10.03.2017 05:16 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Մարտյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Հայրերն ու դուստրերը»
«Հայրերն ու դուստրերը» .

Երեւանյան ցրտաշունչ գարնան երեկոներն այս ամիս ջերմությամբ անցկացնելու համար, կինոերկրպագուներին առաջարկվում են մի շարք կինոպրեմիերաներ, որոնք, «Օսկարի» մրցակցությունից հետո, ոչ պակաս must see սեգմենտին են հավակնում։ Մարտին իրենց խաղով մեծ էկրաններին հանդես կգան Քեյթ Բլանշետը, Սքարլեթ Յոհանսոնը, Ժյուլիետ Բինոշը, Ռունի Մառան, Քեյսի Աֆլեկը, Էլիզաբեթ Բենքսը, Նաոմի Սքոթը, Ջեյք Ջիլենհոլը, Ռայան Ռեյնոլդսը, Մայքլ Ֆասբենդերը, Թարաջի Փ. Հենսոնը, Օկտավիա Սփենսերը, Ժանել Մոնեն, Քեվին Քոսթները, Մահերշալա Ալին, Ջեյմս ՄակԷվոյը, Էմմա Ուոթսոնը, Լյուկ Էվանսը, Օդրի Թոտուն, Շայա ԼաԲաֆը, Գարի Օլդմանը, Ռասել Քրոուն, Աարոն Փոլը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Քրիստեն Ստյուարտը, Մեթյու ՄակՔոնահին, Նիկոլաս Հոլթը, Էնթոնի Հոփքինսը, Հյու Ջեքմանը եւ այլ կինոաստղեր։

02.03- «Լոգան»/ Logan

Ֆանտաստիկ մարտաֆիլմի նոր մասում Ռոսոմահան, նույն ինքը՝ Լոգանը, հոգնելով կյանքից, հոգ է տանում հիվանդ պրոֆեսոր Չարլզ Քսավյեի մասին, ով Իքս-Մարդկանց հիմնադիրն ու առաջնորդն է։ Միասին նրանք թաքնվում են մեքսիկական սահմանին։ Սակայն Լոգանը՝ հանդիպելով մութ ուժերի կողմից հետապնդվող պատանի մուտանտին, այլեւս չի կարողանում թաքցնել իր անցյալը։ Դերերում՝ Հյու Ջեքման, Պատրիկ Ստյուարտ, Դաֆնի Քին, Բոյդ Հոլբրուք, Էլիզաբեթ Ռոդրիգես, Ռիչարդ Է. Գրանտ։

02.03- «Գազաներգ»/ Sing

Փիղը, ոչխարը, ցուլը, խոզուկը... Բոլոր կենդանիները երազում են աստղ դառնալ, եւ որոշներին հաջողությունը ժպտում է։ Թեպետ, ով գիտի, թե ում դիմանկարը վաղը կզարդարի բոլոր ամսագրերի շապիկները։ Կենդանիների աշխարհում ամեն ինչը նույնն է, ինչ մարդկանց մոտ։ Կրկնօրինակում՝ Մեթյու ՄակՔոնահի, Ռիզ Ուիզերսպուն, Սեթ ՄակՖարլեյն, Սկարլետ Յոհանսոն, Ջոնիֆեր Հադսոն։

02.03- «Ավտոբան»/ Collide

Ֆիլմի պատմության կենտրոնում ամերիկացի զբոսաշրջիկ Քեյսի Շտանն ու նրա ընկերուհին են, ովքեր ճանապարհորդում են Եվրոպայով։ Հերթական քաղաք հասնելով, երիտասարդները ներքաշվում են երկու թշնամական մաֆիոզ խմբակցությունների վիճաբանության մեջ։ Երկար սպասված արձակուրդները Գերմանիայի ավտոբաններով մահացու վտանգավոր մրցարշավների են վերածվել։ Դերերում՝ Նիկոլաս Հոլթ, Ֆելիստի Ջոնս, Էնթոնի Հոփքինս, Բեն Քինգսլի, Մարվան Քենզարի, Ալեքսանդր Յովանովիչ։

