20.04.2018 05:29 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լավ սերունդ

Ապրիլի իրավունքով

Ապրիլի իրավունքով

Իմ Տելեմաքոս, Տրոյական պատերազմը արդեն ավարտված է։ Թե ով հաղթեց՝ լավ չեմ հիշում։ Գուցե մերո՞նք. լոկ հույներն են կարող պատերազմում այդքան մեռյալ թողնել իրենց տունուտեղից հեռու...
Իոսիֆ Բրոդսկի. 1972

Սերժին մերժելու են դուրս եկել երիտասարդները` աներեւակայելի լավը, հուզելու չափ սիրուն ու ամուր։ Զարմանալու բան է` որտեղի՞ց այսպիսի երիտասարդներ։ Ինչպե՞ս է լինում, որ անհուսալի բարոյալքության ու կեղտի մեջ ծիլը չի չորանում, մի բան էլ պայքարում է ծաղկելու իր իրավունքի համար։

Այս երիտասարդներից խլել են ամեն ինչ` խաղահրապարակից մինչեւ կրթության իրավունք` ներառյալ մաքուր օդ շնչելու, առողջ հաց ուտելու, հանգստի, խաղաղ երկնքի, աշխատանքի, մարդավայել տրանսպորտից օգտվելու իրավունքները։ Այս երիտասարդներից շատերն իրենց հայրերին տեսել են տարին մեկ անգամ, որովհետեւ այդ տղամարդիկ տարիներ շարունակ մնացել եւ աշխատել են արտերկրում իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու համար։ Այս երիտասարդներից շատերը տեսել են իրենց մայրերի ստորացումը` չափազանց շատ աշխատելու, չափազանց քիչ վճարվելու մեջ եւ դրանից դուրս նաեւ։ Այս երիտասարդները ցանկացած պետական ու մասնավոր դուռ բախելիս հանդիպել են ապօրինության եւ անարդարության։ Այս երիտասարդների ուսերին ծանրացած է 6.7 միլիարդ դոլարի շեմը հատած արտաքին պարտք։ Աչք բացելու օրից նրանք տեսել են Հանրապետական, Դաշնակցություն եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություններ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Գարեգին Բ կաթողիկոս։

Ինչպե՞ս են կարողացել այս երիտասարդները մեդիագրագիտության տարածման եւ ուսուցման իսպառ բացակայության պայմաններում լինել քաղաքականապես այսքան հասուն։ Սաքուլիկների հաղթարշավից հետո ինչպե՞ս են հաջողել սրտներն այսքան մաքուր պահել։ Ինչպե՞ս են կարողացել բանակում չծառայած իրենց բակի, դասարանի, կուրսի տղաների գոյությունը, Հայաստան-Արցախ մխտռված եզրույթը ոտքի տակ գցել եւ կյանքի գնով պահել իրենց վստահված մի կտոր հողը։ Այս երիտասարդները տեսել են քաղցած ու հիվանդ ազատամարտիկների, ականատես են եղել ազգային հերոսի քաղաքական հետապնդմանը։ Այնուամենայնիվ, նրանցից հարյուրը երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքն են տվել, որպեսզի Հայաստանը լինի։ Մեր ամեն խաղաղ օրը արժե մեկ երիտասարդի կյանք։ Բայց այդ տղաներին հողը դնելուց հետո շատ արագ մոգոնեցին սահմանադրական բարեփոխումներ կոչվող պետական ծրագրված դավաճանությունը, որպեսզի ապահովեն հողը, երկիրը, զինվորին, մորն ու երեխային, գյուղացուն ու քաղաքացուն վաճառքի հանած Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Ու հիմա քաղաքական դավադրությունների մեծ գիտակները, քաղաքական «հեռատեսները» բայղուշությունը պարպելու պարարտ օջախ են գտել` վաշ-վիշ, ջահել, վաշ քո բոյին, վաշ քո սիրունությանը, վաշ քո միամտությանը, վաշ քո անմեղությանը, վաշ քո էներգիային, որ կխաբեն ու մենակ կթողնեն, որ կմոլորեցնեն ու կհիասթափեցնեն։ Նրանք արդեն չեն էլ հիշում` ինչո՞վ ավարտվեց իրենց պատերազմը եւ այն ժամանակ քանի՞ տարեկան պիտի լինեին այդ երիտասարդները։ Ինչպես նաեւ այն, թե ո՞ր բաժակից հետո սկսեցին խմել ջահելության կենացն ու մոռացան մաքրել սեփական փսլինքն ու կեղտը։   

Ու հիմա երիտասարդը կանգնած է ոստիկանական զինված շարքերի դիմաց, պառկած է ճանապարհի մեջտեղում` մարմնով փակելով փողոցը, նստած է ջրցան մեքենայի առաջ, դասադուլ է` դասի չի գնում, երթ է` քայլում է, հանրահավաք է` կանգնում է մինչեւ վերջ։ Նրան պայթեցնում են` նա չի հեռանում։ Զրահատեխնիկա են հանում`չի փախչում։ Նա չի սիրում կեղտի հոտը, մանավանդ`ավելի քան երկու տասնամյակի հնության։ Նա զարմանալիորեն առողջ է մնացել եւ ծնկային ռեֆլեքսի անմիջականությամբ է հակազդում բռնապետական մոդելի սահմանափակումներին ու ճնշումներին, դավաճանի առուծախին, կարճաժամկետ քաղաքականությունների համար վերլուծական ապարատներին։ Քանի՞ տարեկան էին, երբ եղավ 2008-ի շարժումը։ Ապա 2013-ի Բարեւ հեղափոխությունը։ Հետո հազար ու մի պայքարներ` ընդդեմ հասարակական այգու եւ հանքերի շահագործման, հոսանքի ու գազի թանկացման, ընտրությունների կեղծման, քաղաքական հայացքների համար դատապարտման։ Այս երիտասարդները եթե անգամ չեն հասցրել մասնակցել այս բոլոր պայքարներին տարիքի բերումով, ապա նրանք, վերջին հաշվով, կարդացել են այս ամենի մասին բանաստեղծությունը, եւ նրանք այլեւս հեշտ ավար չեն բռնակալի կամ դեմագոգի համար։ Այնպես որ, մղկտալ եւ հատկապես վերլուծել պետք չէ։ Կարելի պարզապես մաքուր պահել։ Գոնե ինքզինքը։      

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30