03.03.2017 08:24 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ամեն բան բացի մի երկու մանրուքից

Ռազմաքաղաքական իրավիճակի նրբերանգները

Ռազմաքաղաքական իրավիճակի նրբերանգները

Վերջին օրերին շփման գծում իրավիճակը դարձյալ խիստ լարված է, բայց հասարակությունը մի տեսակ ավելի հանգիստ է արձագանքում դրան։ Այնպիսի տպավորություն է, թե «Իսկանդեր» հրթիռներ ունենալու փաստն «արխայնացրել է» բոլորին։

Ապրիլյան պատերազմից եւ Հայաստանի` ժամանակակից զինատեսակներ ձեռք բերելուց հետո իրավիճակն իսկապես որոշակիորեն փոխվել է, բայց շատ կարեւոր է հստակ գիտակցելը, թե հատկապես ինչն է փոխվել, ինչն է մնացել նույնը, եւ ինչից պիտի զգուշանալ։ Սկսենք հենց զինատեսակներից եւ առաջին հերթին` «Իսկանդեր» համակարգից։

Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը Հայաստանին վաճառել է ոչ թե «Իսկանդեր-Մ» (մոդեռնիզացված) կամ «Իսկանդեր-Կ» (թեւավոր հրթիռներով), այլ «Իսկանդեր-Է» (էքսպորտային) համակարգեր։ Դրանց հեռահարությունը նվազեցված է եւ 500 կիլոմետրից հասցված 280-ի, որովհետեւ 300 կիլոմետրից ավելի հեռահարություն ունեցող հրթիռների արտահանումը միջազգային համաձայնագրերով արգելված է։ Բայց դա էական չէ. 280 կիլոմետրը Ադրբեջանի համար լրիվ հերիք է։ Հիմա անցնենք բուն համակարգին։

«Իսկանդերը» միաժամանակ ե՛ւ հարձակողական, ե՛ւ պաշտպանական զինատեսակ է, բայց հայկական կողմը գործնականում չի կարող կիրառել դա հարձակողական նպատակներով։ Ոչ թե իրավունք չունի, այլ որպես հարձակողական զենք «Իսկանդերը» կիրառվում է հետեւյալ կերպ` մի քանի հարվածներով ոչնչացվում են հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը, կապի հանգույցները, օդանավակայանները եւ այլն, որից հետո արդեն ռազմական ինքնաթիռներն անարգել մտնում են թշնամու օդային տարածք եւ անում` ինչ ուզում են։ Բայց Հայաստանը ռազմական ավիացիա համարյա չունի։ Իսկ ահա պաշտպանական նպատակներով «Իսկանդերը» կիրառվում է երկու ձեւով։ Առաջին` ոչնչացվում են հարձակվող թշնամու խմբավորումները, եւ երկրորդ` թշնամուն հասցվում է «անհամարժեք վնաս». այնպիսի ծավալներով, որ նրանք շատ արագ փոշմանում են, որ հարձակում սկսեցին։ Եվ այս իմաստով «Իսկանդեր» համակարգն իսկապես զսպող գործոն է։ Ընդ որում` Ադրբեջանը դրա դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ չունի։ «Երկաթե գմբեթը» չի օգնի։ «Երկաթե գմբեթ» ունի միայն Իսրայելը, բայց այդ երկրի տարածքը Ադրբեջանի տարածքից մոտ 4 անգամ փոքր է, բացի այդ էլ` ադրբեջանցիները «Երկաթե գմբեթ» ունենալու մասին սկսել են մտածել դեռեւս մի քանի տարի առաջ, որպեսզի պաշտպանվեն P-17 հրթիռներից (այսպես կոչված` «Էլբրուս» համակարգից)։

Հիմա անցնենք հակաօդային պաշտպանությանը։ Անգամ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը ռազմական ավիացիա չկիրառեց, որովհետեւ հայկական կողմի C-300 համակարգերը, «Բուկ» համակարգը եւ այլն կարող են շատ արդյունավետ գործել։ Եվ մեծ է հավանականությունը, որ նոր պատերազմի դեպքում եւս ադրբեջանցիները ավիացիայի զանգվածային կիրառումից կխուսափեն։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները լուրջ սպառազինություն ստացան մարտական անօդաչու թռչող սարքերի շնորհիվ, բայց դրանից հետո հայկական կողմը կարծես թե ձեռք է բերել այսպես կոչված «Ինֆաունա» համակարգը, որը շատ արդյունավետ ռադիոէլեկտրոնային պայքար է մղում հատկապես անօդաչու թռչող սարքերի դեմ, այնպես որ` այս հարցում նույնպես առաջընթաց կա։

Ստացվում է, որ Հայաստանը բավականին լավ պաշտպանված է գլոբալ պատերազմի սպառնալիքից (կարող է շատ ծանր հարվածներ հասցնել Ադրբեջանին), պաշտպանված է ռազմական ավիացիայից, լոկալ բախումների դեպքում հետ չի մնա (ունի БМ-30 «Սմերչ» եւ TOC-1A «Սոլնցեպյոկ» համակարգեր), բայց...

Բայց մեկ էլ տեսար` տեխնիկան չաշխատեց, որովհետեւ դիզվառելիքին անորակ նյութեր են խառնել։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ «մի շարք դեպքերում» հենց այդպես էլ եղել է։ Կամ` մեկ էլ տեսար մարդիկ չհերիքեցին։ Երկրում դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ կան, տարեկան մոտ 45-50 հազար մարդ է արտագաղթում։ Իսկ շփման գծում կենդանի մարդիկ են կանգնում։ Տեխնիկան, ի դեպ, նույնպես սպասարկել է պետք։ Նույն «Իսկանդեր» համակարգի միայն մի բրիգադն ունի 51 միավոր տրանսպորտային միջոց, իսկ սպասարկող անձնակազմը մի քանի հարյուր հոգի է։

Մի խոսքով` մեր պաշտպանությունը լիարժեք անխոցելի դարձնելու համար ամեն ինչ կա, բացի երկու «մանրուքից». պետք է այնպես անել, որ բանակում չգողանան, եւ այնպես ղեկավարել երկիրը, որ արտագաղթ չլինի։ Թե ովքեր են մեղավոր այդ «մանրուքների» համար` կռահեք երեք փորձից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30