12.10.2012 13:34 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վանդալազգիներ

Անտառային ավազակախումբը

Անտառային ավազակախումբը

Հոկտեմբերի 5-ին, Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ նույն բաժնի Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարեւանությամբ գտնվող անտառածածկ տարածքից Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք են բերման ենթարկել մի քանի քաղաքացիների։

Ինչպես Ծաղկաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացիները կատարել են 40-ից ավելի հաստաբուն եղեւնիների, կաղնիների հատումներ։ Ծառերը կլինեին 40-60 տարեկան։ Դրանք հատվել են հատուկ տեխնիկայի միջոցով։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված վայրը կոչվում է Տանձաղբյուր, իսկ այս պահին այն հիշեցնում է վանդալիզմ՝ ծառերի նկատմամբ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ստացվել են օպերատիվ տվյալները, ստեղծվել են մի քանի հետախուզական խմբեր, քանի որ մտավախություն կար, որ անտառի նկատմամբ սպանդ իրականացնողները հնարավոր է դիմեին փախուստի։

Խմբերը ղեկավարել են Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը, նույն բաժնի ծառայության գծով տեղակալ Վաչիկ Սողոմոնյանը, Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ռուբեն Կիրակոսյանը, նույն բաժանմունքի պետի տեղակալ Հովիկ Բալյանը, նույն բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազոր Էդիկ Սարգսյանը, օպեր լիազոր Արկադի Խաչատրյանը եւ շարքային Կարեն Բալաբեկյանը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ այսքան ոստիկաններ օպերատիվ խմբում ներգրավվել են այն պատճառով, քանի որ հիմնականում ծառահատումները կատարվել են երեկոյան ժամերին։

Ծառահատողները իրենց հետ Տանձաղբյուր են բերել մեծ թվով «Կամազ» մակնիշի բեռնատարներ, որպեսզի կտրած ծառերը գետնին տապալելուց հետո շտապ հեռացնեն վայրից։ Անտառի հարեւանությամբ գտնվող ծաղկաձորցիները Գ. Շամշյանին պատմել են, որ եթե ոստիկանությունը չտիրապետեր օպերատիվ իրավիճակին, ապա Տանձաղբյուրից կմնային դառը հիշողություններ, իսկ վանդալները պլանավորած են եղել հատել 1 հեկտարից ավելի տարածք։

Ծառահատման աշխատանքները ղեկավարում էր ինչ-որ ՍՊԸ-ի տնօրեն, որի անունը Գեորգի էր, եւ երբ Գ. Շամշյանը փորձում էր լուսանկարել նրան, նա հայհոյանքներ տալով, թե՝ չնկարես, թե չէ քեզ էլ, բռնողներին էլ ծառերի օրն եմ գցելու, նստեց «Իո» մակնիշի սպիտակ ավտոմեքենան եւ դիմեց փախուստի։ Ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար «անտառահրեշին»։

Ծաղկաձորցիները Գ. Շամշյանին պատմում էին նաեւ, որ այդ հատվածը Ծաղկաձորի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավից առաջ նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանը վաճառել էր խոշոր գումարով՝ նրանք նշում էին 1-1,5 մլն ԱՄՆ դոլարի մասին։ Ծաղկաձորցիներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք նախկին քաղաքապետը անտառի ոչնչացման հետ կապ ունի, թե ոչ։

Թե ինչքան է անտառին հասցված վնասը, դրա պատասխանը պետք է տա Բնապահպանության նախարարությունը, որը, ըստ ծաղկաձորցիների՝ «ուղտի ականջում քնած է»։

Մենք հետամուտ կլինենք, որպեսզի հանրությունը տեղեկացվի, թե ովքեր են կանգնած այս կանաչ տեռորի հետեւում։

Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։

Լուսանկարը՝  ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31