18.05.2013 17:41 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՇՓՀ» միջոցառումներ

Գազի խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել

Գազի խնդիրը հեշտությամբ  կարելի է լուծել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց, թե կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը։ Բանն այն է, որ մինչեւ հիմա իբր 180 դոլարով գնվող ռուսական գազի դիմաց Հայաստանը վճարելու է (կամ արդեն վճարում է) 270 դոլար։

Բայց եթե կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը` անհասկանալի է, թե ինչու պիտի գազը թանկանա։ 270 դոլարի 30 տոկոսը կազմում է 81 դոլար, այսինքն` ստացվում է, որ սպառողների համար գազը 180 դոլարից դառնալու է ընդամենը 189 դոլար, այլ կերպ ասած` համարյա չի թանկանալու։ Հարց է ծագում` այդ դեպքում ինչո՞ւ չի կարելի սակագինն ընդհանրապես չփոխել։ Պատասխանը պարզ է. որովհետեւ այդ ոլորտում ներգրավված կազմակերպությունները չեն ցանկանում հրաժարվել գերշահույթներից, եւ քանի որ լիակատար մենաշնորհ ունեն` «չորով» պարտադրում են իրենց պայմանները։

 Հիմա անդրադառնանք ստեղծված իրավիճակին։ Եթե անգամ բնակչության համար գազը թանկանա ոչ թե 67, այլ ընդամենը 30-35 տոկոսով, դա աղետալի հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար։ Կտրուկ թանկանալու է ամեն ինչ` էլեկտրաէներգիան, տրանսպորտը, սննդամթերքը եւ այլն, ինչի հետեւանքով էլ աղքատության մակարդակը 35 տոկոսից հասնելու է առնվազն 55-60 տոկոսի։ Բնականաբար` կտրուկ ավելանալու են նաեւ արտագաղթի ծավալները։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ իշխանությունների տասնամյա հետեւողական ջանքերի շնորհիվ ստեղծվել է մի վիճակ, երբ Կրեմլում են որոշում, թե որքան պիտի լինի Հայաստանի բնակչության թիվը, քանի տոկոս պիտի լինի աղքատությունը եւ այլն, պարզ ասած` Հայաստանի «վինտիլը» դրսում է, եւ Հայաստանի իշխանությունները դրա վրա ազդելու որեւէ լծակ չունեն։ Ճիշտ է, իշխանությունները փորձում են 30 տոկոսանոց սուբսիդավորմամբ մեղմել հարվածը, բայց դա, մեծ հաշվով, հարցի լուծում չէ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ սուբսիդավորումը պիտի իրականացվի պետբյուջեի, այսինքն` հարկատուների հաշվին։ Կառավարությունը պիտի կամ մեկ այլ ոլորտից (ասենք` գիտությունից, առողջապահությունից, պաշտպանությունից) կտրի այդ գումարը, կամ բարձրացնի հարկերը, կամ նոր հարկատեսակներ հորինի (ի դեպ` Հայաստանում գործում է 34 հարկատեսակ, Ադրբեջանում` 18, Վրաստանում` ընդամենը 4)։

Եվ այնուամենայնիվ` զուտ մաթեմատիկորեն այս խնդիրը շատ պարզ լուծում ունի։ Վերջին հաշվով, Ռուսաստանի «ռազմավարական գործընկերության» արդյունքում Հայաստանն այդ երկրին գազի դիմաց պիտի վճարի տարեկան ընդամենը 150 միլիոն դոլարով ավելի շատ, քան վճարում էր մինչեւ հիմա, մինչդեռ Հայաստանի իշխանություններն ու նրանց մերձավոր օլիգարխները ամենահամեստ հաշվարկներով «վաստակում են» տարեկան մեկ միլիարդ դոլար։ Այսինքն` ֆիզիկապես այդ փողը կա, եւ եթե համատարած կոռուպցիան ու թալանը նվազեն տարեկան ընդամենը 15 տոկոսով, եւ այդ գումարը հավասարաչափ բաշխվի հասարակության բոլոր շերտերի վրա, գազի խնդիրը կարելի է լուծված համարել։ Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր նշված թվերն արժանահավատ չեն համարի, խորհուրդ կտանք եւս մեկ անգամ ընթերցել մամուլի (այդ թվում` արտասահմանյան) հրապարակումները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավորների աստղաբաշխական ունեցվածքի մասին, գումարել այդ թվերը եւ բաժանել նրանց կառավարման տարիների վրա. կստացվի տարեկան առնվազն մեկ միլիարդ դոլար։ Ահա եւ ստացվում է, որ գազի թանկացման հետեւանքների չեզոքացումը զուտ տեխնիկական խնդիր է. փողը կա, հայտնի է, թե ուր է հոսում, եւ պետք է ընդամենը մի քիչ նվազեցնել հոսքը եւ մտածել դա հասարակության բոլոր շերտերի վրա հավասարապես բաշխելու մեխանիզմների մասին։ Բայց սա, ինքներդ էլ հասկանում եք, քաղաքական խնդիր է եւ ի վերջո հանգեցնում է իշխանափոխության գաղափարին։ Եթե  համաժողովրդական ընդվզում առայժմ չկա, դա դեռ չի նշանակում, թե առաջիկայում նման ալիք չի ձեւավորվելու։

Եթե, իհարկե, իշխանություններն ինքնակամ չորոշեն սոցիալական պայթյունը կանխել «օբշչակի» փողերով։ Ե՛վ իրավաբանորեն, ե՛ւ տեխնիկապես դա միանգամայն հնարավոր է։ Կարող ենք նաեւ ձեւը հուշել։ Ասենք` իշխանությունները կարող են հայտարարել, որ գազի սակագնի 30 տոկոսը սուբսիդավորելու են ոչ թե պետբյուջեի, այլ հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնադրամի միջոցներով։ Հետո թող ստեղծեն, ասենք, «Շառից-փորձանքից հեռու» անվանումով հիմնադրամ ու իրենք իրենցով մուծվեն` ով ինչքան կարող է։ Հաստատ 150 միլիոնից շատ կհավաքվի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30