21.06.2012 02:23
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Հանդիպման վայրը փոխել չի ստացվում

Շրջանառվող լուրերի համաձայն, նախորդ շաբաթ Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար զրուցել են ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ։

Նույն լուրերի համատեքստում,  ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քոչարյանը Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման  ընթացքում ասել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենաժողովրդավար ընտրությունները Արցախում, եւ որ բոլոր քաղաքական ուժերն էլ Սահակյանի կողքին  կլինեն այնպես, ինչպես որ հարկն է։ Դաշնակցությունը` վառ օրինակ։ Միեւնույն ժամանակ խոսք է գնում այն մասին, որ Սեդրակիչը Բակոյի հետ քննարկել է նաեւ Արցախում նախատեսված ներդրումային ծրագրերի հարցն ու ակնարկել, որ այս տարի հատկապես ՌԴ-ից ու ԱՄՆ-ից   շատ ավելի լուրջ գործարարներ  են ոտք դնելու Արցախ։  

Այս հանդիպման վերաբերյալ «ՉԻ»-ն փորձեց  պարզաբանումներ ստանալ երկու կողմից էլ, որոնք էլ, ըստ էության,  ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին ստացված տեղեկությունը։ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Ես այդ հանդիպման հետ կապված տեղեկություններ  չունեմ։ Ավելին, մի քանի օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս է գտնվում, բայց նրա վերադարձից հետո ես կփորձեմ ճշտել  այդ տեղեկությունը»։ Դե իսկ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հերթին նկատեց. «Ես չեմ կարող ասել, այս ընթացքում նման հանդիպում եղել է, թե՞ ոչ, բայց մայիսի 9-ին Արցախում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ մի շարք պաշտոնյաների հետ միասին Արցախում էր գտնվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ այդ ընթացքում շատ հնարավոր է, որ նրանք զրույցի բռնված լինեին տարբեր թեմաների շուրջ, բայց պարտադիր չէ, որ այն  վերաբերեր  գալիք նախագահական ընտրություններին»։