03.11.2017 10:34 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մի զրո ավել չեն ստանա

Դաշնակները սկսում են մեծ առեւտուրը

Դաշնակները սկսում են մեծ առեւտուրը

Երեւի շատերն են հիշում, թե ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միանգամից ընդդիմադիր դարձած դաշնակցականներն ինչպես էին միտինգներ անում, ռոտացիոն կարգով նստացույցեր կազմակերպում, վանկարկում «նախագահ, մի զիջիր» ու պահանջում արտգործնախարարի հրաժարականը (կարծես թե «ցյուրիխյան ուրացման» գաղափարի հեղինակը նա էր, եւ ոչ թե Սերժ Սարգսյանը)։

Հետագայում ինչ-որ պահի դաշնակներն անգամ ընդդիմադիր քառյակի մաս կազմեցին՝ փայլուն կերպով դա օգտագործելով որպես պլատֆորմ Սերժ Սարգսյանի հետ ընդհատակյա բանակցությունների համար, եւ ավելի ուշ իշխող կոալիցիայի մաս կազմեցին։ Մի խոսքով՝ «ցյուրիխյան ուրացման» փորձը Սերժ Սարգսյանի վրա այնքան էլ թանկ չնստեց. ընդամենը մի քանի պորտֆել։ Սերժ Սարգսյանը վարվեց մոտավորապես այնպես, ինչպես դավաճանության մեջ բռնված ամուսինն է վարվում՝ կնոջը թանկարժեք զարդ է  նվիրում ու որոշ ժամանակով գլուխն ազատում։

 Բայց առջեւում ապրիլն է, նոր կառավարություն է ձեւավորվելու, նախարարական պորտֆելները վերաբաշխվելու են, եւ Դաշնակցությունը, բնականաբար, ցանկանում է ավելի թանկարժեք զարդ... ներողություն՝ ավելի շատ պորտֆելներ ստանալ։ Բայց ի՞նչ պատրվակով։ Բարեբախտաբար՝ Սերժ Սարգսյանը տվեց այդ առիթը. հայտարարեց, թե ղարաբաղյան խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Այսինքն՝ բաց տեքստով հայտարարեց, որ հնարավոր է՝ ինքը հայկական կողմի համար ցավոտ զիջումների գնա։ «Խանդի տեսարան» սարքելու համար Դաշնակցությանը դրանից ավելին պետք էլ չէր։ Անմիջապես ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի գերագույն մարմնի համատեղ նիստը հայտարարություն տարածեց, որի իմաստը մոտավորապես հետեւյալն էր՝ իրենք երկրի սոցիալ-տնտեսական վիճակից այնքան էլ գոհ չեն, իրենք գործելու են ինքնուրույն եւ «նախաձեռնողաբար», ու դեռ հարց է՝ 2018-ի ապրիլին կոալիցիա կմտնե՞ն, թե ոչ։

 Մի խոսքով՝ առեւտուրը սկսված է։ Ճիշտ է, շեշտը դրվում է սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, բայց ակնհայտ է, որ դա ընդամենը ծխածածկույթ է։ Դաշնակցության բուն ասելիքն այլ է՝ եթե Սերժ Սարգսյանն իսկապես մտադիր է Ղարաբաղի հարցում ցավոտ լուծումների գնալ (կամ, պարզ ասած, «ծախել հողերը»), պիտի բարի լինի «գլխանց» վճարել Դաշնակցության փայը։ Թե չէ ահավոր աղմուկ կբարձրացնեն։ Ի վերջո՝ այդ թեմայի հիմնական «շահառուն» իրենք են ու երկրապահները, բայց երկրապահների վերնախավը վաղուց իր փայաբաժինը ստացել է, անխռով ծամում է ու վստահաբար ձայն-ծպտուն չի հանի (այնտեղ լավ գիտեն, թե ում ձեռքին են մեխն ու չագուճը), իսկ ահա Դաշնակցությունն իսկապես կարող է աղմուկ բարձրացնել՝ հատկապես Սփյուռքում (Հայաստանում վաղուց արդեն Սերժ Սարգսյանից բացի որեւէ մեկն այդ ուժին լուրջ չի վերաբերվում)։

 Ի դեպ՝ ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի գերագույն մարմնի համատեղ հայտարարությունից հստակ երեւում է, որ Դաշնակցությանն առավելապես հետաքրքրում է տնտեսական բլոկը (սոցիալ-տնտեսական իրավիճակ, բարեփոխումներ, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքար, տարածքային կառավարում, մարզպետարաններ եւ այլն), այսինքն՝ որպես պարտաճանաչ բանակցողներ դաշնակները հստակ ասում են, թե որ «ապրանքն» է իրենց հետաքրքրում։ Սովորական լեզվով Սերժ Սարգսյանին հղված այս ուղերձը հնչում է մոտավորապես այսպես. «տնտեսական բլոկը մեզ տուր, դու արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում ինչ ուզում ես՝ արա, մենք նաղդ սուս մնացող ենք»։ Համաձայնվեք՝ շատ սկզբունքային դիրքորոշում է ինքզինքը «ազգային» հռչակած կուսակցության համար։

Բայց Սերժ Սարգսյանն այնքան միամիտ չէ, որ «մի զրո ավել» վճարի ակնհայտորեն ժամկետանց ապրանքի համար։ Առավել եւս, որ դաշնակցականները «նաղդ սուս մնացող» չեն։ Ոչ թե այն պատճառով, որ սկզբունքորեն չեն հանդուրժի «ցավոտ զիջումները», այլ որովհետեւ ոչ մի շանտաժիստ շորթած գումարի առաջին չափաբաժնով չի բավարարվում եւ գնալով ավելի ու ավելի մեծ պահանջներ է առաջ քաշում։ Այնպես որ՝ Դաշնակցությանը լավագույն դեպքում կառաջարկվեն այսօրվա «քվոտաները»։ Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ դուք գիտեք։

Ու նրանք, իհարկե, սուսուփուս կվերցնեն։ Հո օր ծերության իրենց բնավորությունը չե՞ն փոխելու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30