02.03- «Ոսկի»/ Gold

Ֆիլմը ոսկու հետախույզ Քենի Ուելսի մասին է, որը դեռեւս չի հասցրել գտնել իր ամենամեծ հարստությունը, սակայն հույսը չի կորցնում եւ սպասում է ճակատագիրը փոխող հնարավորությանը։ Առանձնապես ոչ մի տարբերակ դեռեւս չունենալով, Ուելսը իր պես անհաջողակ ընկեր է գտել, որպեսզի իրականացնի իր հսկայական պլանը՝ ինդոնեզական ջունգլիներում ոսկի գտնի։ Դերերում՝ Մեթյու ՄակՔոնահի, Էդգար Ռամիրես, Բրայս Դալաս Հովարդ, Կորի Սթոլ, Թոբի Քեբել, Բիլ Քեմփ։

02.03- «Անձնական գնորդ»/ Personal Shopper

Նախագծի գլխավոր հերոսուհին երիտասարդ ամերիկուհի Մորինն է, որը տեղափոխվել է Փարիզ՝ նորաձեւության մայրաքաղաք, որպեսզի հայտնիներին օգնի հագուստներ ընտրել։ Նրա կյանքը երազանք է, սակայն այդ ամենը բարդացնում է աղջկա պարանորմալ ունակությունը՝ շփվել ուրվականների հետ։ Նրանցից մեկը Մորինի հետ կոնտակտի մեջ է մտնում, եւ աղջիկը կարծում է, որ դա նրա երկվորյակ եղբայրն է, ով վերջերս մահացել է սրտի արատից, որով տառապում է նաեւ հենց ինքը։ Սակայն նրա նոր ընկերը չի բացահայտում իր ինքնությունը։ Դերերում՝ Քրիստեն Ստյուարտ, Լարս Այդինգեր, Սիգրիդ Բուազի, Անդերս Դանիելսեն Լյե, Համմա Գրայա, Օդրի Բոնե, Պասկալ Ռամբերտ։

08.03- «Թ2 Թրեյնսփոթինգ (Ասեղի վրա 2)»/T2 Trainspotting

Դրամատիկ պատմությունը նկարահանվել է Իրվին Ուելշի «Պոռնո» վեպի հիման վրա։ Սյուժեն զարգանում է 4 ընկերների շուրջ, որոնց հետ հանդիսատեսը ծանոթացել է 10 տարի առաջ։ Ավելի պատանի տարիքում նրանք միշտ լավ ժամանակ են անցկացրել իրար հետ, լողում էին հալյուցինացիաների մեջ եւ իրենց մոխրագույն առօրյան վառ գույներով ու անառողջ երեւակայություններով աշխարհի էին վերածում։ Այժմ նրանք տարիքով ավելի մեծ են, ունեն կյանքի փորձ եւ պատրաստ են զբաղվել իսկական գործով։ Օրինակ՝ պոռնոֆիլմեր նկարահանել։ Դերերում՝ Յուեն ՄակԳրեգոր, Յուեն Բրեմներ, Ջոնի Լի Միլլեր, Ռոբերտ Կառլայլ, Լոգան Գիլիս, Բեն Սքելթոն, Շիռլի Հենդերսոն։

09.03- «Կոնգ. Գանգի կղզի»/ Kong։ Skull Island

Ֆիլմի գործողությունը զարգանում է անցած դարի 70-ականներին։ Գիտնականների, զինվորների եւ արկածախնդիրների թիմը հայտնվում է Գանգի խորհրդավոր կղզում, որտեղ ներխուժում է Կոնգի տարածք՝ բնության եւ մարդու միջեւ պատերազմ սանձազերծելով։ Շուտով հետազոտական միսիան վերածվում է ողջ մնալու խաղի։ Դերերում՝ Թոմ Հիդլսթոն, Սեմյուել Լ. Ջեքսոն, Ջոն Գուդման, Բրի Լարսոն, Ցզին Տյան, Ջոն Օրտիս, Կորի Հոուքինս։

09.03- «Հայրերն ու դուստրերը»/ Father & Daughters

Ֆիլմը պատմում է հայտնի գրող Ջեյք Դեվիսի պատմությունը, որն ավտովթարից մահացած կնոջից հետո մնում է դստեր հետ։ Ողբերգություն ապրած գլխավոր հերոսը սեփական բուժման ընթացքում ստիպված է դստերը  ժամանակավոր հանձնել հարազատներին։ 25 տարի անց հայտնվում է գրողի արդեն մեծացած աղջիկը, ով սոցիալական աշխատող է եւ ժամանակ առ ժամանակ հիշում է իր մանկությունն ու փորձում է հաղթահարել սեփական նիմֆոմանությունը։ Դերերում՝ Ռասել Քրոու, Ամանդա Սայֆրեդ, Աարոն Փոլ, Դայան Քրյուգեր, Կուավենժանե Ուոլիս, Ջեյն Ֆոնդա, Օկտավիա Սփենսեր, Ջանեթ ՄակՏիր։

