27.04.2018 04:09 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հանգուցալուծվեք

Սողացող հակահեղափոխության ուրվականը

Սողացող հակահեղափոխության ուրվականը

Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ-երկու օր առաջ, երբ արդեն հանգուցալուծումը երեւում էր, մի քանի քաղաքական ուժեր ու անհատներ միացան համաժողովրդական շարժմանը, բայց հիմնական «հոսքը» սկսվեց հրաժարականից հետո։ Այդ գործընթացի լավագույն խորհրդանիշը երեւի գյումրեցի ցուցարարների հետ քայլող Վարդան Ղուկասյանն էր՝ նա էլ էր միացել շարժմանը։

Բայց թող որեւէ մեկը պատրանքներ չունենա. «ժողովրդի կողքին կանգնողները» շարժմանը միանալու համար չեն եկել, շարժումը ներսից վերահսկելու եւ իրենց համար անցանկալի հետեւանքները կանխելու համար են եկել։ Վերջին հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության նպատակ է հռչակել իշխանական հանցավոր համակարգի փլուզումն ու ապամոնտաժումը, եւ պիտի հստակ գիտակցի, որ համակարգը շատ հզոր է եւ դիմադրելու է մինչեւ վերջ, իսկ ինքը այդ հարցում միայն մի դաշնակից ունի՝ գիտակից երիտասարդությունը։ Ոչ փողոցում, ոչ քաղաքական դաշտում, ոչ բիզնեսի ոլորտում Նիկոլ Փաշինյանն ուրիշ ոչ մի դաշնակից չունի։ Եվ կոռումպացված համակարգը, լավ իմանալով դա, որոշել է անցնել հակահարձակման։ Անցնել հակահարձակման՝ հարվածելով շարժման միակ հենարան գիտակից երիտասարդությանը։

Բայց ինչպե՞ս։ Շատ պարզ եղանակով. ոչ թե թաղային կրիմինալի ու «սաքուլիկների» միջոցով բախումներ հրահրելով, այլ նրանց հրապարակ գործուղելով։ Որպեսզի ցույցերի առաջին օրերի՝ ոստիկանության դեմ չընկրկող երիտասարդներն ի վերջո դառնան փոքրամասնություն, ու նրանց փոխարեն մեծամասնություն դառնան «գոլդ» համարանիշներով կամ ընդհանրապես առանց համարանիշների շքեղ ավտոմեքենաները Երեւանի փողոցներում «ճռռըցնողները», որոնցից շատերը, կարելի է գրազ գալ, ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ հանրապետականներ էին։ Իշխանությունների հաշվարկներով՝ արդյունքը պիտի լինի այն, որ նորմալ, գրագետ երիտասարդությունը կհիասթափվի եւ տուն կգնա, իսկ հրապարակում կամաց-կամաց այլ վանկարկումներ կհնչեն։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում իշխանական համակարգի ներսում։ Կարելի է չկասկածել՝ որեւէ մեկն այնտեղ չի էլ մտածում իշխանությունը ժողովրդի թեկնածուին զիջելու մասին։ ՀՀԿ-ն, իհարկե, պառակտված է, բայց պառակտված է, որովհետեւ այդ կուսակցության տարբեր թեւերը իշխանությունը պահպանելու տարբեր ձեւեր են տեսնում, եւ բոլորը փորձում են ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ ստանալ։ Նույն վիճակն էլ ՀՅԴ-ում եւ ԲՀԿ-ում է։ Ամենայն հավանականությամբ՝ այդ կուսակցություններում նույնպես քննարկումներն ընթանում են ոչ թե շարժման թեկնածուին պաշտպանել-չպաշտպանելու, այլ պառակտված ՀՀԿ-ի այս կամ այն թեւին միանալու հարցի շուրջ։ 

Պարզ ասած՝ ՀՀԿ-ն ակնհայտորեն որոշել է չհանձնել իշխանությունը, բայց առայժմ հստակ չէ, թե ի՞նչ է նշանակում «ՀՀԿ», եւ ո՞վ է լինելու այդ համակարգի նոր ղեկավարը։ Տարբերակները կարծես թե երկուսն են։ Մի կողմում «նոր ոգին» է՝ փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մյուս կողմում «հին թեւը»՝ Հովիկ Աբրահամյանի հնարավոր առաջնորդությամբ ու «Ծառուկյան դաշինքի» աջակցությամբ։ Եվ այս հակամարտությունը պիտի հանգուցալուծվի մինչեւ մայիսի 1-ը, որպեսզի համակարգը նոր վարչապետի ընտրության ժամանակ հանդես գա միասնական դիրքորոշմամբ։ Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժումն ավելի արագ եւ ավելի տրամաբանական հանգուցալուծում չպարտադրի։

Մի խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե երեք ուժային բեւեռներ են ձեւավորվում։ Ու թեեւ հասարակության մեծամասնության համակրանքն այդ բեւեռներից միայն մեկի կողմն է, բայց բուն պայքարն ընթանում է խաղի այլ կանոններով, եւ ժողովրդի վերջնական հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։ Ժողովուրդն առայժմ ընդամենը հաղթելու շանս է ստացել, իսկ հիմնական պայքարը դեռ առջեւում է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30