Խոսքն, ի դեպ, «Արմավիայի» մասին չէ, թեեւ այդ ընկերությունը, մեղմ ասած, իրեն շատ վատ պահեց այս իրավիճակում։ Վերջին հաշվով` այդ ընկերության սեփականատերը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը Հայաստանում չի ապրել, «ազգային փոխադրողի» կարգավիճակն էլ ընկալում է որպես սովորական բիզնես, որի նպատակը ցանկացած գնով հնարավորինս շատ փող աշխատելն է։ Դրա համար էլ այդ ավիաընկերությունը Հալեպ-Երեւան տոմսեր չի վաճառում, վաճառում է միայն «տուդա-աբրատնի», թեեւ շատ լավ գիտի, որ Սիրիայից Հայաստան եկողներին այդ «աբրատնին» պետք չէ։ Մի խոսքով` նա վարվում է ճիշտ եւ ճիշտ «գռդոնչի» տաքսիստների պես, ովքեր «ռայոն» գնալու համար սովորականից մեծ գումար են պահանջում, որովհետեւ դատարկ են հետ գալու։
Բայց խոսքն «Արմավիայի» մասին չէ, խոսքը պետական կառույցների մասին է։ Խոսքն այն մասին է, որ հայ ժողովրդի մի հատվածը հայտնվել է շատ ծանր վիճակում, ու բոլորը միանգամից իրար խառնված` ձգտում են անպայման ինչ-որ «քյար ունենալ» այդ վիճակից։ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչն ասում է, որ իրենք չգիտեն, թե ինչ պետք է անել, բայց եթե որեւէ մեկը կոնկրետ քայլեր հուշի` նրա ճակատը կպաչեն, արտգործնախարարությունը ոչ մի կոնկրետ բան չի ասում եւ այլն։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ սիրիահայերը Հայաստան չգան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Սիրիայում ապրող հայը պոտենցիալ զբոսաշրջիկ է` Մասիսով հիացող ու «հայրենիքին մեջ» գումարներ ծախսող, իսկ Հայաստան տեղափոխվածը` շարքային փախստական, որի վրա պետությունն ինքը պիտի փող ծախսի։ Ինչ վերաբերում է գործնական խորհուրդներ տվողների ճակատը պաչելուն, ապա մենք, իհարկե, չենք կարող մեր ճակատը նման փորձության ենթարկել, բայց հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ձեռնարկել հետեւյալ քայլերը։ 1. Սիրիայում մեր դեսպանատան միջոցով ցուցակագրել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն ապաստան գտնել Հայաստանում, 2. Շատ արագ պարզել, թե Հայաստանը փախստականների քանի հազար ընտանիք կարող է ընդունել, 3. Անմիջապես հրահանգել «Արմավիային» անհրաժեշտության դեպքում թեկուզ օրական 3-4 չվերթ իրականացնել (եթե պետք է` պահուստային ֆոնդից փոխհատուցում տալով «ոչ շահութաբեր» երթուղու համար)։
Հիմա անդրադառնանք ազգային մտքի մեկ այլ փայլատակման։ Իբր սիրիահայերի գլխին իջած փորձանքները քիչ են` հիմա էլ «հայրենասիրական» կարծիքներ են հնչում, թե նրանց պետք է վերաբնակեցնել Ղարաբաղում եւ ազատագրված տարածքներում։ Սա էլ այդ մարդկանց դժբախտությունից «քյար ունենալու» ուրիշ տարբերակ է։ Առաջին հայացքից թվում է, թե շատ հայրենասիրական միտք է, բայց իրականում դա ընդամենը նշանակում է, որ այդ մարդկանց մերժում ենք ապաստան տրամադրել Հայաստանում։ Այդպես սովորաբար տնից-տեղից զրկված աղքատ ազգականին են ապաստան տալիս` «մենք քեզ սիրով կընդունենք, բայց` պայմանով, որ բակում քնես. համ պահակություն կանես, համ էլ մաքուր օդում քնելն առողջարար է»։ Բայց չէ՞ որ այդ մարդիկ շարժական գույք չեն, այդ մարդիկ մեր հայրենակիցներն են, ովքեր ճակատագրի բերումով ծանր վիճակում են հայտնվել, եւ մենք պարտավոր ենք այդ մարդկանց ընդունել` մի քիչ էլ ինքներս մեզ նեղություն տալով եւ ոչ թե աշխատելով օգուտ քաղել նրանց դժբախտությունից։
Բայց այսքանը հասկանալու համար իշխանությունները պիտի իրենց ղեկավարած երկիրը ոչ թե որպես արոտավայր ընկալեն, այլ որպես հայրենիք։ Ի վերջո` հայտնի է, որ ամենադաժան ստրկատերերը նախկին ստրուկներն են։ Երեւի ճիշտ այդպես էլ փախստականներին բացառապես որպես լրացուցիչ եկամտի աղբյուր են ընկալում նրանք, ովքեր հոգով-սրտով-էությամբ փախստականներ են։ Պարզապես ճակատագրի բերմամբ երկիր են ղեկավարում։