19.01.2018 09:54 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բոշա չի` հիվանդ է

Ուզում են գոռալով, գողանում են սուսուփուս

Ուզում են գոռալով, գողանում են սուսուփուս

Վիգեն Սարգսյանը խաչքավոր դառնալուց հետո բարեգործի դուխ էր հավաքել։ Վիրավոր զինվորին փող է պետք, իսկ նա չի կարող իր գրպանից այդքան շատ փող տալ։ Նախարարության փողերն էլ հազիվ անկուշտ գեներալիտետին բավականացնեն, էլ չասած` իր եւ օգնականների մասին։ Ինչեւէ, չմանրանանք։

Մենակ է զգացել Վիգեն Սարգսյանն ինքզինքը մեկեն վրա հասած դուխի հետ։ Աջ է նայել` մարդ չկա, ձախ է նայել` մարդ չկա։ Ումի՞ց փող ուզել, որ հաստատ կտա։ Եվ դուխը պաշտպանության նախարարին հուշել է` Վիգե'ն, մի վարանի'ր, մտի'ր քո ֆեյսբուք եւ մի գրառում գրի'ր։ Եվ պաշտպանության նախարարն այդպես էլ արել է. իր սոցիալական էջում գրառում է գրել` խնդրելով քիչ մը փող վիրավոր զինվորի վիրահատության համար։ Փող ուզելու համար նրան մեղադրել են բոշության մեջ, իսկ նա հակադարձել է` Բոշան դուք եք։ Այդ պահին, հավանաբար, դուխը նրան արդեն լքել էր, այլապես կեսբերան կհուշեր, որ բոշան ազգություն է, եւ ինքը` որպես խաչքավոր ու մոսկվաներում սովորած նախարար, իրավունք չունի այդպես խոսել աստծու ստեղծած մարդու եւ ՀՀ քաղաքացու հետ։

Բայց ամբողջ հարցն այն է, որ Վիգեն Սարգսյանն արդարացիորեն է բորբոքվել։ Իրականում նա, այո, բոշա չէ։ Նա մի մոլորյալ ու հիվանդ խաչքավոր է։ Այդպես լինում է։ Կոմիտաս վարդապետն է ասել «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ. «Երբ նա խաչը վերցնում է իր ձեռքին, ինքն իրեն հարց տալի՞ս է` այս խաչն ինչու՞ է հայտնվել իմ ձեռքում։ Ուրեմն, նա այնտեղ հայտնվել է ոչ իր կամքով, ոչ իր ներքին ձայնի առաջնորդությամբ... Քրիստոս ասաց` «Ես չեկա առողջների համար, ես եկա հիվանդների համար»։ Եկեղեցին նաեւ հիվանդների կողքին է կանգնած»։ Կոմիտաս վարդապետի այս մեկնաբանությունը Սյունիքի նախկին մարզպետի որդու խաչքավորությանն է ուղղված, սակայն հիվանդը մնում է հիվանդ։ Ի՞նչ տարբերություն։

Թերեւս, մոլորվածությամբ ու հիվանդությամբ է պայմանավորված Վիգեն Սարգսյանի անտեղյակությունն այն  մասին, որ «սիրելի ընկերները»` ինչպես նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում, այսինքն` մենք` ՀՀ քաղաքացիներս ենք պահում-սնում բանակին ոչ միայն մեզնից հարկված փողերից ձեւավորված բյուջեով, ոչ միայն մեր աշխատավարձերից գանձվող 1000-ական դրամներով, այլեւ մեր զինվորի հիգիենայի, հագուստի եւ սննդի տարրական միջոցներն ապահովելով։ ՀՀ քաղաքացիները բանակի կազմավորման օրից ամեն բան տվել են բանակին` իրենց որդիների ծառայությունը, իրենց որդիների կյանքը, իրենց որդիների առողջությունը, իրենց որդիների ուտելիքը, հագնելիքը, դեղորայքը, զենք-զինամթերքը։ ՀՀ քաղաքացին երբեք ոչինչ չի խնայել բանակի համար։ Սա ՀՀ պաշտպանության նախարարը պիտի լավ իմանար եւ «սիրելի ընկերներից» մեկին բոշա կոչելուց առաջ խորհրդակցեր ՊՆ օֆիսում եւ հատկապես սոցցանցերի իր ասլան օգնականների հետ։

Բայց որքան էլ անտեղյակ լինի խաչքավորը, մի բան նա հաստատ գիտի` այն հրամանատարը, որ կրակել է իր մարդասիրության շարժառիթը դարձած զինվորի գլխին, ոչ միայն ազատության մեջ է, այլեւ շարունակում է պաշտոնավարել նույն տեղում։ Այսինքն, ոճիրը կա, պատիժը` ոչ։ Իսկ ոճրագործը թեկուզ հաճույքի համար կարող է կրակել նորանոր զինվորների գլխին, ոչ ոք նրան չի արգելել այդպես չվարվել զինվորների հետ։ Եվ նախարարն էլ, կարծես, դեմ չէ դրան։ Ինչու՞  վատամարդ դառնալ զինվորի գլխին կրակող բարձրաստիճան զինվորականի առաջ, եթե կարելի է սոցցանցով փող խնդրել վիրավոր զինվորի բուժօգնության համար։ Այդպես ավելի հայրենասիրական է։ Ոչի'նչ, որ քեզ ոչ ոք չի հասկանում։ Անգամ սեփական կուսակիցներդ։ Զորօրինակ ռազմահայրենասիրության գծով նեղ մասնագետ Շուշան Պետրոսյանը։ Վեր է կացել, ԱԺ ամբիոնից ասում է` «Սիրու՞մ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, քո հարմարավետությունից, ապահովությունից ավե՞լ, ուրեմն մի գոռա, այդպես չեն սիրում»։

Արարատը վկա, հայրենիքը հենց բարձրաձայն են սիրում։ Ծառայությունից լուռ են խուսափում։ Իսկ ծառայության կանչելիս` բարձրաձայն։ Բանակի փողերը լուռ են գողանում, բանակի համար փող պահանջելիս` բարձրաձայն։ Նրբություններ կան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30