30.03.2018 06:22 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դրվագ-ողբերգակ

Խրված սեպ

Խրված սեպ

Ամեն լարով, ամեն մալուխով անցնում է մի տագնապ, խաղաղության ու բարօրության հոգեվարքի ցնցումներ։ Մեկ շաբաթվա ընթացքում երկու վտանգավոր լուր ու մեկ ողբերգություն.

ԼՂԻՄ ոստիկանությունը խուժան եւ ապօրինի վարք է դրսեւորել ՀՀ քաղաքացու հանդեպ։

Կեմերովոյում առեւտրի ու զվարճանքի կենտրոնում երեխաներին ողջակիզել են։

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում եւ Երեւանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։

Մեկը մյուսից շատ տարբեր այս փաստերը ձեւավորում են մեր կյանքի, մեր իրավունքների, մեր անվտանգության օրակարգը։ 

Կապույտ մազեր, կապույտ իրավունքներ, կապույտ ոստիկաններ

Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ոստիկանները ծեծեցին ու նվաստացրին Հայաստանից այնտեղ գնացած մի աղջկա եւ իրենց ապօրինի գործողություններն արդարացրին հայտարարությամբ, թե` «կգնաս քո Հայաստանում մազերդ կներկես, կծխես, պիվա կխմես, կգնաս քո Հայաստանում արդարություն ու փաստաբան կպահանջես», պարզվեց, որ հայաստանցիների ու ղարաբաղցիների առողջ հարաբերությունները պայմանավորված են ԼՂԻՄ-ի ոստիկանության` կապույտի հանդեպ ունեցած ֆոբիայով։

Եղածը մեծ բան չէ` ոստիկանները նեղացրել են ՀՀ քաղաքացուն։ Սա մի բան է, որ ամեն օր պատահում է նաեւ Հայաստանում։ Ի վերջո, տուժած աղջիկը, գալով Հայաստանի Հանրապետություն, նույն ուժային կառույցների կողմից առանձնապես պաշտպանություն չգտավ. Ասյա Խաչատրյանի հետ առանձնակի քնքշանքով չվերաբերվեցին ո'չ տեղի ոստիկանները, ո'չ էլ 6-րդ վարչությունը։

Բայց սա կարեւոր չէ։ Մենք` մեր ոտի տակ տված իրավունքներով ու մեր նսեմացած արժանապատվությամբ կանցնենք, կգնանք, իսկ Հայաստանն ու Արցախը հավերժ են։

Հիմա լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում եւ մարդիկ` սոցցանցերի քննարկումներում լեզուները պետք է իրենց քաշեն, խոսքի տակն ու գլուխը լավ չափեն, որպեսզի մեր ու Արցախի, այսինքն` նույն ժողովրդի մեջ, նույն ժողովրդի երկու բանակների մեջ, նույն ժողովրդի երկու ուժային կառույցների մեջ խժդժություն չընկնի։ Դե, ԼՂԻՄ ոստիկանությունը հիմարություն է` արել է։ Բան է` ասել է։ Չի հասկացել։ Դե, խուժան են, վայրենի են։ Բայց մենք հո հասկանու՞մ ենք, որ իրավիճակը հղի է... 

Ի վերջո, գուցե այդ երիտասարդ, կապույտ ներկած մազերով աղջիկը լրտե՞ս է։ Այլապես ինչու՞ հենց հիմա նրան ստորացրեց ԼՂԻՄ ոստիկանությունը։ Ինչու՞ հենց հիմա նա բարձրաձայնեց իր հետ պատահածի մասին։ Գուցե հենց նա, այդ աղջի՞կն է մեր ներքին դավաճանը եւ այն լրատվամիջոցներն ու մարդիկ, որ չեն հասկանում իրավիճակի պայթյունավտանգության աստիճանը, խոսում են մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանվածությունից` լինի Արցախում թե Հայաստանում` հայկական երկու հանրապետություններում, որոնք կան, գոյություն ունեն միմիայն շարքային ՀՀ քաղաքացու արյան, ջանքի, աշխատանքի, իրավունքի եւ ազատության գիտակցության ու սիրո շնորհիվ։