09.03- «Պատերազմ»/ Man Down

Պատերազմը փոխում է մարդկանց՝ մեկընդմիշտ ջնջելով իրականության եւ իլյուզիայի միջեւ սահմանը։ Իրաքից Ամերիկա վերադառնալով, ծովային հետեւակ Գեբրիել Դրամերը հայտնաբերում է, որ նրա երկիրը հետապոկալիպսիսի ավերակներում է գտնվում. ամենուր իշխում է բռնությունն ու դաժանությունը, որից հնարավոր չէ փախչել։ Չգիտակցելով, նա ամեն գնով հարթում է դեպի տուն ճանապարհը, որտեղ հասկանում է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում էր։ Դերերում՝ Շայա ԼաԲաֆ, Ջայ Քորթնի, Գարի Օլդման, Քեյթ Մառա, Թորի Քիթլզ, Քլիֆթոն Քոլինզ կրտսեր, Չարլի Շոթուել։

09.03- «Գիշերը Փարիզում»/ Ouvert la nuit

Ռոմանտիկ կոմեդիայի գլխավոր հերոսի առջեւ դժվար խնդիր է դրվում. թատրոնի տնօրեն, կնամոլ Լուիջին մեկ գիշերվա ընթացքում պետք է պրեմիերայի եւ կենդանի կապիկ գնելու համար գումար հայթայթի։ Ցանկալիին հասնելու համար տղամարդը պետք է օգտագործի իր ողջ գյուտարարությունը, խորամանկությունն ու տղամարդկային շարմը։ Նրան օգնության է հասնում հմայիչ ինտերնը։ Դերերում՝ Օդրի Թոտու, Էդուարդ Բաեր, Սաբրինա Ուազանի, Քրիստոֆ Մեյնե, Գրեգորի Գադեբուա, Պատրիկ Բոշարտ։

16.03- «Գեղեցկուհին եւ հրեշը»/ Beauty and the Beast

Հանդիսատեսի առջեւ բացվում է ծանոթ հեքիաթային սիրո պատմությունը. հորը փրկելով, Բելը կհայտնվի Հրեշի գերության մեջ, ով, օտար աչքերից հեռու, թաքուն ապրում է դղյակում։ Այդ խորհրդավոր վայրում անգամ մոմակալներն ու ժամացույցներն են կենդանի։ Որոշ ժամանակ հրեշի հետ մի տանիքի տակ ապրելով` աղջիկը պարզում է տղամարդու գաղտնիքն ու սկսում է կարեկցել նրան։ Մի քանի տարի առաջ հրաշագործ Ագաթան արքայազն Ադամին հրեշ է դարձնում այն բանի համար, որ նա չար, կոպիտ եւ ինքնասիրահարված է։ «Նավսը» հանելու համար նա պետք է փոխի ինքն իրեն եւ սովորի բարի դառնալ, սակայն գլխավորը՝ լինել ինչ-որ մեկի սիրելին։ Այս ամենը պետք է լինի մինչ այն պահը, երբ հրաշագործի նվիրած վարդից ընկնի վերջին թերթիկը... Դերերում՝ Դեն Սթիվենս, Էմմա Ուոթսոն, Լյուկ Էվանս, Յուեն ՄակԳրեգոր, Իեն Մակ ՄակՔելեն, Ջոշ Գադ, Էմմա Թոմփսոն, Սթենլի Տուչի։

16.03- «Սպլիտ»/ Split

Գլխավոր հերոսը Քեվինն է, որն անձի հոգնակի դիսոցիատիվ խախտում ունի։ Տղամարդու մեջ տարբեր տարիքի եւ բնավորության 23 անձ է ապրում։ Ավելի ուշ հայտնի է դառնում նաեւ 24-րդ անձի մասին, որին Կենդանի են անվանում։ Եթե օրը ցերեկով բազմամարդ տարածքում 3 աղջիկ գողանալուն նրան ստիպում է Դենիս անձը, ապա, ավելի ուշ, նրա մեջ արթնանում է ամենագլխավոր ու հասարակության համար վտանգավոր անձը։ Դերերում՝ Ջեյմս ՄակԷվոյ, Անյա Թեյլոր-Ջոյ, Բեթի Բաքլի, Հեյլի Լու Ռիչարդսոն, Ջեսիկա Սուլա, Իզի Քոֆի, Նիլ Հաֆ։

