25.10.2016 09:59 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դոզավորված հաջողություն

Կարեն Կարապետյանի գործիքակազմը

Կարեն Կարապետյանի գործիքակազմը

Մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը հարկ համարեց ընդգծել, որ իրեն վարչապետի պաշտոնում աշխատելու են հրավիրել Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն։

Այսինքն` ճիշտ է, ինքը թիմի անդամ է եւ որոշակի պատասխանատվություն է կրում, բայց ամեն դեպքում` «հրավիրված մասնագետ» է։ Մոտավորապես այնպես, ինչպես, ասենք, ծանր վիճակում հայտնված ընկերությունը խելքի բերելու համար դրսից կառավարիչ են հրավիրում, ֆուտբոլի ազգային հավաքականի համար` արտասահմանցի մարզիչ եւ այլն։ Իսկ «հրավիրված մասնագետները», որպես կանոն, վարձու աշխատողներ են եւ կատարում են այն, ինչ պահանջում է գործատուն (տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը)։

Թե ինչու է Կարեն Կարապետյանը հատուկ ընդգծում այս փաստը` հասկանալի է։ Նա ինքն էլ է գիտակցում, որ ձախողվելու հավանականությունը բավականին մեծ է, ու նախապես ակնարկում է, որ աշխատելու է այնքան, որքան թույլ կտան գործատուները, եւ եթե ինչ-որ բան չստացվի` պատճառը ոչ թե իր ապաշնորհությունն է, այլ իշխանությունների «քաղաքական կամքի» բացակայությունը։ Եվ մեծ հաշվով նա իրավացի է։

Բանն այն է, որ Հայաստանում կոռուպցիայի, մենաշնորհների, «պրիմիտիվ գողությունների» եւ այլնի դեմ միայն տնտեսական լծակներով պայքարելն անհնար է։ Վարչապետն ինչքան ուզում է` թող խոսի այդ ամենի մասին։ Մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ կլսեն ու գլուխները կտմբտմբացնեն, մտքում կծիծաղեն ու կշարունակեն իրենց գործը։ Այդ ամենի դեմ արդյունավետ պայքարել կարող են միայն ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունն ու դատարանները, ընդ որում` ջանքերը համատեղելով։ Իսկ այդ ոլորտներից ոչ մեկը վարչապետի իրավասության ներքո չէ։ Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը վարչապետի առջեւ ինչ-որ խնդիր է դրել (եթե դրել է), բայց չի տվել այն գործիքները, որոնցով հնարավոր է լուծել այդ խնդիրը։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն է որոշելու` Կարեն Կարապետյանը ձախողվելո՞ւ է, թե՞ այնուամենայնիվ ինչ-որ հաջողություններ է արձանագրելու։ Դա նույնն է, թե ֆուտբոլի ազգային հավաքականի համար դրսից մարզիչ հրավիրես, նրանից պահանջես, ասենք, «տեսանելի ապագայում» դառնալ Եվրոպայի չեմպիոն, բայց թույլ տաս ընդամենը երկու-երեք ֆուտբոլիստ փոխել, մեկ էլ` մասաժիստին։ Բայց նման պայմաններով գլխավոր մարզիչ չեն հրավիրում, նման պայմաններով գլխավոր մարզիչն իր համար օգնական է հրավիրում, որպեսզի ձախողվելու դեպքում մեղքը բարդի նրա վրա ու հեռացնի, իսկ եթե այնուամենայնիվ ինչ-որ բան հաջողվի` ինքը, որպես «գլխավոր մարզիչ», վայելի բոլոր դափնիները։

Հիմա` ամենակարեւոր հարցը։ Իսկ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է, որ Կարեն Կարապետյանը լուրջ հաջողություններ արձանագրի։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ժողովուրդն իրեն չի ընդունում, որ ինքը երկու անգամ նախագահ է դարձել խիստ կասկածելի ընտրություններով` «տոկոս խփելու» արդյունքում, իսկ «ՀՀԿ» հապավումն ընդհանրապես համարյա հայհոյանքի նման բան է։ Ու հիմա պատկերացրեք` հայտնվում է ինչ-որ Կարեն Կարապետյան եւ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարում փայլուն արդյունքներ գրանցում։ Արդյունքում` մի կողմում ունենում ենք հասարակության համակրանքը վայելող վարչապետ, մյուս կողմում` Սերժ Սարգսյան ու «քյարթու» հանրապետականներ, որոնց մեր հասարակությունը, մեղմ ասած, չի սիրում։ Շա՛տ մեղմ ասած։ Սերժ Սարգսյանն այդ իրավիճակում կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, մանավանդ` եթե Մոսկվայից էլ մի թեթեւ աջակցեն Կարեն Կարապետյանին։ Իսկ ՀՀԿ-ն այն հենարանը չէ, որի վրա կարելի է հույս դնել։ Մի գիշերվա մեջ հանրապետական են դարձել` մի գիշերվա մեջ էլ դուրս կգան (եթե զգան, որ Սերժ Սարգսյանի դիրքերը խախուտ են)։

Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանին հեչ ձեռնտու չէ Կարեն Կարապետյանի հաջողությունը։ «Դրայվը»` այո, ընտրություններից առաջ «դրական սպասումներ ձեւավորելը»` այո, բայց` միայն այդքանը։ Հաջողություններն էլ պիտի խիստ դոզավորված լինեն։ Կոպիտ ասած` Կարեն Կարապետյանը թող ինչքան ուզում է, «դրայվ» զգա խաղալիք մեքենայի ղեկին. կարեւորը` որ մեքենայի «պուլտը» լինի Բաղրամյան-26-ում։

Հետաքրքիր է` Կարեն Կարապետյանն ի սկզբանե իմացե՞լ է, որ ամեն ինչ հենց այսպես է լինելու, թե՞ արդեն վարչապետ նշանակվելուց հետո է իր համար պարզել իրերի վիճակը։ Եթե հետո է իմացել` առաջիկայում ականատես կլինենք ներիշխանական լուրջ խմորումների, իսկ եթե ամեն ինչ սահուն լինի` ուրեմն գործ ունենք ընդամենը նախընտրական «ծյունինգի» հետ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30