13.12.2016 07:28 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փող կպցրեք, փող

Գործո՛վ զբաղվեք, գործո՛վ

Գործո՛վ զբաղվեք, գործո՛վ

Վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը խիստ ուռճացված է, եւ այն կառույցները, որոնք հենց այնպես նստած են «բյուջեի վզին» եւ կոնկրետ օգուտ չեն բերում, պիտի օպտիմալացվեն։ Եվ նա, իհարկե, հարյուր տոկոսով իրավացի է. վաղուց էր պետք։

Մի քանի օր առաջ էլ նա ճիշտ նույնպիսի թաքնված «մուննաթով» հանդես եկավ Հայաստանի դիվանագիտական կորպուսի հասցեին` հայտարարելով, թե արտասահմանում մեր դեսպանների հիմնական անելիքներից մեկը պիտի լինի ներդրումներ բերելը, եւ ընդհանրապես` տնտեսական բաղադրիչը, մինչդեռ մինչեւ հիմա «այդ դաշտում եղել են բացթողումներ»։ Պարզ ասած` դեսպանները հենց այնպես մսխում են պետական միջոցները, բայց երկրին կոնկրետ օգուտ չեն տալիս։

Սկսենք դրականից։ Նախ` Կարեն Կարապետյանը դեսպանների ձրիակերության մասով լիովին ճիշտ է. նրանք իսկապես իրենց զգում են ինչպես կուրորտում ու զբաղված են ընդամենը տվյալ երկիր ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելով, մեկ էլ` տեղի հայերից «դեսպանատան կարիքների համար» փող «կպցնելով»։ Երկրորդ` լավ է, որ Կարեն Կարապետյանն իրատեսորեն է նայում Հայաստանում ներդրումներ կատարելու հարցին եւ գտնում է, որ օտարերկրացիները պիտի Հայաստանում ներդրումներ կատարեն ճիշտ նույն նպատակով, որով ներդրումներ են կատարում, ասենք, Շվեդիայում, այսինքն` փող աշխատելու համար։ Եվ ոչ թե ռոմանտիկ նկատառումներից ելնելով` որ Հայաստանն իրենց նախնիների հայրենիքն է, Մասիսը «աղվոր սար է» եւ այլն։

Հիմա` բացասականի մասին։ Եթե դիվանագիտական կորպուսի թիվ մեկ խնդիր է հռչակվում «փող կպցնելը» (ներդրումներ բերելը, տնտեսական կապեր ստեղծելը եւ այլն), դա նշանակում է, որ Հայաստանն այլեւս ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունք չունի եւ այդ գործառույթը հանձնել է ուրիշներին (տվյալ դեպքում` Ռուսաստանին կամ ԵԱՏՄ-ին)։ Երկրորդ` ընդհանրապես պետական կառույցների առջեւ միայն «փող կպցնելու» կամ շահույթով աշխատելու խնդիր դնելը այնքան էլ ճիշտ չէ։ Ու եթե Կարեն Կարապետյանը բոլորի առջեւ այդպիսի խնդիր է դնում` արդյունքը լինում է այն, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն, օրինակ, սեւեռվում է ազգային պատկերասրահի վերջին հարկում բար-ռեստորան սարքելու գաղափարի վրա։ Վերջին հաշվով` կառույցներ կան, որոնց նպատակն ամենեւին էլ փող աշխատելը չպիտի լինի։ Հակառակ դեպքում կլինի հայտնի անեկդոտի նման, երբ ոստիկանն առաջին անգամ գնում է աշխատավարձ ստանալու եւ խիստ զարմանում` «յա՛, աշխատավարձ էլ եք տալի՞ս, իսկ ինձ թվում էր` զենքը տվել եք, ու վերջ, ոնց կարողանամ` պիտի գլուխս պահեմ»։

Բայց մի ուրիշ հարց էլ կա։ Ենթադրենք` Կարեն Կարապետյանին հաջողվում է արտաքին քաղաքականության ոլորտը նույնպես վերցնել իր կուրացիայի տակ, ու ենթադրենք` վաղուց իրենց գոյության նպատակը մոռացած դեսպանները փոխվում են, ու նրանց փոխարեն նշանակվում են «Հայռուսգազարդի» առավել կայտառ աշխատակիցները։ Ո՞րը պիտի լինի նրանց գործունեության հիմնական նպատակը։ Համոզել արտասահմանցի գործարարներին, որ Հայաստանը ներդրումների համար շատ նպաստավոր երկիր է, որ նրանց ներդրումները երաշխավորված կլինեն, որ փաստացի պատերազմական վիճակը չի խանգարի, շրջափակումը խոչընդոտ չէ, մեզանում օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ այլն։ Բան չունենք ասելու, պատերազմական վիճակի եւ շրջափակման հետ կապված «էքստրիմը» գուցեեւ ոմանց հրապուրի (մանավանդ որ դա կարելի է փոխհատուցել համեմատաբար էժան աշխատուժի առկայությամբ), բայց օրենքի առջեւ բոլորի հավասարության դրույթը խիստ կասկածելի է։

Տեսեք` Կարեն Կարապետյանն ինքը հայտարարեց, որ հնարավոր է` 2018-ից հետո էլ ինքը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Բայց սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նա վարչապետ դառնալու համար պիտի նախ իշխող կուսակցության կազմում պատգամավոր դառնա, մինչդեռ նա պատգամավոր դառնալ չի կարող, որովհետեւ վերջին 4 տարիներին մշտապես չի բնակվել ՀՀ-ում։ Այսինքն` ստացվում է, որ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը երաշխավորող Կարեն Կարապետյանն ինքն իրեն վեր է դասում օրենքից կամ գտնում է, որ դա իրեն չի վերաբերվում, այսինքն` օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց ինքը ավելի՛ հավասար է։ Եվ վերջ. փուչիկը պայթում է։ Սա նշանակում է, որ լավագույն դեպքում` Հայաստանում ներդրումներ կանեն միայն նրանք, ում Կարեն Կարապետյանն անձամբ կխոստանա, որ անհրաժեշտության դեպքում նրանք նույնպես օրենքի առջեւ մյուսներից ավելի հավասար են լինելու։

Ի դեպ` ճիշտ այդպես է եղել նաեւ մինչեւ հիմա։ Ու արդյունքները, մեղմ ասած, փայլուն չեն եղել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30