27.04.2018 04:02 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կրակել ա` չի կպել

Իսկապե՞ս ուժ չի կիրառել

Իսկապե՞ս ուժ չի կիրառել

Այս օրերին Սերժ Սարգսյանի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառելն ու համարյա անաղմուկ հեռանալը ներկայացվում է որպես չտեսնված-չլսված մեծահոգություն ու քաղաքական սխրանք։ Եվ իսկապես էլ՝ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել (թեեւ մեծ հաշվով՝ վտանգը դեռ չի անցել)։

Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանն ուժ կիրառելու փորձ չի արել։ Իրականությունն այն է, որ նա գործնականում կիրառել է իր զինանոցի բոլոր «զինատեսակները», պարզապես դրանցից որեւէ մեկն իր նպատակին չի ծառայել։

Նման պայմաններում ի՞նչ «զինատեսակներ» էին կիրառում իշխանությունները քսան տարի շարունակ։ 1. Ոստիկանական բռնի ուժ եւ զանգվածային ձերբակալություններ, 2. Կիսաօլիգարխիկ դեմքերի կրիմինալ բանդաներ, 3. Հանրահավաքային հարթակը պառակտելու եւ այնտեղից հնչած ելույթներով հասարակությանը սխալ ուղղությամբ տանելու փորձեր, 4. Շփման գծում լարվածության աճ եւ այդ փաստի ինտենսիվ շահարկում՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» մոտիվներով, 5. Իշխանությունների կողմնակիցների «ինքնաբուխ» հավաքներ (իբր՝ ժողովրդի դիրքորոշումն այնքան էլ միասնական չէ)։ Հիմնական մեթոդները միշտ այս հինգն են եղել, եւ վերջին երկու շաբաթների իրադարձություններին ուշադիր հետեւողները կարող են փաստել, որ Սերժ Սարգսյանը այս հինգ մեթոդներն էլ կիրառել է։ Թվարկենք հերթով։

1. Ոստիկանական բռնի ուժ եւ զանգվածային ձերբակալություններ։ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ցուցարարները մի քանի հարյուր են, բայց օրական միջին հաշվով 200-300 ցուցարար էր բերման ենթարկվում, ընդ որում՝ հաճախ ամենակոշտ մեթոդներով։

2. Կիսաօլիգարխիկ կրիմինալ բանդաներ։ Սրանք նույնպես ակտիվորեն օգտագործվեցին՝ եւ՛ քաղաքի կենտրոնում, եւ՛ Էրեբունիում, եւ՛ մայրաքաղաք մտնող ճանապարհներին, ընդ որում՝ առանձին օդիոզ դեմքեր անձամբ էին ղեկավարում խաղաղ ցուցարարներին ծեծելու օպերացիան։

3. Հարթակը պառակտելու փորձեր։ Նման փորձեր նույնպես եղան, բայց ձախողվեցին՝ ոչ Զարուհի Փոստանջյանին թույլ տվեցին ելույթ ունենալ, ոչ էլ նրանց, ովքեր կարող էին բռնության կոչեր հնչեցնել կամ շարժումը տանել այլ ուղղությամբ։

4. Շփման գծում լարվածության աճ եւ դրա շահարկում։ Այս անգամ լարվածության աճը նույնիսկ տեսագրությամբ ներկայացվեց, եւ համապատասխան պաշտոնյաները համապատասխան հայտարարություններ արեցին, բայց դա որեւէ ազդեցություն չունեցավ։ Ավելին՝ ապրիլյան պատերազմի մասնակիցները հայտնվեցին ցուցարարների առաջին շարքերում։

5. Իշխանությունների կողմնակիցների «ինքնաբուխ» հավաքներ։ Նման փորձեր եղան՝ «դուք ձեր Նիկոլին եք պաշտպանըմ, մենք էլ մեր վարչապետին» ձեւակերպմամբ, բայց բեմականացումը վատն էր՝ կրիմինալ դեմքերը չկարողացան խաղալ ժողովրդի դերը։

Այնպես որ՝ իրականում Սերժ Սարգսյանը բոլոր փամփուշտները կրակել է։ Եվ միայն դրանից հետո է որոշել, որ հետագա դիմադրությունն անիմաստ է։ Իսկ ահա նրա թիմակիցները համարում են, որ ոչ բոլոր փամփուշտներն են կրակված։ Սա, ի դեպ, նույնպես շատ հետաքրքիր է։ Ընդամենը մի շաբաթ առաջ բոլոր հանրապետականները անվերապահորեն ընդունում էին իրենց «անփոխարինելի» առաջնորդի ցանկացած խոսք եւ չէին համարձակվում անգամ կես բառով առարկել, հիմա այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ որոշեցին չհամաձայնվել նրա՝ «Նիկոլ Փաշինյանն իրավացի էր, ես սխալվեցի» խոսքերի հետ։ Բա «ամենաիմաստուն եւ ամենափորձառու պետական գործիչն» է ասել։ Թե՞ հրաժարականից  հինգ րոպե անց նրա խոսքերն արդեն որեւէ կշիռ չունեին։

  Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30