16.03- «Թաքնված ֆիգուրները»/ Hidden Figures

Ֆիլմը հիմնված է 1969 թվականի իրական դեպքերի վրա. այն ժամանակ իրականացվել են «Մերկուրիուս» նախագիծը եւ դեպի Լուսին «Ապոլոն 11»-ի թռիչքը։ Ֆիլմում հանդես է գալիս աֆրո-ամերիկուհիների թիմը, որը ՆԱՍԱ-ի պատվերով մի շարք մաթեմատիկական հաշվարկներ պետք է անի, որոնք անհրաժեշտ են առաջին տիեզերական միսիայի մեկնարկի համար։ Դերերում՝ Թարաջի Փ. Հենսոն, Օկտավիա Սփենսեր, Ժանել Մոնե, Քեվին Քոսթներ, Քրիստեն Դանսթ, Ջիմ Փարսոնս, Մահերշալա Ալի։

16.03- «Անգլիական խաբեբայությունը»/ Trespass Against Us

Ֆիլմը պատմում է Քաթլեր ընտանիքի մասին, որը օրենքից այն կողմ ապրում է մի քանի տասնյակ տարիներ։ Սակայն ընտանիքի ոչ բոլոր անդամներին է դուր գալիս իրենց կյանքը։ Չադ Քաթլերը, ով  աշխատում է իր հոր՝ կրիմինալ հեղինակության մոտ, որոշել է դուրս գալ այդ խաղից։ Սակայն նա պետք է վերջին հանձնարարության գնա. շքեղ առանձնատան կողոպուտի ժամանակ թույլ տված սխալը կարող է Չադին եւ նրա հարազատների կյանքին մեծ վնաս հասցնել։ Դերերում՝ Մայքլ Ֆասբենդեր, Բրենդան Գլիսոն, Լինդսի Մարշալ, Ջորջի Սմիթ, Ռորի Քիներ, կիլիան Սքոթ, Շոն Հարիս։

23.03- «Կյանքը»/ Life

Ըստ սյուժեի, միջազգային տիեզերանավի հետազոտողները գտնվում են պատմության մեջ ամենակարեւոր բացահայտումների շեմին։ Հետազոտելով Մարսը, նրանք Կարմիր տիեզերքի վրա կյանք են հայտնաբերում՝ նմուշներից մեկը մեծ միաբջիջ օրգանիզմ է պարունակում։ Սակայն տիեզերագնացների հիացմունքը արագորեն փոխվում է սեփական կյանքի հանդեպ վտանգի վախի, քանզի գտնված կյանքի ֆորման ավելի բանական է, քան սպասվում էր։ Դերերում՝ Ռեբեկա Ֆերգյուսոն, Ջեյք Ջիլենհոլ, Ռայան Ռեյնոլդս, Օլգա Դիխովիչնայա, Էրիոն Բակարե, Ալեքսանդր Նգույեն։

23.03- «Հզոր ռեյնջերները»/ Power Rangers

Էնջել Գրոուվ փոքր քաղաքի 5 բարձրդասարանցիների կյանքը ակնթարթորեն փոխվում է այն պահից, երբ նրանք իմանում են, որ Երկիր մոլորակի վրա այլմոլորակային վտանգ է կախվել՝ ճակատագրով ընտրված գլխավոր հերոսները արագ հասկանում են, որ նրանք միակն են, որ կարող են փրկել մարդկությունը։ Սակայն նրանք պետք է հաղթահարեն անձնական խնդիրները եւ Հզոր ռեյնջերների վերածվեն։ Դերերում՝ Էլիզաբեթ Բենքս, Բրայան Քրենսթոն, Բեքի Ջի, Նաոմի Սքոթ, Բիլ Հեյդեր, Դաքրե Մոնթգոմերի, Սառա Գրեյ։