Կոտորած մանկանց

ՌԴ Կեմերովո քաղաքում սոսկալի ողբերգություն է եղել։ Առեւտրի եւ ժամանցի կենտրոնում ողջ-ողջ մարդիկ են այրվել, հիմնականում` երեխաներ։ Մահացածների թիվը ստույգ հայտնի չէ` տատանվելով պաշտոնական 40-ի ու ոչ պատշտոնական 355-ի միջեւ։ Ինչպես նաեւ չի հստակեցվել` պատահածը տեռա՞կտ էր, ի՞նչ էր։ Ինչպե՞ս է պատահել, որ երեխաներով լեփ-լեցուն կինոդահլիճի դռները փակվել են, ինչպե՞ս է պատահել, որ դեպքի վայր ժամանած հրշեջները ոչ միայն չեն կարողացել մարել հրդեհը, այլեւ թույլ չեն տվել այրվող երեխաների ծնողներին ներս մտնել եւ փրկել իրենց երեխաներին։ Ինչպե՞ս է պատահել, որ դեպքի վայր ժամանած ԱԻՆ գումարտակներն ի զորու չեն եղել փրկելու գեթ մեկ երեխայի կյանք` դրա փոխարեն վարպետորեն արգելելով ծնողների մուտքը շենք։

Կեմերովոյի բնակիչները սգում են եւ ասում`«Երեխաներ, ներեցեք մեզ»։

Օրեր առաջ ՌԴ-ում նախագահական ընտրություններ էին։ Վերընտրվեց Վլադիմիր Պուտինը։ Կեմերովոյում նույնպես, վստահաբար, Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների գերակշիռ մասը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինի ընտրարշավն ուղեկցվում է նմանատիպ ողբերգությամբ` 2004 թվականին ՌԴ նախագահական ընտրություններին էլ Բեսլանի դպրոցում ահաբեկչություն եղավ` խլելով 333 մարդու կյանք։

Այդ հրշեջները, ԱԻՆ այդ գումարտակները Պուտինի ձեւավորածն ու գլխավորածն են։ Գուցե բարի ցար Պուտինն այս ողբերգության համար պատժի մի քանի չար բոյարների։ Գուցե` ոչ։ Ողբերգությունը չափազանց սոսկալի է նման կանխատեսումներով մեդիաօրակարգ սահմանելու համար։ Մեդիան չի կարող գրկել երեխաներ կորցրած ծնողների ուսերը, չի կարող սփոփել նրանց։ Բայց մեդիան կարող է չկորցնել ողբերգության առնչությամբ կատարված բոլոր հետաքննությունների թելը եւ հետեւողական լինել գոնե կանխելու նմանատիպ ողբերգությունների կրկնությունը։ Մեդիան կարող է պարտադրել օրակարգ այն մասին, որ հետաքննություն իրականացվի տեղական առեւտրի եւ ժամանցի բոլոր գոտիներում` պարզելու, թե որքանով են դրանք համապատասխանեցված հրդեհային անվտանգության չափանիշներին եւ վերահսկելու, որպեսզի այդ հետաքննությունը հնարավորինս զերծ մնա կոռուպցիոն ռիսկերից։

Ուժային օկուպացիա

Պուտինը որոշել է, որ ՀՀ մայրաքաղաքում եւ Գյումրիում պետք է տեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Մինչ ռուսական պաշտոնական աղբյուրը` «ՌԻԱ Նովոստին», ռազմական ոստիկաններ տեղակայելուն անդրադառնում է ինչպես կայացած փաստի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկաններ տեղակայելու շուրջ դեռ փաստաթուղթ չկա։ Այստեղ մեդիային մնում է միայն արձանագրել տեղական պաշտոնական մարմինների անտեղյակության մասին հարցազրույցները եւ պտտել պուտինյան հավանական դավադրության մասին կանխատեսումներ։ Իսկ այդ կանխատեսումները պտտվում են պատերազմի հավանական վերսկսման, տարածքային լուրջ զիջումների եւ ժողովրդական անկառավարելի վարքը ռուսական ռազմական ոստիկանության միջոցով զսպելու շուրջ։ Ուրիշ էլ ինչե՞ր են սպասվում ՀՀ քաղաքացիներին ռուս ոստիկանների վերահսկողության պայմաններում` ի՞նչ գույնի մազերի հանդեպ ֆոբիա, ՀՀ-ում եւ Արցախում տեղական ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերում ինչպիսի՞ միջամտություն ռուսական ուժայինների կողմից, առեւտրի եւ ժամանցի կենտրոններում, բնակելի շենքերում, փողոցներում քաղաքացիների պաշտպանվածության ինչպիսի՞  մակարդակ։ Արտաքսված ռուս դիվանագետների ընդհանուր թիվն արդեն հասել է 139-ի։ Պուտինյան Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ քաշվող երկաթյա վարագույրի ո՞ր արանքում է մնալու Հայաստանն իր երկու` ճանաչված ու չճանաչված հանրապետություններով։ Իսկ գուցե սրանք դավադիր հարցե՞ր են։ Մի տեսակ` սեպ խրող։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30