից որեւէ առաջընթաց չգրանցվի, ապա թերեւս կարելի կլինի փաստել, որ ԵՄ-ն ընդամենը «պտիչկայի» համար է ներգրավված այս հարցում, կամ էլ` ԵՄ այս պահին հասկանում է, որ ինքն ի զորու չէ որեւէ կերպ ներազդել խնդրի կարգավորման վրա։
Հ.Գ. Ի դեպ, Ֆիլիպ Լեֆորը ֆրանսիացի դիվանագետ է, որն ավելի քան 20-ամյա աշխատանքային փորձ ունի։ Նա 2004-2007 թվականներին զբաղեցրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը։ Աշխատանքային ուղու մեծ մասն անցել է Հարավային Կովկասում եւ Ռուսաստանում։