23.03- «Մանչեսթերը ծովի մոտ»/ Manchester by the Sea

Պատմության կենտրոնում անպատասխանատու եւ ծույլ սանտեխնիկ Լին է։ Հարազատ եղբոր մահվան մասին լուրն իմանալով` նա վերադառնում է հարազատ «Մանչեսթերը ծովի մոտ» քաղաք, որտեղ նախկին եւ դժվար կյանքի մասին հիշողությունները խեղդում են նրան հզոր ալիքով՝ նոր ընթացք տալով ողբերգությանը, որը թաքնված է նրա անցյալում։ Բացի այդ, ըստ եղբոր կտակի, Լին դառնում է 16-ամյա զարմիկի խնամակալը։ Դեռահասի հետ փոխհարաբերությունների միջոցով տղամարդը փորձում է գտնել ապագա գոյատեւման իմաստը։ Դերերում՝ Քեյսի Աֆլեկ, Միշել Ուիլյամս, Քայլ Չանդլեր, Լուկաս Հեջես, Բեն Օ՝Բրայեն, Ռիչարդ Դոնելի։

23.03- «Ճակատագրի հաբերը»/ The Secret Scripture

Ժամանակին Ռոզաննա Մակնալթին անկրկնելի եւ կենսուրախ գեղեցկուհի էր, սակայն երիտասարդ տարիքում նա հայտնվել էր հոգեբուժարանում, որտեղ անցկացրել է իր կյանքի մեծ մասը։ Նա այնքան շատ էր գտնվել հոգեբուժարանի ճաղերի հետեւում, որ ոչ ոք արդեն չէր հիշում, թե ինչի համար է կինն այդտեղ հայտնվել։ Սակայն հիվանդով հետաքրքրվում է նոր գլխավոր բժիշկ Գրինը, որը Մակնալթիի պալատում հայտնաբերում է նրա օրագիրը։ Երկար տարիներ նա օրագրում գրառում էր իր հիշողությունները։ Մասնավորապես, մեմուարներում հրաշալի կյանք եւ սպառիչ, կրքոտ, տանջող, ողբերգական սիրո պատմությունն է։ Դերերում՝ Ռունի Մառա, Թեո Ջեյմս, Էյդան Թերներ, Վանեսա Ռեդգրեյվ, Էրիկ Բանա, Ջեք Ռեյնոր, Օմար Շարիֆ կրտսեր։

23.03- «Հրեշը ներսում»/ The Autopsy of Jane Doe

Փոքրիկ քաղաքի ոստիկանները տեղական պաթոլոգանատոմների տուն/գրասենյակ են հասցնում սպանության զոհին՝ առանց մահվան ակնհայտ պատճառի երիտասարդ եւ գեղեցիկ աղջկա։ Աշխատանքի ընթացքում նրանց հաջողվում է բացահայտել աղջկա գաղտնիքը, սակայն դա այդքան էլ լավ բան չէ։ Դերերում՝ Էմիլ Հիրշ, Բրայան Քոկս, Օֆելիա Լովիբոնդ, Մայքլ ՄակԷլհաթոն, Օլուեն Քաթրին Քելլի, Փարքեր Սոյերս, Ջեյն Փերի։

30.03- «Զրահներով ուրվականը»/ Ghost in the Shell

Ֆիլմի գործողությունները զարգանում են հեռավոր ապագայում։ 2029 թվականին աշխարհում ամենուրեք տարածված են կիբեր-տեխնոլոգիաները, որոնք իրենց են ենթարկում կյանքի ոլորտները, մասնավորապես, մարդիկ կարող են իրենց ներարկել նեյրոնային իմպլանտներ։ Հերոսուհին նրանց թվում է, ում քիբորգներ են անվանում։ Նա ոստիկան է եւ ղեկավարում է կիբերհանցագործության դեմ պայքարի բաժինը, որը փնտրում է խորհրդավոր հաքեր Տիկնիկավարին, ով միջամտել է միջազգային քաղաքականությանը։ Դերերում՝ Սքարլեթ Յոհանսոն, Մայքլ Փիթ, Մայքլ Ուինքոթ, Ժյուլիետ Բինոշ, Յոհան Ֆիլիպ Ասբեկ, Տակեշի Կիտանո, Չին Հան։

30.03- «Ունա»/ Una

Ֆիլմը նախկին սիրեկանների մասին է, ովքեր 15 տարի անց կրկին հանդիպում են։ Ռեյը կառուցել է իր նոր կյանքը, Ունան փնտրում է պատասխաններ։ Սակայն, նրանք երկուսն էլ չեն կարող ընդդիմանալ հարաբերությունները վերսկսելու գայթակղությանը։ Դերերում՝ Ռունի Մառա, Թոբայս Մենզիս, Ռիզ Ահմեդ, Բեն Մենդելսոն, Տառա Ֆիտցջերալդ, Պոպի Քորբի-Տուչ, Նատաշա Լիթլ։

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30